Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախաճաշերով»
Sat, 03 Oct 2026 17:30:14 +0400
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Չի կարելի թույլ տալ, որ «Շաքին» փոխարինվի տարաբնույթ «Աղոթքների նախճաշերով»․
Չի կարելի արագ մոռանալ Շաքիի «դեպքը» և իշխանությանը դուրս թողնել խորը վերահսկողության ու պատասխանատվության դաշտից՝ նորից տրվելով նրա թելադրած հերթական նարատիվներին ու օրակարգերին։ Այսօր դա կարող է լինել «աղոթքի նախաճաշը», վաղը՝ մեկ այլ թեմա։ Բայց Շաքին պետք է մնա հանրային ու քաղաքական ուշադրության կենտրոնում այնքան ժամանակ, մինչև պարզ դառնա ոչ միայն կատարվածը, այլև պետության չարածի քաղաքական ամբողջ պատկերը։
Շաքին մեկ ադրբեջանցի զինծառայողի պատմություն չէ։ Այն պետական կարողության թեստ էր, որի վերջում ունենք ամենադաժան արդյունքը՝ զինված ադրբեջանցի զինծառայող, հայկական գյուղ, ընտանիքի տուն, մայր, երեխաներ և կրակոց։ Կառույցները կան, լիազորությունները կան, պաշտոնյաները կան, հաղորդագրությունները կան, ամենը կա, բայց չկա արդյունքը՝ պաշտպանված մարդը։
Անվտանգային համակարգը հենց նրա համար է համակարգ, որ մի օղակի բացթողումը կարողանա փակել մյուսը։ Սահմանին չկանգնեցված վտանգը պետք է հայտնաբերվի երկրի ներսում, ստացված տեղեկությունը պետք է վերածվի սպառնալիքի գնահատման, գնահատումը՝ համադրված գործողության, իսկ գործողությունը՝ պաշտպանության։ Շաքիում այդ շղթայի վերջում եղել է ոչ թե չեզոքացված վտանգը, այլ սեփական տանը զինված ադրբեջանցի զինծառայողի հանդիպած, պատանդառված և գնդակահարված ընտանիքը։
Առավել ծանր է այն, որ ենթադրենք, թե պետությունը, իր իսկ պաշտոնական վարկածով, հնարավոր վտանգի մասին նախապես տեղեկացված է եղել։ Ուրեմն այստեղ խոսքը միայն սահմանային վերահսկողության մասին չէ։ Խոսքը նախապես հայտնի հնարավոր սպառնալիքը կառավարելու պետական կարողության մասին է։ Տեղեկությունը եղել է, որոնումը, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է, բայց վերջնական արդյունքը եղել է կրակոց հայկական ընտանիքի տանը։
Այստեղ է հիմնական քաղաքական չափանիշը․ անվտանգության ապահովմամբ իսկապես մտահոգ պետությունը նախապես ստացված տեղեկությունը կվերածեր իրական պաշտպանական կարողության, կաշխատեր վատագույն սցենարի հաշվարկով, վտանգի հնարավոր գոտում կբարձրացներ պաշտպանվածության մակարդակը և քաղաքացուն չէր թողնի որպես անվտանգության վերջին օղակ։
Մեզ մոտ ստացվեց հակառակ հերթականությունը՝ նախ վտանգը հասավ մորն ու երեխաներին, հետո պետությունը սկսեց հանրությանը պատմել, թե մինչ այդ ինչ գիտեր այդ վտանգի մասին, իսկ վերջին ակորդը «ֆեստիվառային» քաղաքականության պատանդ գյուղապետի գնահատականներն էին:
Սա այլևս պարզապես վատ հաղորդակցություն չէ։ Սա կառավարման մտածողության խնդիր է։ Օպերատիվ գաղտնիությունն անհրաժեշտություն է, բայց օպերատիվ գաղտնիությունն ու անվտանգային լռությունը նույն բանը չեն։ Երբ պետությունը գիտի հնարավոր զինված ներթափանցման մասին, հանրությունը դրա մասին տեղեկանում է արդեն վտանգի իրացումից հետո, այն էլ ոչ պետական խողովակներով, իսկ պետական բացատրությունը գալիս է որպես կատարվածի մեկնաբանություն, առաջանում է շատ ավելի խոր խնդիր՝ անվտանգության ապահովման փոխարեն պետության համար փաստորեն ավելի կարևոր է բացակայող անվտանգության տեղեկատվական կառավարումը։
