«Հրապարակ». Ի՞նչ է անում Հայաստանի հրատարակիչը՝ անում է այն, ինչ պետությունը խոստացել է ու չի արել
Wed, 14 Oct 2026 12:15:13 +0400
Հարցազրույց հրատարակիչ, «Անտարես մեդիա հոլդինգի» հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ
– Այսօր գրահրատարակչական ոլորտում առկա ի՞նչ խնդիրներ կնշեք:
– Գրահրատարակչության ոլորտը Հայաստանում այն է անում, ինչ անում են Շվեդիայում, Սլովենիայում, Իրանում, Պակիստանում եւ այլուր, արվում է, ու խնդիր չկա: Բայց չէ՞ որ Հայաստանում հրատարակիչը չի զբաղվում այն գործով կամ մի փոքր մասն է անում նրա, որով զբաղվում է Շվեդիայի հրատարակիչը: Իսկ ի՞նչ է անում Շվեդիայի հրատարակիչը․ գտնում է լավ վեպ, հեղինակին վճարում է, կազմակերպում է գործընթացը` թարգմանիչ, խմբագիր եւ այլ, որից հետո տպագրում է գիրքը կամ էլեկտրոնային տարբերակով է հրատարակում: Բայց Հայաստանը ոչ մի պարամետրով չի համընկնում ասածս որեւէ երկրի հետ, անգամ Ղրղզստանում, որ ասում են՝ ավելի ցածր է ընթերցանության մակարդակը, այնտեղ ավելի շատ գրքեր են վաճառվում, քան Հայաստանում մեկ շնչի հաշվարկով:
Ի՞նչ է անում Հայաստանի հրատարակիչը, անում է այն, ինչը որ պետությունը խոստացել է ու չի արել: Ստեղծում է թարգմանիչ: Մի 30-40 լեզու կա, որ Հայաստանում մի թարգմանիչ ունենք, եւս մի 80 լեզու էլ կա, որ ոչ մի թարգմանիչ չունենք: Եվ մենք լեզու առ լեզու ջանք ենք թափում, որ ստեղծվի այդ թարգմանիչը կամ դպրոցը: Պետությունը պետք է պարտավորված լինի, որ իր բուհերն այդ մասնագետները տան, բայց չեն տալիս: Խմբագիրներ չկան կամ սակավաթիվ են, առավել եւս՝ այն խմբագիրները, որոնք բնագրային լեզվին շատ թե քիչ ծանոթ են թարգմանական գործում: Մասնագիտական խմբագիրների դաշտն է շատ թույլ, օրինակ՝ գիրք ես թարգմանում ֆիզիկայից կամ աստղագիտությունից, ո՞վ պիտի խմբագրի: Շատ կարեւոր մի գիրք ենք թարգմանել` Հաննա Արենդթ․ «Այխմանը՝ Երուսաղեմում. Զեկույց չարիքի սովորականության մասին»։ Մենք 3 տարի փնտրում էինք մարդ եւ Հայաստանում չգտանք, Ամերիկայում Արման Գրիգորյանին ենք խնդրել, որ կարդա: Ինչքան ավելի նուրբ է բնագավառը, ինչքան խաչմերուկային, այնքան ավելի բարդ է նման մարդ գտնելը: Նույնը վերաբերում է նաեւ սրբագրիչներին: Պետությունը չի պատրաստում որեւէ որակյալ մասնագետ, որ աշխատաշուկան կարողանա պատրաստի վերցնել եւ օգտվել:
– Պետությունը գրքեր գնո՞ւմ է՝ գրադարանները համալրելու նպատակով, այդ խնդիրը տարիներ շարունակ քննարկվում է: Իսկ գյուղական գրադարաններում Խորհրդային Միության ժամանակ տպագրված գրքերն են միայն:
– Հիմա անցնենք տպագրության ոլորտին: Հայաստանում երեւի 3 կամ 4 մասնագետ ունենք, որոնք տպագրություն են անցել բուհում, մյուսներն իրենք են իրենց ստեղծել: Սա նույնպես մասնագիտական դաշտի խնդիր է, եւ դարձյալ պետությունը պոլիգրաֆիստ չի կրթում: Պոլիտեխնիկ ինստիտուտում կար ֆակուլտետ, որտեղ Աստված գիտի, թե ինչ էին դասավանդում, բայց ոչ, օրինակ, գույնի հոգեբանություն: Եվ ամենակարեւորը՝ ցանկացած պետություն, համայնք առ համայնք, ստանձնում է պարտավորություն, որ պետք է ունենա գրադարաններ, պիտք է դպրոցում երեխաներին ընթերցել սովորեցնի, այս գործն էլի չի անում մեր պետությունը: Եվ չկա որեւէ պետություն, որ առնվազն 1000 հատ գիրք չգնի իր գրադարանների համար: Այդ դեպքում հրատարակիչը գիտի, որ իր գործընկեր պետությունն այս քանակը կգնի գրախանութից, եթե լավ գիրք է: Իսկ Հայաստանում նման բան չկա: Մենք, որ հրատարակում ենք նոբելյան մրցանակակիրների շարք, որոնց մասին աշխարհն է ասել, որ ամենալավն են, բայց ամենավատն են վաճառվում մեր երկրում, դարձյալ պետությունը չի գնում այդ գրքերը: Հայաստանում կա 10 մարզային գրադարան, որոնք ժամանակին ունեին տարվա համար 200 հազար դրամ ֆինանսավորում՝ գիրք գնելու համար, որով կարելի էր առնել 40 գիրք: Այսօր այդ գումարը բարձրացրել են եւ մոտ 2 մլն դրամի հասցրել, այսինքն՝ կարող են գնել 400 հատ գիրք, իսկ Հայաստանում լույս է տեսնում տարեկան մոտ 2 հազար 500 անուն գիրք: Պետությունն իր բոլոր պարտավորությունները հանրության առջեւ այս բնագավառում չի կատարում, դրա համար, ստիպված, հրատարակիչն ինքն է սկսում այդ ամենով զբաղվել: Մինչ այսօր Հայաստանի գրքի շուկան չի չափվել: Սա արդեն վառ ցուցանիշ է, որ ոչ ոքի պետք չէ, չի հետաքրքրում: Հայաստանում խոսք չկա, թե ինչ անեն, որ երեխաներն առաջին-երկրորդ դասարանում ընթերցել սովորեն, նկատի չունեմ տառաճանաչությունը: Ասենք, գրված է` հոտ, սա ոչխարի՞ հոտն է, թե՞ քթով շնչելու հոտի մասին է խոսքը․ պետք է տեքստից հասկանաս, էլ չեմ ասում առակ, մետաֆոր հասկանալու մասին: Ցավոք, այս ամենն այսօր մեր դպրոցը չի սովորեցնում: Իսկ եթե մարդը չգիտի ընթերցել, նա չի կարող ընկալել քիմիա, ֆիզիկա, գրականություն, պատմություն եւ այլն: Մենք սա չենք սովորեցնում: Այսինքն այն, ինչով որ զբաղվում է հրատարակչությունը Հայաստանում, պետության գործառույթն է, իսկ դա վտանգավոր է: Երբ հարեւանի ամուսինը կա, բայց դու ես հոգ տանում իր ընտանիքի մասին, սկսում ես նաեւ օգտվել դրանից: Իսկ ես չէի ուզենա, որ մեր պետության որեւէ գործառույթ մասնավորը հանդգներ, ուզենար ինքն անել:
– Այս ամբողջ բեռը` թարգմանիչներ, խմբագիրներ պատրաստել եւ այլն, որ պետության գործառույթն է, երբ հրատարակչությունը վերցնում է իր վրա, ի՞նչ միջոցներով է դա ապահովում:
– Պետական ռեգիստրում գրանցված է մոտ 3 հազար կազմակերպություն, որոնք հրատարակչական գործով են զբաղվում: Պարզ է, որ դրանք այն ժամանակ են հիշում, որ իրենք հրատարակիչ են, երբ կա ձրի փողի աղբյուր: Իսկ Հայաստանում ընդամենը 6-7 հրատարակիչ կա, որ տարեկան 5-10 գրքից ավել է հրատարակում: Եվ այդ 6-7 հրատարակիչներն ունեն եկամտի այլ աղբյուրներ: Նրանցից 3-ն ունեն տպարաններ, որոնցից ստացած շահույթը ներդնում են տպագրական գործի մեջ: Մեկը կարճամետրաժ ֆիլմերի փիառով է կարողանում փող աշխատել եւ ներդնել, մյուսը գրավաճառ է՝ գրքի վաճառքից ստացած գումարն է ներդնում եւ այլն: Հայաստանում շահութաբեր մաքուր հրատարակչություն չկա, եւ չի կարող լինել հրատարակիչ, որ հրատարակի առնվազն 50 գիրք եւ այդ գործից շահույթ ստանա․ դա խիստ վնասաբեր գործ է: «Անտարես»-ը շուկայում ունի 1200 անուն գիրք, դրանցից 23-ն են իրենց ծախսերը ծածկում, մնացածը վնասաբեր են: Այսինքն, ընկերությունն իր այլ բնագավառի շահույթից է ներդրումներ արել, որպեսզի գիրք լույս տեսնի: Իսկ «Անտարես»-ը հազար ու մի գործով է զբաղվում, բժշկական ընկերություն ունի, անասնապահությամբ, այգեգործությամբ է զբաղվում, տարբեր բույսեր է աճեցնում՝ անասնակերի համար, խաղալիքի արտադրություն ունի, տարբեր տիպի տպագրություններ` 5 տպարան, եւ այդ շահույթները բերում-դնում է գրքի մեջ` հույս ունենալով, որ մի օր կգա, երբ Հայաստանում ընթերցողներ կլինեն, կուզենան ընթերցել եւ կպահանջեն, որ գրադարանում գիրք լինի, եւ գրադարանները ստիպված կլինեն դիմել պետությանը կամ համայնքներին, որպեսզի գրքով լցվեն:
– Իսկ դպրոցներում կա՞ն գրադարաններ, աշակերտները, բացի դասագրքերից, տեսնո՞ւմ են այլ գրքեր, որոնք պահանջվում են որպես պարտադիր ընթերցանություն:
– Հայաստանում ասում են, որ դպրոցաշինություն եւ մանկապարտեզաշինություն է ընթանում, այո, բայց մենք պատերն ենք անվանում դպրոց, ոչ թե բովանդակությունը: Մինչեւ 2025թ. դեկտեմբերի 31-ը պարտադիր չէր, որ դպրոցը գրադարան ունենար, դրա մասին անգամ խոսք չկար: Նախարարը Ֆեյսբուքում գրառում էր արել, որ այսուհետ բոլոր դպրոցները կհամարվեն համալրված, եթե ունենան գրադարան։ Նաեւ ասում էր, որ գումար կհատկացվի, որպեսզի բոլոր դպրոցները կարողանան գիրք գնել: Ասեմ, որ մի քանի օր առաջ եմ հարցրել նախարարին, եւ նա հավաստիացրեց, որ գործն ընթանում է: Այսինքն՝ մինչ այսօր չկա, որ գրադարանները պիտի համալրված լինեն, բայց հույս կա, որ կլինի: Ի՞նչն է խնդիրը: Չես կարող ասել, թե պետությունը վատն է կամ այսպես է, այնպես է: Չէ՞ որ այդ պետականության կրողները՝ էլիտա ասեմ, թե պաշտոնյա, մեր մի մասն են, այնպես չէ, որ իրենք ուրիշ տեղից են: Մենք, որպես հանրություն, էապես ավելի մեծ նշանակություն ենք տալիս ձեւին, քան բովանդակությանը: Բոլոր ազատական շարժումները` հիպպիներ եւ այլն, թափանցել են Հայաստան միայն ձեւով: Ներքինի եւ արտաքինի տարբերություն է. ո՞րն է կարեւոր` բովանդակությո՞ւնը, թե՞ ձեւը: Մենք վաղուց ընտրել ենք ձեւը: Ես կարող եմ միլիոնավոր օրինակներ բերել, որ մենք տուրք ենք տալիս ձեւին, իսկ բովանդակությանը` ոչ: Խնդրեմ, մեր դպրոցները, մանկապարտեզները, բուհերը, մեր ընտանիքներում դաստիարակությունը: Դիպլոմն ի՞նչ է, հենց այդ արտաքին ձեւն է, այսինքն՝ դու ունես թուղթ, բայց չունես գիտելիք:
– Իսկ պետությունն ինչպե՞ս եւ որքանո՞վ է աջակցում գործող եւ հեղինակություն ունեցող հրատարակչություններին, թե՞ դրա կարիքը չկա:
– Չի աջակցում, եւ փառք Աստծու, որ չի աջակցում: Մենք կարողանում ենք այս գործն ինքներս անել, եւ մեզ պետք չէ աջակցություն: Իսկ ի՞նչ է պետք: Պետությունը պետք է աջակցի իր քաղաքացուն եւ ցանկացած քաղաքացու, որպեսզի նաեւ սոցիալական խնդիրը լուծվի, չասեն, թե գիրքը թանկ է: Գրադարանները պետք է ունենան գրքեր, որ չունեն, եւ գրադարաններ էլ չկան: Գրադարանի ամենակարեւոր մասը շենքը չէ, այլ մարդն է` գրադարանավարը, որն ընթերցողին կարող է խորհուրդ տալ` կարդացած գրքից հետո որ 3-4 գրքերը կարդա: Իսկ Հայաստանում քանի՞ այդպիսի մարդ կա, գոնե 10 հոգի չկա, բայց պետք է լինեին 1500 կամ 3 հազար, այսինքն` համայնքային եւ դպրոցական գրադարանների չափով: Խնդիրն այն է, որ մեր հանրությունը մարդակենտրոն չէ, ամենինչակենտրոն է, բացի մարդակենտրոնից: Որոշումների կայացման հիմքում մարդը չէ, շենքն է, հատկապես, երբ ասում են` դպրոց կառուցեցինք: Երբ ժամանակին ընդունվում էր ԿԳՄՍՆ ռազմավարական ծրագիրը՝ մինչեւ 2030 թ., ես տեսա, որ «գիրք» ու «գրադարան» բառերը չկան, ես այդ հարցը բարձրացրի, բայց այդպես էլ մնաց: Հաշվել եմ, որ այդ փաստաթղթում 11 տեղ նշվում է՝ լաբորատորիա: Եվ այսօր Հայաստանի դպրոցները հագեցված են լաբորատորիաներով, իսկ գիրք ու գրադարան ինչպես չկար նախկինում, այդպես էլ չկա հիմա: Ամենակարեւոր փաստաթղթում դա գրված չէ: Մեր բոլոր պաշտոնյաները գրքատյա՞ց են, երեւի՝ չէ, բայց ինչո՞ւ չեն գրել: Դա հենց չկարեւորելն է բովանդակությունը, որովհետեւ գիրքը բովանդակություն է: