«Հրապարակ»․ Ցանկացած հայ պիտի այսօր հետախույզի նման ապրի՝ ինչ նկատում է զեկուցի

«Հրապարակ»․ Ցանկացած հայ պիտի այսօր հետախույզի նման ապրի՝ ինչ նկատում է զեկուցի

Sat, 03 Oct 2026 11:45:17 +0400


Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ իր երեք երեխաների ներկայությամբ: Շաքի գյուղի վարչական ղեկավար Մանուչարյանն ասում էր․ «Բռնեցին տարան իրավապահները, չեմ կրող ասել կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում»: Ավելի ուշ պատկերն ամբողջացավ՝ սեպտեմբերի 26-ին ադրբեջանցի զինված զինծառայողը փախել է իր զորամասից, Իշխանասարի հատվածում հատել հայ-ադրբեջանական պետական սահմանը, մի քանի օր զենքը ձեռքին թափառել այս տարածքներում։ ՀՀ ԱԱԾ-ն իբրեւ թե սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմից նման տեղեկություն է ստացել, բայց մինչեւ հոկտեմբերի 1-ը չի կարողացել հայտնաբերել դասալիքին եւ չի էլ զգուշացրել հայ ազգաբնակչությանը, որ զգույշ լինեն, օգնեն հայտնաբերելու զինված հրոսակին։ Սեպտեմբերի 30-ի գիշերը նա մտել է Շաքի գյուղ, բաց դուռ է տեսել՝ մտել մի տուն՝ օգտվելով բնակիչների բացակայությունից: Կերել, խմել հանգստացել։ Հաջորդ օրը տան անդամները եկել են ու նրան հայտնաբերել իրենց տանը. «Կինն ու 3 երեխաները տանը չեն գիշերել, դպրոցից հետո կինը երեխաների հետ տուն է վերադարձել, տեսել ադրբեջանցուն, աղմուկ բարձրացրել, ադրբեջանցին կրակել է կնոջ վրա։ Կինը կարողացել է ինքնապաշտպանության դիմել, դանակով հարված է հասցրել ադրբեջանցուն, որը փախել, թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերել են նրան»,- պատմել է գյուղացիներից մեկը։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևին, որն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, Քրեական օրենսգրքի հինգ հոդվածքով մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Բայց հայ հանրությունը երկու օր է շոկի մեջ է: Նիկոլ Փաշինյանը զօրուգիշեր խաղաղություն է խոստանում, պատրաստվում է հանուն «խաղաղասիրության» Հայաստանից տարածքներ նվիրել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ոչ իր ռազմատենչ քաղաքականությունն է փոխում, ոչ էլ ադրբեջանցիներն են իրենց ատելությունը զսպում հայ ժողովրդի հանդեպ: «Հրապարակը» զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ, գնդապետ, ԵԿՄ Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանի հետ:

– Ադրբեջանցի զինվորը հանգիստ, առանց որևէ խոչընդոտի մտնում է հայկական գյուղ, կրակում է անօգնական կնոջ ոտքին: Ձեր կարծիքով` սա ինչի՞ արդյունք է, ո՞ւմ թերացումն է, որ թշնամի պետության զինծառայողը կարողանում է դյուրին կերպով մեր տարածք ներխուժել և մահափորձ կատարել:

– Ճիշտն ասած ես էդ հարցով չեմ խորացել, ոչ էլ ուսումնասիրել եմ, ծառայողական քննությունը ամեն բան ցույց կտա, եկեք կյանքից առաջ չընկնենք: Ծառայողական քննությունը կպարզի` նեղե՞լ են ադրբեջանական կողմից՝ դրա համար է անցել սահմանը, թե՞ ինչ ա արել: Ես չեմ ուզում կյանքից առաջ ընկնեմ: Եկեք ավելորդ բաներ չասենք:

– Առաջ չանցնենք, բայց եթե ադրբեջանցի զինվորը մտնում է հայկական տարածք, ներխուժում է բնակելի տուն, կրակում է կնոջ վրա, դա նշանակում է, որ մեր դիրքերն ամուր չեն, պաշտպանված չեն:

– Դիրքերն ամուր են: Տենց բաներ լինելու են, էդքան շփման գիծ ունենք, դա լինելու ա: Ինչքան, որ սահման ունենք, էդքան էլ պրոբլեմներ կան, և իրենց կողմից, և մեր, բայց եկեք կյանքից առաջ չընկնենք, և սպասենք ծառայողական քննությունն իր գնահատականը տա:

– Պրոբլեմն այլ բան է, իսկ երբ թշնամի բանակի զինվորը մտնում է Սյունիքի մարզ, կրակում է անօգնական կնոջ վրա դա այլ բան է: Չե՞ք կարծում, որ սա սովորական պրոբլեմ չէ:

– Բանակը կասի դրա մասին:

– Դուք՝ որպես գնդապետ, զինվորական կենսագրություն ունեցող մարդ, չունե՞ք ասելիք:

– Էդ հատվածում, և տեսախցիկներ կան, և հսկողություն կա: Լեռնային պայմաններ են, որ հարթավայր լիներ, դա այլ հարց: Լեռնային պայմաններում կարան անցնեն սահմանը, ու ոչ մեկը ոչ մի բան չնկատի: Իրանց կողմից էլ մեր կողմից էլ….

– Այսինքն` այսուհետ լեռնային սահմաններում ադրբեջանցիները կարող են հանգիստ ներխուժել Հայաստան, և մարդկանց վրա կրակել: Նման բան առաջին անգամ ենք լսում:

– Մենք էլ կարանք անցնենք, ամեն ինչ անենք, դուրս գանք: Ամեն ինչ էլ կլինի:

– Բայց փաստացի մենք չենք անցնում, ադրբեջանական կողմն է հատում սահմանը:

– Դու կարող ա չես իմանում:

– Դուք ունե՞ք նման տեղեկություն, որ հայկական կողմից հատել են ադրբեջանական սահմանը:

– Մենք անցնենք, թե չանցնենք, դա ոչ իմ խնդիրն ա, ոչ էլ ուրիշի: Կան գաղտնի բաներ, որոնց մասին չենք կարող խոսել:

– Ադրբեջանցին ներխուժել է հայկական գյուղ, ինչո՞ւ գոնե մարդկանց տեղյակ չեն պահել, որպեսզի ուշադիր լինեն, զգոն լինեն:

– Լրիվ տեղյակ են պահել, գյուղ-քաղաք, բոլորն էլ իմացել են, տարբեր ծառայություններ իրենց խնդիրը կատարել են, և ճանապարհներին, և ամենուր:

– Այնքան «լավ» են կատարել, որ հասել է Շաքի ու անօգնական կնոջ վրա է հարձակվել, կրակել է նրա վրա: Մեզ գյուղից հայտնել են, որ մարդիկ, նույնիսկ վարչական ղեկավարը իրազեկված չի եղել:

– Գյուղերին էլ, բոլորին են ընդհանուր հայտարարել են, ցանկացած հայ պիտի այսօր իր առօրյան դասավորի ինչպես հետախույզը, ինչ նկատում են պիտի զեկուցեն: Ամեն ինչ էլ կլինի:

– Բայց նախքան Փաշինյանը իշխանության գալը մարդիկ հետախույզի դեր ստանձնելու կարիք չունեին: Ի դեպ` ադրբեջանցու արարքին ի՞նչ գնահատական կտաք: Սա ի՞նչ արարք է:

– Վատ գնահատական: Ադրբեջանցին մնում ա ադրբեջանցի: Ադրբեջանցին ոչ փոխվել է, ոչ էլ կփոխվի:

– Իսկ այս պայմաններում հնարավո՞ր է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ:

– Կլինի, ցավդ տանեմ, լրիվն էլ հո մի գաղափարի չեն: Ինչքան զինծառայող կա, ինչքան մարդ կա, էնքան էլ մոտեցում կա: Հո նենց չի, որ ադրբեջանցին լավ կյանքից ա փախել, ու անցել մեր կողմը: Հաստատ նեղել են, որ փախել ա մեր կողմը: Կարող է չփախներ, սատկեր էնտեղ էլ: Ամեն ինչ էլ կինի: Ընտանիքներում ոնց ա՝ տասը հոգի ապրում ա, տասն էլ տարբեր «խարակտերներ» ունեն, բանակ ա չէ՞: Մեր կողմից էլ, նրանց կողմից էլ վատն էլ կա, լավն էլ կա:

– Հիմա ինչպե՞ս պետք է վարվել այդ ադրբեջանցու հետ, որ ճիշտ լինի:

– Պիտի ուժեղ լինենք, պինդ լինենք, և պատմությունից դասեր քաղենք: Ադրբեջանցին չի փոխվել, չի էլ փոխվելու, մենք պիտի միասնական լինենք, ուժեղ բանակ ունենանք, իրար սիրենք ու հարգենք: Գաղտնիության ռեժիմը պահպանենք, մի քիչ դիվանագիտությունը ուժեղացնենք: Սրանք են մեր ապրելու պայմանները: Պիտի բոլորս լինենք սահմանապահ: Սյունիքի գյուղերը սահմանապահ են, պիտի զգոն լինեն, ինչ տեսնում են, արագ պիտի բանակին, ոստիկանությանը տեղեկացնեն:

– Նման դեպքեր կհիշե՞ք, երբ ազերիները Հայաստան են ներխուժել:

– Քելբաջարում եղել է նման դեպք:

– Իսկ Հայաստանի բուն տարածքում, Սյունիքում:

– Էս վերջերս` մի քանի տարի առաջ երկու զինծառայող էին անցել` Նախիջևանից: Բայց տենց չեմ հիշում: Ես կարծում եմ, որ էդ ադրբեջանցուն պիտի դատեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով Sat, 03 Oct 2026 13:05:47 +0400 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Երեւանյան գիտաժողովում նաեւ ադրբեջանցի Գյունել Ալասգարովայի զեկուցումն է ներկայացվել

«Հրապարակ»․ Երեւանյան գիտաժողովում նաեւ ադրբեջանցի Գյունել Ալասգարովայի զեկուցումն է ներկայացվել Sat, 03 Oct 2026 12:45:40…

36 րոպե ago

Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը

Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը Sat, 03 Oct 2026 12:30:58 +0400…

51 րոպե ago

Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորին

Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորին Sat, 03 Oct 2026 12:15:23 +0400 Ադրբեջանում շարունակում են…

1 ժամ ago

1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար

1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Sat, 03 Oct 2026 12:08:10…

1 ժամ ago

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք

Ոչ մի քրեական գործ չի կոտրի վանաձորցիների կամքը․ «Հայաստան» դաշինք Sat, 03 Oct 2026 11:57:50…

1 ժամ ago