Շաբաթ , 3 Հոկտեմբերի 2026

Սահմանամերձ գյուղի ղեկավարն ասում է` գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի

Սահմանամերձ գյուղի ղեկավարն ասում է` գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի

Sat, 03 Oct 2026 16:41:23 +0400


Հոկտեմբերի 1-ին, Սյունիքի մարզի Շաքի գյուղ մուտք գործած ադրբեջանցի զինծառայողը կրակել էր 39-ամյա կին բնակչի ոտքին, իր երեք երեխաների ներկայությամբ, նրանցից երկուսը եւս մարմնական վնասվածքներ են ստացել։ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ադրբեջանցի Նասիմ Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ երկամսյա կալանք է կիրառվել եւ 5 հոդվածով մեղադրանք առաջադրվել։

Ադրբեջանի իրավապահ կառույցների փոխանցմամբ՝ Նասիմ Մուսաևն անհետացել է սեպտեմբերի 26-ին: Արդյո՞ք նա հենց այդ օրն է ներթափանցել Հայաստանի տարածք և 5 օր շարունակ գտնվել այստեղ, հստակ չէ։ Հայաստանի իրավապահներն ադրբեջանցուն հայտնաբերել են միայն հանցագործություն կատարելուց հետո` գյուղից ստացված ահազանգով։

Հայ հասարակությունն այս օրերին քննարկում է ադրբեջանցու հանդեպ քայլերի հավանականությունը եւ հիշում են, թե ինչպես են նախկինում սահմանն ապօրինի հատած և հանցանք գործած ադրբեջանցիները արտահանձնվել Ադրբեջանին, անգամ առանց մեր գերիների հետ փոխանակման։ Մարդիկ այս օրերին մտահոգություն են հայտնում, որ ադրբեջանցու Հայաստան ներխուժման, և անօգնական կնոջ վրա կրակելու հանգամանքը վտանգավոր նախադեպ է: «Հրապարակը» զրուցել է Շաքիի հարևան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանի հետ:

– Ադրբեջանցու ներխուժումից հետո Անգեղակոթում ի՞նչ տրամադրություններ են: Գյուղացիները ի՞նչ են մտածում կատարվածի մասին:

– Մարդիկ այդ փաստը շատ վատ են ընդունել, շատ բարկացած են, բայց դե ունենք այն, ինչ ունենք:

– Ադրբեջանցի զինված տղամարդը կրակել է անօգնական կնոջ ոտքին: Հանցագործը անակնկալի է բերել հայ ընտանիքին: Այս ամենից հետո սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պաշտպանվելու համար: Փաստորեն մեր իրավապահները ի վիճակի չեն պաշտպանել մեր ժողովրդին:

-Մարդիկ պետք է միշտ զգոն լինեն: Առհասարակ առօրյա կյանքում էլ պիտի զգոն լինեն ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ պետք ա համատարած շուն պահեն տներում:

– Իսկ եթե զինված թշնամիները նաև շան վրա կրակեն: Շուն պահելը բավակա՞ն է թշնամուց պաշտպանվելու համար:

– Որ շանը կրակեն գոնե ձենը կլսվի, մարդիկ կիմանան: Համ էլ ադրբեջանցին հո չի իմացել, որ էդ տանը, որտեղ ներխուժել ա մարդիկ են ապրում: Տեսել ա էդ տան դուռն ա բաց, ըտեղ ա մտել:

– Իսկ ինչպե՞ս է հնարավոր հատել սահմանը, 15-20 կիլոմետր խորանալ ու աննկատ մնալ:

– Սարեր ա լրիվ: Ինչ կարգի էլ, որ զգոն լինես, տարբեր խնդիրներ կան: Մառախուղ ա, հազար ու մի հարց: Փոսեր կան, զինվորը ուշ ժամերին կարա էդ փոսերով գա մտնի հայկական սահման: Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու:

– Այդ ադրբեջանցի զինվորը մի քանի օր շարունակ կարողացել է հայաստանյան իրավապահներին մատների վրա խաղացնել, մինչև որ ի վերջո կրակել է հայ կնոջ վրա ու նոր բռնվել: Ինչպե՞ս է դա հնարավոր: Թաքնվելու շա՞տ տեղեր կան ձեզ մոտ:

– Իրավապահները մի քանի օր թռչող սարքերով, «ռազվեդչիկներով» լավ սանրել են տարածքը, բայց ոչ մի հետք չեն գտել, մտածել են Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում: Ես կարծում եմ, որ Շաքի գյուղը հատուկ չի ընտրել, ուղղակի դա է մոտ եղել, չնայած Շաքիից վերև ուրիշ ավելի մոտիկ գյուղ էլ կա: Միգուցե դրա տեղը չի իմացել: Կամ էնտեղ փակ դուռ չի գտել: Սահմանամերձ գյուղերում պետք ա բոլորը շուն պահեն: Վախենալ պետք չի ամեն դեպքում: Կարա ադրբեջանցի չլինի, ուրիշ խուլիգան լինի, պետք ա զգոն լինել միշտ: Դռները փակ պահել ու շուն պահել:

– Իսկ ի՞նչ կասեք այն պնդումների մասին, որ Ադրբեջանի հետ վերջապես խաղաղություն է հաստատել Հայաստանը, և ադրբեջանցի զինվորի արարքը կապ չունի Ադրբեջանի վարած քաղաքականության հետ:

– Ամեն դեպքում մի հատ թուրքի լակոտի պատճառով չի կարելի հարաբերություններ փչացնել, մանավանդ, որ հիմա էն տարբերակն ա գնում, որ ուզում են խաղաղություն հաստատել: Մի հատ լակոտ փախել, եկել ա, հո չենք սարքելու քաղաքական հարց ու կապենք միջազգային հարցերի հետ: Թե չէ մեր բանակը ինչ անի: Մեր զինվորներն էլ որ ուզեն, Ադրբեջանի սահման կանցնեն: Էդ լակոտը անիմաստ իր կյանքը վտանգեց:

– Նման դեպքեր հիշո՞ւմ եք, որ ադրբեջանցի ներխուժեր ՀՀ տարածք:

– Ես սա ներխուժում չեմ էլ համարում: Մի հատ լակոտ մի բան ա արել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջանի մասին ասաց ինչ մտածում է

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջանի մասին ասաց ինչ մտածում է Sat, 03 Oct 2026 11:30:45 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով