Այս իշխանության օրոք Սյունիքի մարզում բնակչությունը 20 հազարով նվազել է
Tue, 06 Oct 2026 18:19:10 +0400
ԱԺ հայտարարությունների ժամին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանն անդրադարձել է Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի կողմից պետական սահմանը հատելու դեպքին՝ իշխանություններին մեղադրելով Հայաստանի սահմանների և քաղաքացիների անվտանգության պատշաճ պաշտպանությունը չապահովելու մեջ։
Պատգամավորի խոսքով՝ սա Սյունիքում նմանատիպ առաջին դեպքը չէ։ Նա հիշեցրել է նաև տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ԶՊՄԿ-ի պահնորդ էր սպանվել։
Յոլյանի գնահատմամբ՝ նման դեպքերը պետք է լուրջ ազդակ լինեին իշխանությունների համար՝ առավել արդյունավետ իրականացնելու իրենց հիմնական գործառույթներից մեկը՝ ապահովելու երկրի սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքացիների անվտանգությունը։
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հարց է բարձրացրել, թե ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանցին, անցնելով սարերով ու ձորերով, հասնի հայկական բնակավայր, առանց ճանապարհին որևէ պետական կառույցի կամ պատասխանատու անձի հանդիպելու։
«Եթե պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցի դասալիքը կարողացել է անարգել հասնել մինչև մեր բնակավայրերը, ապա ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ գործ ունենանք դիվերսիայի հետ»,- նշել է նա։
Յոլյանը նաև հարցադրում է արել, թե ինչպես կարող էր նման իրավիճակ ստեղծվել այն պայմաններում, երբ Սյունիքի գյուղական համայնքներում այս շրջանում պետք է ակտիվորեն իրականացվեին գյուղատնտեսական աշխատանքներ։
Նրա խոսքով՝ մարզում, միաժամանակ, բավարար պետական աջակցություն չի ցուցաբերվում գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությանը։ Պատգամավորը նշել է, որ ստեղծվում է տպավորություն, թե գյուղական աշխատանքների կազմակերպումը թողնված է ցածր կենսաթոշակ ստացող քաղաքացիների վրա։
Յոլյանը նաև անդրադարձել է Սյունիքի ժողովրդագրական խնդիրներին՝ հայտարարելով, որ գործող իշխանությունների կառավարման տարիներին մարզի բնակչության թիվը շուրջ 20 հազարով նվազել է։
«Մեր գյուղական բնակավայրերն աստիճանաբար դատարկում եք»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը։
«Այս իշխանության օրոք Սյունիքի մարզում բնակչությունը 20 հազարով նվազել է»,- ասել է նա: