ՔԿ նախագահի հրաժարականից հետո կարող ենք պահանջել նաև Ֆինանսների նախարարի հրաժարականը
Wed, 07 Oct 2026 14:06:19 +0400
Կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը հայտարարել է, որ իրավիճակի շարունակական չկարգավորման դեպքում կարող են բարձրացվել ոչ միայն Քննչական կոմիտեի նախագահի, այլև Ֆինանսների նախարարի հրաժարականի հարցերը։
Կարագոզյանի խոսքով՝ քաղաքացիները, որոնք պաշտոնապես տուժող են ճանաչվել, իրենց իրավունքների պաշտպանության հարցում չեն ստանում անհրաժեշտ աջակցություն։ Նրա պնդմամբ՝ խնդիրը վերաբերում է նաև կիբերհանցագործությունների և ներդրումային խարդախությունների գործերով բռնագանձված գումարների տնօրինմանը։
Հասարակական գործիչը նշել է, որ իր տեղեկություններով՝ նման գործերով բռնագանձված միջոցները փոխանցվում են պետական բյուջե, մինչդեռ տուժած քաղաքացիների փոխհատուցման հարցը շարունակում է չլուծված մնալ։
Նա նաև դժգոհել է Ֆինանսների նախարարության հետ համագործակցության բացակայությունից՝ պնդելով, որ գերատեսչությունը բավարար պատրաստակամություն չի ցուցաբերում տուժած քաղաքացիների խնդիրները քննարկելու և դրանց լուծումներ գտնելու ուղղությամբ։
Կարագոզյանը, մասնավորապես, նշել է, որ Քննչական կոմիտեի կողմից շուրջ 740 միլիոն դրամի չափով միջոցներ են փոխանցվել պետական բյուջե, մինչդեռ այդ գումարների վերադարձի և տուժած քաղաքացիներին փոխանցելու հարցը շարունակում է մնալ օրակարգում։
«Տուժող քաղաքացիներին մենք ենք գտնում, նրանք այստեղ են՝ բողոքող, հիասթափված և անպաշտպան»,- ասել է նա՝ ընդգծելով, որ քաղաքացիները ակնկալում են պետական մարմինների գործուն միջամտությունն ու իրենց վնասների փոխհատուցման խնդրի լուծումը։