«Հրապարակ». Եթե կաթողիկոսն ունի երեխա, դա միակ լավ բանն է, որ նա արել է

«Հրապարակ». Եթե կաթողիկոսն ունի երեխա, դա միակ լավ բանն է, որ նա արել է

Thu, 08 Oct 2026 11:45:17 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Տիկնիկային թատրոնի ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն է:

– Երեքշաբթի օրը ԱԺ-ում այս գումարման խորհրդարանի առաջին ծեծկռտուքը տեղի ունեցավ: Արեւմտյան արժեքների մասին ճամարտակող իշխող խմբակցության պատգամավորները դիմեցին բռունցքների օգնությանը: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է կատարվում խորհրդարանում:

– Ես աշխատում եմ չհետեւել խորհրդարանական աշխատանքներին, քանի որ ինձ համար այնտեղ որեւէ հետաքրքիր բան չկա, հատկապես երբ շարունակվում են «մարտերն առանց կանոնների»: Ես դրա սիրահարը չեմ: Խոսելով արժեքների մասին՝ չենք կարող չնկատել, որ դրանք խոսքերով չեն որոշվում: Չեմ կարծում, որ բռունցքներով հարցեր լուծելը բնորոշ է ինչ-որ մի քաղաքական ուժի: Բացարձակապես չկա նման ուժ, որի դեպքում դա կարող է արդարացված լինել: Սկզբունքները գործով են հաստատվում, այլ ոչ թե խոսքերով: Սա միանշանակ է: Ցավոք սրտի, աշխարհի տարբեր խորհրդարաններում են իրար ծեծում` Ճապոնիայում, Թուրքիայում եւ այլն, սակայն դա որեւէ մեկին պատիվ չի բերում, առավել եւս, որ բռունցքը թուլության նշան է: Բռունցքը, ինչպես հայհոյանքը, վիրավորանքը, անթույլատրելի է: Երբ փաստարկները քիչ են լինում, եւ մարդիկ չեն կարողանում հակափաստարկներ բերել, դիմում են բռունցքներին կամ հայհոյանքին: Ցանկացած քննադատություն կարելի է այնպես անել, որ դրանից ոչ ոք չվիրավորվի, սեփական սկզբունքները կարելի է դրսեւորել առանց այդ ամենի: Ես կարծում եմ, որ մեր հանրության որոշակի զանգված, ցավոք, ունի մի շատ սխալ մոտեցում: Այդ զանգվածը կարծում է, որ վիրավորանքն ուժի նշան է: Եթե դու վիրավորում ես, ուրեմն դու ուժեղ ես, ավելին` եթե դու վիրավորում ես, եւ քեզ չեն պատասխանում, դա նշանակում է, որ դիմացինը թույլ է: Օրինակ, ես այդ տեսանկյունից ինձ շատ թույլ մարդ եմ համարում: Ես որեւէ վիրավորանքի չեմ պատասխանում, չնայած որ դժվար է գտնել քաղաքականապես ինչ-որ մի ակտիվ մարդու, որն իրեն ինձ վիրավորելու հաճույքից կարող է զրկել: Բայց ես չեմ պատասխանում նրանց: Վիրավորանքին պատասխանելով ոչ մի լավ բանի չենք կարող հասնել, դրա վերջը ծեծկռտուքն է միշտ լինելու: Մեր նախորդ խորհրդարանների օրինակը, ցավոք, կրկնվում է: Այդ աքլորակռիվը հենց լրագրողների տեսախցիկների առաջ է մշտապես տեղի ունենում, իսկ դա նշանակում է, որ, հավանաբար, այդ ամենն արվում է ինչ-որ կոնտինգենտի ոգեւորելու համար: Կլինեն դրանք ընտրողներ, համակիրներ եւ այլն: Անկեղծ ասած, նման համակիրներն էլ իմ կողմից հարգանք չեն վայելում, եթե նրանք ոգեւորվում են նման դրվագներից:

– Իշխանությունները մեղադրում են Գարեգին Երկրորդ կաթողիկոսին՝ կուսակրոնության ուխտը դրժելու համար: Շարունակ խոսում են կաթողիկոսի՝ զավակ ունենալու մասին եւ անգամ կաթողիկոսին պատժելու համար քննիչ հանձնաժողով են ստեղծել: Սրան ի՞նչ գնահատական կտաք:

– Ես ագնոստիկ մարդ եմ, եւ ինձ համար այս խոսակցությունը չափազանց խոր խոսակցություն է: Այն բոլոր մեղքերի մեջ, որ մեղադրում են հոգեւորականությանը, դա միայն մեր եկեղեցու թերությունը չէ: Մնացյալ բոլոր եկեղեցիներում էլ` կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիներում էլ կան բազմաթիվ խնդիրներ: Ես չեմ կարծում, որ անձերի փոփոխությունը կարող է փոխել եկեղեցու վարքը: Ցավոք սրտի, իրական հավատքը այդքան էլ կապ չունի կոնկրետ եկեղեցականի դիրքորոշման հետ: Ես գիտեմ բազմաթիվ եկեղեցականների, ովքեր հրաշալի, բարոյական մարդիկ են, սակայն գիտեմ նաեւ այնպիսիներին, ովքեր անբարոյական են: Կան բարոյական աթեիստներ եւ կան անբարոյական աթեիստներ: Այս կռիվն ինձ համար չէ: Այն ինձ համար խորթ է: Ինձ հավատացյալները կարող են մեղադրել, որ ես սա իմ գործը չեմ համարում: Օրինակ` իմ բարոյական պահվածքը որեւէ մեկից կախված չէ: Ինձ ո՛չ կաթողիկոսը, ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը չեն կարող դարձնել ավելի բարոյական կամ ավելի անբարոյական, քան ես կամ: Ինչ վերաբերում է այդ կուսակրոնության ուխտին, դա ապուշություն է: Ուրիշի անկողնու մեջ մտնելն ամենազզվելի բանն է: Եթե կաթողիկոսն ունի երեխա, դա միակ լավ բանն է, որ նա արել է: Բնության օրենքները շատ ավելի ուժեղ են, քան այն արգելափակումները, որ ստեղծել է եկեղեցին կամ մարդը: Հայ առաքելական եկեղեցում ի սկզբանե նման արգելքներ չեն եղել: Եթե կան եկեղեցու հետ կապված խնդիրներ, իսկ դրանք կան, ինչպես բոլոր եկեղեցիներում, անգամ Վատիկանում, եկեղեցուն պետք է բերել օրենքի դաշտ, հարկերով եւ ամեն ինչով:

– Բայց եկեղեցին ահռելի հարկեր է վճարում պետությանը:

– Ես չեմ խառնվել, ուղղակի ասում եմ, թե որն է ճիշտը: Պետք է հանգիստ թողնել կաթողիկոսի զավակին, հանգիստ թողնել կուսակրոնության թեման, դրանք անպտուղ խոսակցություններ են, առնվազն ինձ համար: Իմ վերաբերմունքն Աստծո հանդեպ բացարձակապես կապված չէ կաթողիկոսի անձից:

– Հանրությունն արդեն քանի օր է՝ քննարկում է Հայաստանի սահմանների խոցելիության հարցը: Ի վերջո` ո՞ւմ թերացումն է սա, որ ադրբեջանցի զինծառայողը մուտք գործեց Հայաստան եւ կրակեց հայ կնոջ վրա:

– Կան բազմաթիվ թերացումներ: Միայն ճշգրիտ հետաքննությունը պատկերը կհստակեցնի: Ամեն դեպքում, ադրբեջանցին երկու օր ճամփորդել է Հայաստանի տարածքով: Մենք չգիտենք, թե նա էլ ինչեր է արել, գուցե ուրիշ հանցագործություններ եւս կատարել է: Եթե նա սահմանն անցել էր եւ չուներ վատ նպատակներ, արդյո՞ք չպետք է առաջինը իրավապահներին դիմեր․ սա՝ մեկ։ Երկրորդ․ բնակչության տեղեկացվածության հարցը եւս շատ կարեւոր է: Լավ է, որ դեռ ամեն ինչ էսպես ավարտվեց: Հիշենք Վալերի Պերմյակովի դեպքը…. շատ կարեւոր է, որ դատաքննությունը մեզ մոտ տեղի ունենա եւ՝ մեր օրենքներով: Հասարակությունը պետք է մանրամասնորեն իմանա, թե ինչ է տեղի ունեցել` քայլ առ քայլ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն 50սմ ձյուն կլինի․ Սուրենյան

Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն 50սմ ձյուն կլինի․ Սուրենյան Sun, 11 Oct 2026 23:45:56 +0400…

26 րոպե ago

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը

Ինչպես է ակտիվ աշխատանքից ժամանակավոր հրաժարվելը նպաստում մարդու հոգեկան վիճակի կայունությանը Sun, 11 Oct 2026…

42 րոպե ago

Առկա խնդիրներին կտրվեն հստակ լուծումներ․ Արամ Վարդևանյանն ու թիմակիցները գյուղ Լեջանում են

Առկա խնդիրներին կտրվեն հստակ լուծումներ․ Արամ Վարդևանյանն ու թիմակիցները գյուղ Լեջանում են Sun, 11 Oct…

56 րոպե ago

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Sun, 11 Oct 2026 23:15:13 +0400…

57 րոպե ago

Ամերիկացի դերասանուհուն մեղադրել են թանկարժեք հագուստներ գողանալու մեջ

Ամերիկացի դերասանուհուն մեղադրել են թանկարժեք հագուստներ գողանալու մեջ Sun, 11 Oct 2026 23:00:34 +0400 «Пусть…

1 ժամ ago

Սարաջյանն արագ գոլի հեղինակ է դարձել Գրիզմանի փոխանցումից հետո

Սարաջյանն արագ գոլի հեղինակ է դարձել Գրիզմանի փոխանցումից հետո Sun, 11 Oct 2026 22:45:11 +0400…

1 ժամ ago