«Հրապարակ»․ Մարդկանց պետք է ժամանակ հատկացնեին եւ հատուցման մասին մտածեին

«Հրապարակ»․ Մարդկանց պետք է ժամանակ հատկացնեին եւ հատուցման մասին մտածեին

Wed, 14 Oct 2026 09:15:35 +0400


Երեւանի Շինարարների փողոցում կրպակների տերերը մի քանի օր բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով չքանդել իրենց խանութները, քանի որ դրանք օրինական են, եւ իրենք ունեն սեփականության վկայականներ։ «Երեկ ու այսօր թաղապետարանից եկել են ու բանավոր ասել են, որ մեր խանութները պետք է քանդեն։ Մենք ասել ենք՝ թուղթ ներկայացրեք, ասել են՝ կներկայացնենք, բայց ոչ մի թուղթ էլ չկա։ Օր է պետք, որ մարդիկ կարողանան դատարկել իրենց խանութները, եթե, իհարկե, թուղթն օրինական է։ Բայց մեզ ոչ մի թուղթ չեն ներկայացրել, բանավոր ասել են՝ գալիս ենք քանդենք։ Այդտեղ տարբեր խանութներ են՝ հացի փուռ կա, մսի, կոշիկի, հեռախոսի, բանջարեղենի խանութներ։ Ընդհանուր առմամբ, այդ տարածքում 80-100 կրպակ կա»,- լրագրողների հետ զրույցում նշել էր սեփականատերերից մեկը` Դավիթ Նահապետյանը։ Նա ասել էր, որ իրենք դատարան են դիմել՝ խնդրելով պարտավորեցնել Երեւանի քաղաքապետին՝ ձեռնպահ մնալ Շինարարների փ․, 15 շենք, 15/14 հասցեի անշարժ գույքի քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց։ Միաժամանակ ներկայացրել են հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն՝ խնդրելով ժամանակավոր բավարարել հայցվորի պահանջը՝ պարտավորեցնել Երեւանի քաղաքապետին՝ ձեռնպահ մնալ քանդմանը կամ ապամոնտաժմանն ուղղված ցանկացած գործողություն կատարելուց: ՀՀ վարչական դատարանը հրավիրել է նախնական դատական նիստ եւ բավարարել է հայցի ապահովման միջոցի մասին միջնորդությունը։

