«Հրապարակ». Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, «Յուվենտուսը» գա տանի՞, արդար չէ
Fri, 02 Oct 2026 12:15:31 +0400
Նախօրեին պաշտոնապես բացվեց Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիան: Այն երկու մարզաբազա ունի, մեկը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Բացմանը մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, Ժաննա Անդրեասյանը, Տիգրան Ավինյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը, Իտալիայի չեմպիոն Ֆաբրիցիո Ռավանելլին եւ այլ հյուրեր։ Ակադեմիայի հիմնադիրն ԱԺ նախկին պատգամավոր, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Ռուբեն Սադոյանի որդին է` Ալֆրեդ Սադոյանը։
Ավանի մարզաբազան ունի մարզասրահ, բժշկական հետազոտությունների եւ վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, կացարան՝ նախատեսված մարզիչների եւ երեխաների համար, եւ այլ ենթակառուցվածքներ։ Ժաննա Անդրեասյանը բացման խոսքում ասել է. «Սա ֆուտբոլի զարգացման հիմնաքարն է։ Մեծ սպորտում նվաճումներ ունենալ չենք կարող, եթե հիմքը ճիշտ դրված չէ: Միջազգային փորձը մեր երկիր բերելը, ինչպես նաեւ միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը կարեւորագույն ռազմավարություններից են, որոնց ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու»։ Նախարարը նշել է, որ տաղանդավոր երեխաները, այդ թվում՝ մարզաբնակ, ակադեմիայում անվճար սովորելու հնարավորություն կունենան․ «Սա նշանակում է, որ մեր ապագա տաղանդավոր ֆուտբոլիստների համար այս ճանապարհը բաց է»։ Անդրադառնալով «Յուվենտուսի» ակադեմիաներում նախադպրոցական կրթության բաղադրիչին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքի մեթոդները կարող են օգտակար լինել նաեւ կրթության ոլորտում՝ նպաստելով երեխաների ֆիզիկական զարգացմանն ու սպորտային կրթությանը։ Նա նաեւ կարեւորել է սպորտում մասնավոր ներդրումների աճը եւ պետություն-մասնավոր գործընկերությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։
«Յուվենտուս» ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը բարձր է գնահատել Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներն ու ծրագրի իրականացման տեմպերը։ «Մենք հաճելիորեն զարմացած ենք՝ այստեղ բացելով այս հիանալի մարզաբազան։ Սա Հայաստանի ներկայացվածության, այստեղ կատարված մեծ աշխատանքի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարձրակարգ գործընկերության վկայությունն է։ «Յուվենտուսն» ամբողջ աշխարհում ունի շուրջ 100 ֆուտբոլային ակադեմիա, սակայն այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է։ Ընդամենը մեկ տարում նման ենթակառուցվածքի ստեղծումն անհավանական ձեռքբերում է։ Իսկ ամենակարեւորն այն է, որ 600-700 պատանի սաներ արդեն գրանցվել եւ սկսել են մարզվել «Յուվենտուսի» ակադեմիայում»,- ասել է Պետեր Սիլվերստոնը՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրում ներգրավված կողմերին։
«Յուվենտուս» ակումբի հայաստանյան ակադեմիայի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի մայիսի վերջին։ Արդեն պատրաստ է եւ գործում է երկու ժամանակակից մարզաբազա՝ Երեւանի Ավան եւ Կենտրոն վարչական շրջաններում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Ակադեմիայում սովորելն էժան չէ` ամսական 160 հազար դրամ պետք է վճարեն երեխաների ծնողները: Բայց արդեն տեղ չկա, իսկ ցանկացողների մեծ հերթ կա:
Ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի գործունեությանը, ասաց. «Այսինքն` ուրիշ ակումբներում էդ երեխեքը տարիներով սովորում են, դառնում են ֆուտբոլիստ, «Յուվենտուսն» էդ պատրաստի երեխեքին տանում է իր մոտ ու անունը դնում, որ գործը է անում: Եթե ակադեմիա ես, ի՞նչ գործ ունես, ասենք, 12 տարեկան երեխեքի հետ, 5-6 տարեկան երեխեքից մենակ սկսի՝ տար, ֆուտբոլիստ սարքի: Ուրիշ ակումբներում ֆուտբոլիստ սարքեն, դու տանե՞ս, դա արդար չէ: Էդ երեխեքը տարիներով ուրիշ ակումբներում են խաղացել: 12 տարեկան երեխեն պատկերացնո՞ւմ եք ինչքան ճանապարհ է անցել, դու ինչի՞ համար ես 12 տարեկան երեխուն տանում քեզ մոտ: 12 տարեկան ֆուտբոլիստը, որ ֆուտբոլիստ է դարձել այլ ֆուտբոլային ակումբում, վաղը ո՞նց պիտի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ համարվի: Էդ երեխեքին պիտի վերցնես, զրոյից սովորեցնես ֆուտբոլ խաղալ, եթե դու պատրաստի երեխեք ես հավաքում, էդ չեղավ արդեն ակադեմիա, դա բիզնես պրոյեկտ է: Մարզիչները 5-6 տարի չարչարվել են էդ երեխեքի վրա, ֆուտբոլիստ են սարքել, էսօր եկել տանում եք էդ երեխեքին: Եթե ակադեմիա ես, հարց չկա, դու քո երեխեքին զրոյից ֆուտբոլիստ սարքի: Պատրաստի ֆուտբոլիստ վերցնելով, ստացվում է՝ դու ոչ մի բան չես անում, բիզնես ծրագիր է ընդամենը: Մտածում են` խի չարչարվենք, երեխեքին ֆուտբոլ խաղալ սովորեցնենք, էն է՝ պատրաստի երեխեքին կտանենք մեզ մոտ, ինչ է եղել որ: Անունն էլ «Յուվենտուս» են դրել, 160 հազար դրամ վարձն է, բայց մարդիկ 160 հազար դրամ փող ամսվա մեջ չեն աշխատում, ես չգիտեմ՝ ոնց են էդ վարձերը տալու: Ուրիշ ակումբներում 20 հազար դրամ է ֆուտբոլի վարձը: 20 հազարը` որտեղ, 160 հազարը` որտեղ: Չգիտեմ էլ՝ ովքեր են ֆուտբոլի մարզիչները, մի խոսքով, լավ բան չեն անում, իհարկե, շատ ուրախալի է, որ նոր ակումբ են բացել, ես, անկեղծ, դրա համար շատ ուրախացա, բայց պետք է զրոյից աշխատել, ազնիվ չէ ուրիշ ակումբների երեխեքին տանելը»: