Սահմանամերձ գյուղի ղեկավարն ասում է` գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի

Սահմանամերձ գյուղի ղեկավարն ասում է` գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի

Sat, 03 Oct 2026 16:41:23 +0400


Հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաքի գյուղ մուտք գործած ադրբեջանցի զինծառայողը կրակել էր 39-ամյա կին բնակչի ոտքին, իր երեք երեխաների ներկայությամբ, նրանցից երկուսը եւս մարմնական վնասվածքներ են ստացել։ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ադրբեջանցի Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել եւ 5 հոդվածով մեղադրանք առաջադրվել։

Ադրբեջանի իրավապահ կառույցների փոխանցմամբ՝ Նասիմ Մուսաևն անհետացել է սեպտեմբերի 26-ին: Արդյո՞ք նա հենց այդ օրն է ներթափանցել Հայաստանի տարածք և 5 օր շարունակ գտնվել այստեղ, հստակ չէ։ Հայաստանի իրավապահներն ադրբեջանցուն հայտնաբերել են միայն հանցագործություն կատարելուց հետո` գյուղից ստացված ահազանգով։

Հայ հասարակությունն այս օրերին քննարկում է ադրբեջանցու հանդեպ քայլերի հավանականությունը եւ հիշում են, թե ինչպես են նախկինում սահմանն ապօրինի հատած և հանցանք գործած ադրբեջանցիները արտահանձնվել Ադրբեջանին, անգամ առանց մեր գերիների հետ փոխանակման։ Մարդիկ այս օրերին մտահոգություն են հայտնում, որ ադրբեջանցու Հայաստան ներխուժման, և անօգնական կնոջ վրա կրակելու հանգամանքը վտանգավոր նախադեպ է: «Հրապարակը» զրուցել է Շաքիի հարևան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանի հետ:

– Ադրբեջանցու ներխուժումից հետո Անգեղակոթում ի՞նչ տրամադրություններ են: Գյուղացիները ի՞նչ են մտածում կատարվածի մասին:

– Մարդիկ այդ փաստը շատ վատ են ընդունել, շատ բարկացած են, բայց դե ունենք այն, ինչ ունենք:

– Ադրբեջանցի զինված տղամարդը կրակել է անօգնական կնոջ ոտքին: Հանցագործը անակնկալի է բերել հայ ընտանիքին: Այս ամենից հետո սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պաշտպանվելու համար: Փաստորեն մեր իրավապահները ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդին:

-Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում:

– Իսկ եթե զինված թշնամիները նաև շան վրա կրակեն: Շուն պահելը բավակա՞ն է թշնամուց պաշտպանվելու համար:

– Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան: Համ էլ ադրբեջանցին հո չի իմացել, որ էդ տանը, որտեղ ներխուժել ա մարդիկ են ապրում: Տեսել ա էդ տան դուռն ա բաց, ըտեղ ա մտել:

– Իսկ ինչպե՞ս է հնարավոր հատել սահմանը, 15-20 կիլոմետր խորանալ ու աննկատ մնալ:

– Սարեր ա լրիվ: Ինչ կարգի էլ, որ զգոն լինես, տարբեր խնդիրներ կան: Մառախուղ ա, հազար ու մի հարց: Փոսեր կան, զինվորը ուշ ժամերին կարա էդ փոսերով գա մտնի հայկական սահման: Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու:

– Այդ ադրբեջանցի զինվորը մի քանի օր շարունակ կարողացել է հայաստանյան իրավապահներին մատների վրա խաղացնել, մինչև որ ի վերջո կրակել է հայ կնոջ վրա ու նոր բռնվել: Ինչպե՞ս է դա հնարավոր: Թաքնվելու շա՞տ տեղեր կան ձեզ մոտ:

– Իրավապահները մի քանի օր թռչող սարքերով, «ռազվեդչիկներով» լավ սանրել են տարածքը, բայց ոչ մի հետք չեն գտել, մտածել են Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում: Ես կարծում եմ, որ Շաքի գյուղը հատուկ չի ընտրել, ուղղակի դա է մոտ եղել, չնայած Շաքիից վերև ուրիշ ավելի մոտիկ գյուղ էլ կա: Միգուցե դրա տեղը չի իմացել: Կամ էնտեղ փակ դուռ չի գտել: Սահմանամերձ գյուղերում պետք ա բոլորը շուն պահեն: Վախենալ պետք չի ամեն դեպքում: Կարա ադրբեջանցի չլինի, ուրիշ խուլիգան լինի, պետք ա զգոն լինել միշտ: Դռները փակ պահել ու շուն պահել:

– Իսկ ի՞նչ կասեք այն պնդումների մասին, որ Ադրբեջանի հետ վերջապես խաղաղություն է հաստատել Հայաստանը, և ադրբեջանցի զինվորի արարքը կապ չունի Ադրբեջանի վարած քաղաքականության հետ:

– Ամեն դեպքում մի հատ թուրքի լակոտի պատճառով չի կարելի հարաբերություններ փչացնել, մանավանդ, որ հիմա էն տարբերակն ա գնում, որ ուզում են խաղաղություն հաստատել: Մի հատ լակոտ փախել, եկել ա, հո չենք սարքելու քաղաքական հարց ու կապենք միջազգային հարցերի հետ: Թե չէ մեր բանակը ինչ անի: Մեր զինվորներն էլ որ ուզեն, Ադրբեջանի սահման կանցնեն: Էդ լակոտը անիմաստ իր կյանքը վտանգեց:

– Նման դեպքեր հիշո՞ւմ եք, որ ադրբեջանցի ներխուժեր ՀՀ տարածք:

– Ես սա ներխուժում չեմ էլ համարում: Մի հատ լակոտ մի բան ա արել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել

Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել Sat, 03 Oct 2026 18:02:08 +0400 «Հիդրոօդերևութաբանության…

17 րոպե ago

Ադրբեջանցի զինվորի Հայաստան մտնելը՝ պատերազմի սադրա՞նք

Ադրբեջանցի զինվորի Հայաստան մտնելը՝ պատերազմի սադրա՞նք Sat, 03 Oct 2026 17:45:41 +0400 Սյունիքի մարզի Սիսիան…

33 րոպե ago

Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»

Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով» Sat, 03 Oct 2026 17:30:14…

49 րոպե ago

Ժողովուրդն ավելի խոր ընկղմվեց կեղծ խաղաղության ու իրական պատերազմի հորձանուտը

Ժողովուրդն ավելի խոր ընկղմվեց կեղծ խաղաղության ու իրական պատերազմի հորձանուտը Sat, 03 Oct 2026 17:15:29…

1 ժամ ago

Վառելիքային ճգնաժամը խորանում է․ ԵՄ-ում անհանգիստ են

Վառելիքային ճգնաժամը խորանում է․ ԵՄ-ում անհանգիստ են Sat, 03 Oct 2026 17:00:24 +0400 ԵՄ անդամ…

1 ժամ ago

Բռնությունը կանանց նկատմամբ միայն ընտանիքում չէ

Բռնությունը կանանց նկատմամբ միայն ընտանիքում չէ Sat, 03 Oct 2026 16:30:49 +0400 Latest news from…

2 ժամ ago