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Միքայել Մանրիկյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս իրավիճակին, ասում է. «Եթե այդ տարածքները հանրային են համարվում, եթե պատկանում են դրանք հանրությանը եւ եթե տրված են վարձակալության, իսկ վարձակալության ժամկետները սպառվել են, ապա, բնականաբար, Երեւանի քաղաքապետարանի իրավասության ներքո է` երկարացնե՞լ պայմանագիրը, թե՞ քանդել: Եթե այս տեսանկյունից ենք նայում, ապա չենք կարող ասել, որ քաղաքապետարանի գործողություններն անօրինական են, նրանց գործառույթներն այս պարագայում լրիվ օրինական են, բայց ես հստակ պայմանագրերին չեմ տիրապետում, մարդիկ տարբեր բաներ են ասում: Հարց է` եթե պայմանագրեր ունեն մարդիկ, ե՞րբ են տրվել դրանք, ովքե՞ր են տվել եւ այլն: Քանդելու հետ կապված հարցերին իմ դիրքորոշումը հարաբերական է: Նայած թե ինչն են քանդում, եթե մայթի վրա շինություն է եւ խանգարում է մարդկանց, եւ հողի սեփականության պայմանագիր էլ չկա, ապա հողը Երեւանին է պատկանում, վարձակալությունն ավարտվում է, իսկ Երեւանի քաղաքապետարանն ասում է` չեմ երկարացնելու պայմանագիրը: Եթե օրինական է, բայց վաղուց է տրված, նայած թե ով եւ ինչ պայմաններով է այն տրամադրել: Այս պարագայում ի՞նչ պետք է անեն քաղաքացիները: Երեւանի քաղաքապետարանն ունի գործելու իրավունք: Բնականաբար, ես կուզենայի, որ քաղաքապետարանը մարդկանց հետ կոմպրոմիսի գար: Բոլորն էլ մերն են, ես մտահոգ եմ թե՛ քաղաքի համար եւ թե՛ բնակիչների` տնտեսվարողների համար, սակայն ունենք այն, ինչ ունենք: Կան իրավական կողմեր, պետք է մանրամասն ուսումնասիրել դրանք: Ես՝ որպես ավագանու նախկին անդամ եւ որպես շարքային քաղաքացի, ասում եմ, որ կան կրպակներ, որոնց վարձակալությունն ավարտվել է, եւ Երեւանի քաղաքապետարանն ամբողջապես իրավասու է քանդման աշխատանքներ իրականացնել: Նորից եմ կրկնում` ես կոմպրոմիսի կողմնակից եմ, թող ե՛ւ տնտեսվարողը գոհ լինի՝ շարունակելով իր գործը, իր ընտանիքը պահի, ե՛ւ քաղաքը ծաղկի: Դժվար է` հասկանում եմ. չեն կարող բոլոր կողմերը գոհ լինել: Մարդիկ զրկվում են իրենց առօրյա հացը վաստակելու հնարավորությունից, դա վատ է, սակայն քաղաքը շնչող օրգանիզմ է, հարցեր կան: Եթե ես լինեի ավագանու անդամ, կփորձեի ամեն բան անել, որպեսզի կոմպրոմիսային տարբերակ լիներ, որ ե՛ւ ժողովրդի համար լավ լիներ, ե՛ւ հայրենիքի»: Երեւանի ավագանու նախկին անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Իրավական տեսանկյունից, եթե մարդն ունի սեփականության իրավունք, ապա դա հիմնարար իրավունք է եւ պաշտպանված է Սահմանադրությամբ, այդ թվում` Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայով: Այս պրոցեսը կարող էր տեղի ունենալ միայն օրենքով սահմանված կարգով: Ես հասկացա մի բան, որ այս պրոցեսները տեղի են ունենում անօրինական ճանապարհներով: Նույնիսկ եթե կա որոշում` ապամոնտաժելու այդ տարածքները եւ քաղաքացիներին զրկելու սեփականության իրավունքից՝ ինչ-որ այլ նպատակների համար, ապա դա պետք է տեղի ունենա օրենքով սահմանված կարգով: Մարդկանց պետք է նախ ժամանակ հատկացնեին, ապա հատուցման մասին մտածեին, պետք է հաշվարկվեր, թե քաղաքացին ինչ սոցիալական վիճակում կարող է հայտնվել: Դա ապրուստի միջոց է»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Բարեգործները կալանավորված են»․ Գյումրու ավագանու նիստում կրքերը թեժացան

«Բարեգործները կալանավորված են»․ Գյումրու ավագանու նիստում կրքերը թեժացան Wed, 14 Oct 2026 14:05:59 +0400 Այս…

16 րոպե ago

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի

ՍԴ-ն այսօր նախագահ կընտրի Wed, 14 Oct 2026 14:03:21 +0400 Սահմանադրական դատարանի 9 անդամներն այսօր…

19 րոպե ago

Ոնց որ մարդասպանը ասի՝ եկեք մոռանանք ինչ եմ արել, ապագայից խոսենք

Ոնց որ մարդասպանը ասի՝ եկեք մոռանանք ինչ եմ արել, ապագայից խոսենք Wed, 14 Oct 2026…

22 րոպե ago

Խուզարկում են Ադեկվադի գրասենյակը

Խուզարկում են Ադեկվադի գրասենյակը Wed, 14 Oct 2026 13:34:51 +0400 Ադեկվադի գրասենյակ են եկել խուզարկության,…

47 րոպե ago

Նման հարցերը սեղանի շուրջ հաց ուտելուց շփումներով չեն որոշվում

Նման հարցերը սեղանի շուրջ հաց ուտելուց շփումներով չեն որոշվում Wed, 14 Oct 2026 13:25:27 +0400…

57 րոպե ago

Սա Փաշինյանի վրեժը չէ

Սա Փաշինյանի վրեժը չէ Wed, 14 Oct 2026 13:23:41 +0400 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները…

59 րոպե ago