«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ

«Հրապարակ». Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ եւ՛ կոալիցիա, եւ՛ ամեն ինչ

Sat, 10 Oct 2026 08:45:27 +0400


Հոկտեմբերի 25-ին Ստեփանավան խոշորացված համայնքի կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 5 քաղաքական ուժ։ «Հայրենիք» կուսակցությունը` Աշոտ Հայրապետյանի թեկնածությամբ, ընտրական կարգախոսն է՝ «Մեկ համայնք, մեկ նպատակ՝ զարգացում»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արսեն Գեւորգյանը՝ «Փոփոխությունը սկսվում է Ստեփանավանից» կարգախոսով։ ՔՊ-ի թեկնածուն Լոռի Բերդ համայնքի գործող ղեկավար Արայիկ Ներսիսյանն է, որի թեկնածությունը կուսակցությունը հաստատել էր դեռեւս օգոստոսին: Նա քարոզարշավ է անում «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով: ՔՊ-ի կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Արտակ Ալեքսանյանն է՝ «Հույս, հավատ, սեր» կարգախոսով: Ստեփանավանի գործող ղեկավար, վեց տարի ՔՊ-ի թիմում աշխատած Արմեն Գրիգորյանն էլ ընտրություններին մասնակցելու է «Գործարար» կուսակցությամբ։ Ստեփանավանում թեժ մրցակցություն է սպասվում:

Ամիսներ առաջ պաշտպանության նախարար՝ լոռիբերդցի Սուրեն Պապիկյանը, ԱԺ պատգամավոր, ստեփանավանցի Արփի Դավոյանը համայնքապետ Գրիգորյանի կողքին էին, այժմ Պապիկյանն իր հարազատ գյուղի համայնքապետին է սատարում: Ստեփանավանում ոմանք խոսում են, թե իբր Արմեն Գրիգորյանն իր թեկնածությունը դրել է Սուրեն Պապիկյանի կամքին հակառակ, ոմանք ասում են` նա Պապիկյանի «դաբրոն» ունի: Ստեփանավանում հաղթելու որոշակի ռեսուրս ունի Արմեն Գրիգորյանը, Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը: Հնարավոր է, որ ընտրություններից հետո նրանք կոալիցիա կազմեն: Ընտրությունների ելքը կարող են որոշել Գյուլագարակ համայնքի բնակիչները` վարչական ղեկավար Խաչիկ Վարդանյան:

Մեզ պատմեցին նաեւ, որ Արմեն Գրիգորյանն իր թեկնածությունը դնելուց հետո սկսել է սերտ համագործակցել Սուրեն Պապիկյանի դեմ: Գյուլագարակի համայնքապետարանում աշխատում է Պապիկյանների կլանը․ Պապիկյանի փեսայի քույրը՝ Նատալյա Նալբանդյանը, քրոջ ամուսինը՝ Էդիկ Թորոսյանը, որին վերջերս ազատել են աշխատանքից, քրոջ սկեսրայրը՝ Վալիկո Թորոսյանը, քրոջ աղջիկը՝ Զեմֆիրա Թորոսյանը: Մեր տեղեկություններով՝ Արմեն Գրիգորյանն Էդիկ Թորոսյանին առաջարկել է ընտրություններին իրեն աջակցել, Գյուլագարակից ձայներ հավաքել, որի դիմաց հետո նրան կնշանակեն համայնքի վարչական ղեկավար: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ:

– Առաջադրվել եք հանրությանը ոչ այնքան հայտնի մի կուսակցությամբ, կհաջողվի՞ Ձեզ հաղթել ընտրություններում եւ կրկին զբաղեցնել համայնքապետի աթոռը:

– Իհարկե, միանշանակ:

– ՔՊ-ի թեկնածուն Արայիկ Ներսիսյանն է, եթե ՔՊ-ն իր ողջ ներուժը դնի, եւ ընտրություններում հաղթի Ներսիսյանը, Դուք համայնքապետարանում որեւէ պաշտոն կզբաղեցնե՞ք:

– Նման բան բացառվում է, չեմ էլ մտածել, չեմ էլ ուզում մտածել այդ հարցի շուրջ: Արայիկ Ներսիսյանը չի կարա զբաղեցնի այդ պաշտոնը:

– Մարտական եք տրամադրված:

– Միանշանակ, իհարկե:

– Ասում են, որ Դուք առաջադրվել եք Սուրեն Պապիկյանի կամքին հակառակ, սակայն, վերլուծելով իրավիճակը, տեսնում ենք, որ առանց Սուրեն Պապիկյանի «դաբրոյի» դժվար թե առաջադրվեիք: Տպավորություն է, որ ՔՊ-ն Ստեփանավանում թույլ է եւ որոշել է 2-3 ճակատով պայքարել «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի դեմ:

– Ես՝ ինքս, առաջադրվել եմ իմ ցանկությամբ, բացարձակապես ոչ մեկի դաբրոն չունեմ եւ ոչ էլ դրա կարիքն ունեմ: Ես այդ դաբրոն ժողովրդի կողմից ունեմ: Ինչ վերաբերում է «Ուժեղ Հայաստանին», չեմ տեսնում, որ մի քանի քաղաքական ուժ պետք է միավորվի՝ «Ուժեղ Հայաստանի» դեմ պայքարելու համար:

– Մեր տեղեկություններով՝ Դուք առաջարկել եք Պապիկյանի բարեկամներին, որ Գյուլագարակ համայնքում Ձեր օգտին աշխատեն, դրա փոխարեն, օրինակ, Էդիկ Թորոսյանին խոստացել եք Գյուլագարակի վարչական ղեկավարի պաշտոնը, ասում են նաեւ՝ շինանյութով եք օգնել, որ նախատեսված է եղել Աշոտաբերդ թաղամասի շինարարության համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Աշոտաբերդ, Էդիկ Թորոսյան, օգնել եւ մյուս նման բաներ չկան, չեմ էլ պատկերացնում, թե ինչից եք խոսում: Էդիկ Թորոսյանի որդին մեր թիմի ավագանու ցուցակում է ներառված: Ինչ վերաբերում է պաշտոն խոստանալուն, թե՛ իմ ավագանու ցուցակում ներառված իմ գործընկերները՝ 35 հոգի, թե՛ իմ կողքի թիմակիցները, ի տարբերություն այլ ուժերի, որոնք պաշտոններ են խոստանում, բացարձակապես մեկը չի կարող ասել, որ ես որեւիցե մեկին պաշտոն եմ խոստացել։ Դա իմ սկզբունքներին հակասում է: Միասին` եթե թիմ ենք, ուրեմն մեկս մյուսին խոստանալու բան չունենք: Կհաղթենք, իհարկե, իմ թիմակիցները պետք է լինեն համապատասխան աշխատանքներով ապահովված:

– Դուք ավագանու որոշմամբ շնորհեցիք, ապա անձամբ հանձնեցիք բարերար Էմիլ Երիցյանին «Ստեփանավանի երախտագիտություն» պատվո նշանն ու շնորհակալագիրը։ Ավագանու այդ օրվա որոշմամբ «Ստեփանավանի երախտագիտություն» պատվո նշանով ու շնորհակալագրով պարգեւատրել էիք նաեւ Սուրեն Պապիկյանին: Իսկ ինչո՞ւ նրան անձամբ չեք հանձնել, ե՞րբ կհանձնեք, ի՞նչ պայմաններում:

– Սուրեն Պապիկյանին չենք հանձնել, առաջիկայում կհանձնենք, պարզապես ժամանակ չի եղել, հրավիրելու ենք Ստեփանավանի համայնքապետարան եւ հանձնելու ենք:

– Ընտրություններից հետո՞:

– Իհարկե, հիմա ես արձակուրդում եմ:

– Հունիսի 7-ին Սուրեն Պապիկյանի հետ քարոզարշավ էիք անում, անգամ աղավնիներ օդ թռցրիք՝ խաղաղություն գոչելով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչ օրս չկա կնքված խաղաղության պայմանագիր: Հավատո՞ւմ եք Փաշինյանի բերած խաղաղության օրակարգին:

– Բերեք՝ զերծ մնամ պատասխանելուց: Անձամբ ես խաղաղությանը հավատում եմ եւ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությանը` խաղաղության հետ պայմանավորված, բացարձակապես առարկություններ, այլ դիտարկումներ չունեմ:

– Քարոզարշավի վրա որքա՞ն գումար եք ծախսել եւ ի՞նչ միջոցներից:

– Ես այդ գումարներով չեմ զբաղվում, ֆինանսավորում են իմ թիմակից ընկերները:

– Ընտրություններից հետո բացառո՞ւմ եք Արայիկ Ներսիսյանի հետ կոալիցիա կազմել:

– Արայիկ Ներսիսյանի հետ բացառում եմ ամեն ինչ:

– Խնդիրնե՞ր կան Ձեր եւ Ներսիսյանի միջեւ, ոնց հասկանում ենք՝ ձեր ջրերը մի առվով չեն գնում:

– Չէ, էդ անուն-ազգանունին այդքան էլ կարեւորություն չեմ տալիս, որ այլ հարաբերություններ կամ… կխնդրեմ՝ անցանք, այլ հարցեր կա՞ն:

– Ասացիք՝ պայքարում եք, որ հաղթեք, այլ տարբերակ չեք էլ քննարկում, ամեն դեպքում` եթե չընտրվեք, ինչո՞վ եք զբաղվելու:

– Բացառվում է, պատասխանատու ձեւով Ձեզ ասում եմ՝ հաղթելու եմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել

«Հրապարակ». ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել Sat, 10 Oct 2026 09:15:14 +0400…

22 րոպե ago

Ակտիվ քանդենք

Ակտիվ քանդենք Sat, 10 Oct 2026 09:00:23 +0400 Այսքան շատ սխալներ ու վրիպումներ թույլ տված,…

37 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի Sat, 10 Oct 2026 08:20:29 +0400 Երկուշաբթի…

1 ժամ ago

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ Sat, 10 Oct 2026 08:15:15 +0400 Շաքիի միջադեպի աղմուկը դեռ չի…

1 ժամ ago

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել Sat, 10 Oct 2026 08:10:37 +0400 Հոկտեմբերի 8-ին…

1 ժամ ago

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի Sat, 10 Oct 2026 08:05:39 +0400 2025 թվականի օգոստոսի…

2 ժամ ago