Պետք է պաշտոնանկություններ լինեն
Mon, 05 Oct 2026 21:28:44 +0400
Շաքի գյուղի միջադեպը ցնցել է մեր հանրությանը, մենք խնդրեցինք ոստիկանության գեներալ, մայոր, նախկին պատգամավոր Գագիկ Համբարձումյանին՝ ներկայացնել, թե ինչ պետք է անեին իրավապահները, որ չեն արել. «Ցավալի է, բայց փաստ է, որ մի փախած ադրբեջանցի կարողացել է մի քանի օր մեր իրավապահներից թաքնվել: Սա բնագավառի պատասխանատուների մեծ թերացումն է: Պատասխանատուները, ինչպես միշտ, թերանում են: Ես վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր հանգամանքների վերաբերյալ կան համապատասխան ինստրուկցիաներ, հրահանգներ կատարելու հետ կապված հարցեր եւ այլն: Պետք է միջոցառումներ նախատեսեին եւ բռնեին հանցագործին: Այդքան բան: Բայց դա չեն կարողացել անել: Ես ոչ թե կարծիք եմ հայտնում, այլ ակնհայտ փաստերն եմ ասում` այն, ինչ կա: ԱԱԾ-ն, Ոստիկանությունը պարտավոր էին գործ անել, բայց հիմա էս է: Կարելի է ամեն բան ասել, ասում են` սարերի միջով է եկել` տրամաբանական է, բայց կարելի էր կանխել: Մեզ՝ որպես հասարակության, ինֆորմացիա չեն փոխանցում: Ոչինչ չենք իմանում` ոնց մտան մեր սահման, ոնց դուրս եկան: Իրավապահները դարձել են քաղաքական պատվեր կատարողներ, որպես կանոն, նման դեպքերում լինում են պաշտոնանկություններ, հիմա էլ պետք է լինեն»: