Ադրբեջանցի զինվորի Հայաստան մտնելը՝ պատերազմի սադրա՞նք
Sat, 03 Oct 2026 17:45:41 +0400
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում հայ կնոջ ու նրա երեք անչափահաս երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորին երկու ամսով կալանավորել են: Հանրության շրջանում ակտիվ քննարկումների առարկա է դարձել այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականի՝ Հայաստանում գտնվելու մասին հայտնի է դարձել միայն այն բանից հետո, երբ նա մի քանի օր թափառել է ՀՀ տարածքում, ապա իր մոտ եղած ավտոմատով կրակահերթ է բացել հայ կնոջ ու նրա երեխաների ուղղությամբ: ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ դեռ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունն իրենց տեղեկացրել էր, որ իրենց բանակից զինվոր է փախել ու սահմանն անցել: Այսինքն, տեղեկացված են եղել, որ Հայաստանի տարածքում արդեն քանի օր է զինված ադրբեջանցի զինվորական է շրջում: Իհարկե, այստեղ մի շարք հարցեր են առաջանում, թե այն մասին, որ սահմանները պատշաճ չեն վերահսկվում, թե ԱԱԾ-ն իր գործառույթները չի իրականացնում, և անվտանգային լուրջ սպառնալիքներ կան:
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ ադրբեջանցի զինվորականը զորամասից փախուստի է դիմել ու փորձել է հայկական բանկելի տարածքներում պատսպարվել, սակայն իրեն զարմացնում է այն հանգամանքը, որ վերջինս կարողացել է ներթափանցել մեր տարածք՝ 15-20 կմ խորությամբ:
«Ես 30 տարվա մեջ չեմ տեսել, որ դիվերսիան 15-20 կմ խորությամբ ներթափանցի հայկական տարածք: Չեմ բացառում, որ դիվերսիոն խումբ էլ եղած լինի, այս մեկը ճանապարհից շեղված լինի: Դիվերսիոն խումբը սկսում է 5-6 հոգուց: Բայց բանակն այնքան բարձիթողի վիճակում է, որ հակառակորդը երբ ուզում մտնում է, դա խոսում է բանակի վատ վիճակի, բանակում բարդակ լինելու մասին է վկայում»,-ասաց Մախսուդյանը:
Ադրբեջանական կողմն է մեր կողմին տեղեկացնում, որ մեր տարածքում քանի օր է զինված ադրբեջանցի զինվորական է պտտվում, սա նշանակում է, որ մեր սահմանները պատշաճ չե՞ն վերահսկվում: Զինվորականը կարծում է, որ մարտական դիրքերի միջև հեռավորություններն այնքան մեծ են, որ դիրքեր ունենք, հակառակորդը կարող է անցնել՝ չնկատեն:
«Երբևիցե չի եղել, որ հակառակորդը 15-20 կմ խորությամբ ներթափանցեր Հայաստանի տարածք: Այն, ինչ ասում են` խաղաղություն է, խաղաղությունը եկել, տեղ է հասել, տեսնում ենք, որ հակառակորդի, թուրքի հետ երբևիցե խաղաղություն չենք կարող ունենալ: Հակառակորդը կյանքում մեզ հետ խաղաղության չի գնալու, թուրքը մնում է թուրք, նա չի կարող փոխվել իր բնավորությամբ: Ծիրանի ծառը չի կարող խնձորի բերք տալ, թուրքն էլ չի կարող երբևիցե խաղաղ լինել»,-ասաց Մախսուդյանը:
Պահեստազորի գնդապետը չի բացառում, որ այս միջադեպը կարող է ծրագրված սադրանք լինել Ադրբեջանի կողմից՝ պատերազմ հրահրելու համար:
«Չեմ բացառում նաև այս տարբերակը, այն, որ զորավարժություն է անցկացնում՝ դա էլ պատահական չի: Այս զինվորի անցումը Հայաստան ևս կարող է պատահական չլինի, օրինակ, փորձեն հրահրել պատերազմ, պրովոկացիա` Սյունիքի մասով գործողությունների դիմելու համար: Նման բաներ կարող են լինել, մեծ է հավանականությունը: Իրենք միջանցքի հարցը չեն կարողանում լուծել՝ ռուսը դեմ է, փորձեն պատերազմով լուծել այդ հարցը, իսկ Հայաստանի իշխանությունները զբաղված են համերգներով, խնջույքներով, քեֆերով»,- շեշտեց պահեստազորի գնդապետը:
Մախսուդյանը հավելեց, որ ադրբեջանցի այս զինվորականին Բաքու պետք է ուղարկեն միայն մեկ պարագայում՝ նրան պետք է փոխանակեն Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ: Եթե վերջինիս ուղարկեն Արդբեջան, ու դիմացը մեր գերիներին հետ չպահանջեն, նշանակում է, որ այս իշխանությունները Ադրբեջանի կամակատարներն են՝ եզրափակեց Միհրան Մախսուդյանը: