«Հրապարակ»․ Խոսքի համար կարելի էր կալանավորել, եթե դրան գործողություններ հետեւած լինեին

«Հրապարակ»․ Խոսքի համար կարելի էր կալանավորել, եթե դրան գործողություններ հետեւած լինեին

Wed, 14 Oct 2026 11:15:36 +0400


11 իրավապաշտպան կառույցներ օրերս համատեղ հայտարարություն տարածեցին` պահանջելով անհապաղ վերացնել Արթուր Դանիելյանի կալանքը եւ դադարեցնել հետապնդումը նրա նկատմամբ: Դանիելյանը, հիշեցնենք, գրառումների համար է կալանավորվել, նրան խուլիգանության եւ ԱԱԾ-ին արատավորելու մեջ են մեղադրում։ Հայտարարության հեղինակները մեղադրանքը համարում են անհամաչափ եւ քաղաքականապես մոտիվացված․ «Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում եւ դատապարտում ենք Հայաստանում արտահայտման ազատության իրավունքի իրացման համար քրեական հետապնդումների շարունակական դրսեւորումները, ինչը համահունչ չէ Հայաստանի Հանրապետության որդեգրած ժողովրդավարացման ուղուն: Քրեական հետապնդման հարուցման հերթական դեպքը վերաբերում է համացանցում արված գրառումների համար Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը, ինչն առերեւույթ անօրինական, անհամաչափ եւ քաղաքականապես մոտիվացված է: Առավել անօրինական եւ անհամաչափ է նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառված կալանավորումը, որն ակնհայտորեն նրա հանրային խոսքը սահմանափակելու եւ նրան պատժելու նպատակ է հետապնդում՝ հատկապես արտաքին աշխարհի հետ շփումների սահմանափակումների կիրառման պայմաններում»:

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանին կալանավորել են 2 ամսով, նրա հետ տեսակցությունները փակ են: Վերոնշյալ հայտարարությանը որոշ իրավապաշտպան ՀԿ-ներ չեն միացել: Օրինակ, Դանիել Իոաննիսյանը, որը նախկին իշխանությունների տարիներին ամենաբարձրն էր խոսում խոսքի ազատության եւ ժողովրդավարության մասին: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը ստորագրել է հայտարարության տակ, մեզ հետ զրույցում խոսելով խոսքի, մասնավորապես` ֆեյսբուքյան գրառումների համար ընդդիմադիր գործիչներին կալանավորելու մասին, նկատեց. «Ես կարծում եմ, որ խոսքի կամ որեւէ կարծիքի արտահայտման պարագայում այդ կարգի միջոցները կարող են հիմնավոր լինել միայն այն դեպքում, երբ խոսքին գործողություններ հետեւեն, որոնք իրենց մեջ կպարունակեն բռնության տարրեր: Տվյալ դեպքում նման գործողություններ տեսնելը շատ դժվար է: Ո՛չ Վահրամ Սահակյանի, ո՛չ էլ Արթուր Դանիելյանի խոսքում չենք կարող նման երեւույթ նկատել, ուստի անհամաչափ միջոցներ են ձեռնարկել իրավապահներն ու դատական համակարգը: Ինչ վերաբերում է սոցցանցերում ատելության խոսքի սահմանափակմանը, ապա կա միջազգային ընդունված պրակտիկա: Եթե անձը բռնության խոսք է տարածում, ապա համապատասխան հարթակները կարող են խոսքը սահմանափակել, սակայն դրա համար պետք է համագործակցություն պետական կառույցների եւ սոցիալական կայքերի ադմինիստրացիաների միջեւ, որպեսզի ամեն բան լինի հիմնավոր: Դա շատ լուրջ ընթացակարգեր կարող է ենթադրել: Մենք վաղուց առաջարկել ենք, որ Հայաստանում ձեւավորվի թվային ինստիտուտ, որը հաշվի կառնի որոշ կառույցների կարծիքները եւ կհամագործակցի, օրինակ, Ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ: Մեզանում նման ինստիտուտները կայացած չեն, եւ այս պարագայում խոսքի ցանկացած սահմանափակում կամայական գործողությունների լրջագույն ռիսկեր է պարունակում: Օրինակ` իշխանական շրջանակների կողմից հնչող բռնության կոչերը, ատելության խոսքը մնում են մակերեսում: Մենք գործ ունենք կամայական որոշումներ կայացնող իրավապահների հետ: Ես այս երեւույթը համարում եմ անընդունելի, եւ այդ պատճառով էլ հանդես եկանք համապատասխան հայտարարությամբ»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

3 ժամ ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

3 ժամ ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

3 ժամ ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

4 ժամ ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

4 ժամ ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

4 ժամ ago