ՔՊ-ի մաթեմատիկան․ 2 միլիոն աշխատավարձը 1 միլիոնից քիչ է
Tue, 13 Oct 2026 15:15:16 +0400
Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացում չկա, իսկ եթե հավատանք իշխանության բացատրությանը, մի բան էլ՝ աշխատավարձերն իջնում են։ Այս իշխանությունն աճպարարության մեջ իսկապես հավասարը չունի։ Տեսեք՝ ինչպես է այս հրաշքը բացատրում Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
«Մենք այսօր պարզապես ֆիքսելու ենք գործակիցները, որոնցով հնարավոր կլինի հաշվարկել աշխատավարձի չափերն արդեն բյուջեով… Եթե համեմատենք աշխատավարձն ու պարգևավճարը, ապա մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում»։
Հիմա տեսնենք՝ ինչ է ստացվում այս բացատրությունից։
2027 թվականի հունվարի 1-ից Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատավարձը 1 միլիոն 320 հազար դրամից դառնալու է 2 միլիոն 80 հազար դրամ։ Այսինքն՝ 760 հազար դրամով ավելի։ Բայց Գալջյանի բացատրությունից պիտի հասկանանք, որ սա ոչ թե բարձրացում է, այլ իջեցում։
Ինչպե՞ս է ստացվում այս աճպարարությունը։ Շատ պարզ։ Պաշտոնյաներն աշխատավարձից բացի պարգևավճարներ էլ են ստացել։ Հիմա Գալջյանը փորձում է համոզել, որ եթե նախկին աշխատավարձն ու պարգևավճարները միասին հաշվենք, նոր աշխատավարձը կարող է ավելի քիչ ստացվել։ Այն դեպքում, երբ, ըստ ներկայացված տեղեկության, պարգևավճարների ֆոնդը պահպանվում է։
Բայց այդ դեպքում մի պարզ հարց կա․ նախկինում պաշտոնյաներն ընդհանուր առմամբ որքա՞ն էին ստանում, իսկ հիմա որքա՞ն են ստանալու։ Թող երկու թվերն էլ հրապարակեն, ու ժողովուրդը կհաշվի։ Առանց գործակիցների, առանց աճպարարության։
Որովհետև անհնար է միաժամանակ հայտարարել, որ քաղաքապետի աշխատավարձը 1 միլիոն 320 հազարից դառնում է 2 միլիոն 80 հազար դրամ, բայց դա ներկայացնել որպես աշխատավարձի նվազում։
Մի խոսքով՝ ՔՊ-ի մաթեմատիկայով աշխատավարձը բարձրանում է, բայց հանրությունը պիտի հավատա, որ այն իջնում է։ Պիտի հավատա, որ 2 միլիոն 80 հազար դրամը 1 միլիոն 320 հազարից փոքր թիվ է։
Ու մի հարց էլ՝ եթե իրենց աշխատավարձերն իսկապես նվազում են, ինչո՞ւ են այդքան բարդ բացատրություններ տալիս։ Թող հրապարակեն նախկին և նոր ընդհանուր վարձատրության թվերը, և ամեն ինչ պարզ կդառնա։ Իսկ եթե իսկապես ավելի քիչ են ստանալու, թող ստանան իրենց նախկին աշխատավարձը, որը, ըստ իրենց բացատրության, ավելի բարձր էր։
Թե չէ աշխատավարձը բարձրացնել ու հետո համոզել ժողովրդին, որ այն իջել է, արդեն ոչ թե մաթեմատիկա է, այլ աճպարարություն։