Եվ հենց այստեղ է Շաքին միանում այն բանաձևին, որով բնութագրվում է այս կառավարման քաղաքական տրամաբանությունը՝ «ֆեստիվառ»՝ անվտանգության փոխարեն, պոպուլիզմ՝ գիտահեն կառավարման փոխարեն։
«Ֆեստիվառը» այստեղ պարզապես հեգնական բառ չէ։ Դա կառավարման մտածողություն է՝ իրականությունը փոխելու փոխարեն կառավարել դրա հանրային ընկալումը, պետական կարողության պակասը փոխհատուցել լավատեսական պատմությամբ, իսկ քաղաքական արդյունավետությունը չափել հասարակության տրամադրությունները կառավարելու կարողությամբ։
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, Հանրայինով Թաթայի համերգ ցուցադրելը, որը կարելի էր համարել ընդամենը խայտառակ խմբագրական որոշում իրականում հանրային ուշադրության և զգացմունքների թեստ էր, բայց հասարակության արձագանքը շատ ավելի կարևոր բան ցույց տվեց՝ մարդիկ մերժեցին իրենց առաջարկված «ֆեստիվառային» իրականությունը։
Շաքիում նույն մտածողությունն արդեն հեռուստաեթերի մասին չէ։ Այստեղ դրա գինը անվտանգությունն է։
Երբ «խաղաղության» մասին խոսքը արտաքին քաղաքական նպատակից աստիճանաբար վերածվում է նաև հասարակության հոգեբանական վիճակը կառավարելու միջոցի, իշխանության համար առաջանում է վտանգավոր գայթակղություն՝ անվտանգ լինելու փոխարեն գերակայություն տալ անվտանգ զգալուն։ Բայց բարձր տրամադրությունը սահման չի պաշտպանում, տոնական եթերը վտանգ չի չեզոքացնում, «խաղաղություն» բառի ամենօրյա կրկնությունը պետական կարողություն չի ստեղծում, սահմանը PR չի կարդում, զինված ադրբեջանցին քարոզչական տրամադրությանը չի ենթարկվում։
Հենց այստեղ է ավարտվում «ֆեստիվառը» և սկսվում պետությունը։
Առանձին ու շատ լուրջ խնդիր է ադրբեջանական նախազգուշացման պատմությունը։ Ես չեմ պնդում, որ այն չի եղել։ Բայց դրա ամբողջական ներկայացման նկատմամբ լուրջ վերապահում ունենալու քաղաքական հիմք կա, որովհետև այդ դրվագը չափազանց հարմար հնարավորություն է ստեղծում Ադրբեջանի քաղաքական դեմքը փրկելու համար։
Առանց այդ դրվագի քաղաքական պատկերը պարզ է՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը զենքով հայտնվել է Հայաստանի տարածքում, հասել հայկական բնակավայր և կրակել խաղաղ բնակչի վրա։ Նախազգուշացման դրվագը փոխում է պատմության քաղաքական շրջանակը․ Ադրբեջանն այլևս միայն այն պետությունը չէ, որի զինված զինծառայողը ներթափանցել է Հայաստան, այն միաժամանակ ներկայանում է որպես Հայաստանին նախազգուշացրած և համագործակցած կողմ։ Փաստը չի փոխվում, փոխվում է փաստի քաղաքական մատուցումը։
Զինված ներթափանցման կողքին կառուցվում է երկու երկրների ծառայությունների «համագործակցության» պատմություն, որը Բաքվին հնարավորություն է տալիս մեղմել միջադեպի քաղաքական գինը և այն ներկայացնել որպես մեկ զինծառայողի արարք, այլ ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների համար ծանր անվտանգային միջադեպ։
Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ այս կառուցվածքը քաղաքականապես հարմար է ոչ միայն Բաքվին, այն հարմար է նաև Երևանին։ Բաքուն հնարավորություն է ստանում փրկելու իր քաղաքական դեմքը, Փաշինյանի իշխանությունը՝ իր «խաղաղության» պատկերը։ Զինված ներթափանցումը տեղավորվում է հանգստացնող՝ «տեղեկացրել են, փնտրել ենք, գտել ենք» պատմության մեջ, որից հետո արդեն կարելի է փորձել հնարավորինս արագ փոխել անվտանգային օրակարգը և շարունակել «ապանյարդայինացման» օրակարգը:
Հետևաբար ադրբեջանական նախազգուշացման պատմությունը պետք է ստանա ոչ այնքան օպերատիվ մանրամասների հրապարակային քննություն, որքան քաղաքական ու ինստիտուցիոնալ ամբողջական գնահատական։ Հասարակությունը պետք է հասկանա՝ նախապես հայտնի սպառնալիքի պայմաններում որքանով է աշխատել Հայաստանի անվտանգության համակարգը, ի՞նչ պաշտպանական արդյունք է տվել այդ տեղեկությունը և ինչ պատասխանատվություն է ենթադրում այն փաստը, որ վերջնական արդյունքում վտանգը հասել է հայկական ընտանիքի տուն։ Ոչ թե որովհետև նախապես հայտարարում ենք պաշտոնական վարկածը կեղծ, այլ որովհետև այդ վարկածը միաժամանակ քաղաքական խնդիր է լուծում և՛ Բաքվի, և՛ Երևանի համար։
Իսկ իշխանության համար այստեղ երկու տարբերակն էլ ծանր են։ Եթե ներկայացված պատմությունն ամբողջական չէ, գործ ունենք պաշտոնական տեղեկատվության արժանահավատության խնդրի հետ, եթե այն ամբողջությամբ ճիշտ է, վիճակն ավելի ծանր է՝ Հայաստանը նախապես տեղեկացված է եղել հնարավոր զինված ներթափանցման մասին և այդ տեղեկությամբ հանդերձ չի կարողացել կանխել, որ զինված ադրբեջանցի զինծառայողը հասնի հայկական ընտանիքի տուն և կրակի մոր վրա։
Հետևաբար մեկ զինծառայողի կալանքով այս պատմությունը փակել չի կարելի։ Նրա քրեական պատասխանատվությունը մի հարց է, Հայաստանի պետական համակարգի պատասխանատվությունը՝ մեկ այլ։ Քաղաքական գնահատման առարկան պետք է լինի ամբողջ անվտանգային շղթայի գործունակությունը՝ սպառնալիքի գնահատումից մինչև պետական կառույցների փոխգործակցությունը, բնակչության պաշտպանվածությունն ու ղեկավար օղակների պատասխանատվությունը։ Իսկ այդ համակարգի պատրաստվածության և գործունակության քաղաքական պատասխանատվությունը կրում է կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հենց դրա համար էլ Շաքին չի կարելի արագ մոռանալ։ Չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը հերթական նոր թեմայով հանրությանը դուրս բերի այս պատմությունից, իսկ մենք մի քանի օր անց արդեն քննարկենք նրա թելադրած հաջորդ օրակարգը։ Այսօր՝ «աղոթքի նախաճաշ», վաղը՝ մեկ այլ «ֆեստիվառ», մեխանիզմը նույնն է՝ փոխել թեման ավելի արագ, քան կհասցնի ձևավորվել պատասխանատվության հանրային պահանջը։
Քաղաքական ընդդիմության, մեդիայի և հանրության խնդիրը հիմա իշխանությանը Շաքիի թեմայով վերահսկողության և պատասխանատվության դաշտում պահելն է, մինչև պետական համակարգի գործողություններն ու բացթողումները ստանան ամբողջական քաղաքական գնահատական։
Ամենավտանգավորը միայն այն չէ, որ զինված ադրբեջանցի զինծառայողը հասել է հայկական ընտանիքի տուն։ Ամենավտանգավորը կլինի, եթե դրանից մի քանի օր անց իշխանությանը հաջողվի մեզ վերադարձնել հերթական «ֆեստիվառ»՝ այնպես, կարծես այդ տունը, այդ մայրը, այդ երեխաներն ու այդ կրակոցը չեն եղել։
Օրակարգը կարելի է փոխել, պատասխանատվությունը՝ ոչ, տրամադրությունը կարելի է կառավարել, իրականությունը՝ ոչ, քարոզչությամբ կարելի է ստեղծել անվտանգության զգացողություն, բայց ոչ անվտանգություն։ Հենց սրանով է «ֆեստիվառապետությունը» տարբերվում Հանրապետությունից։ Հենց սրանով է իր պետության համար պատասխանատու հանրությունը տարբերվում «ֆեստիվառների» բերման ենթարկված վարչական ռեսուրսից»։