Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա Սաֆարյան

Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում. Սեդա Սաֆարյան

Thu, 15 Oct 2026 15:45:04 +0400


Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր։ ՍԴ նախագահի թեկնածուներ են առաջադրվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը եւ Վլադիմիր Վարդանյանը։ Գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, և պետք է անցկացվի նոր ընտրություն։ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեռ հստակեցված չէ նոր ընտրության ժամկետը, սակայն նշեց, որ ինքը կատարել է իր ընտրությունը, բայց դա գաղտնի է, և ինքը դրա մասին խոսել չի կարող:

– Տեղեկություններ կային, որ Դուք էլ եք ցանկանում դառնալ ՍԴ նախագահ, սակայն Ձեր թեկնածությունը չեք առաջադրել:

– Ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, նման քննարկում ընդհանրապես չի եղել, ես նման մտադրություն երբևիցե չեմ ունեցել, երկու դատավոր են թեկնածություն առաջադրել, սակայն իմ հետ կապված ոչինչ պետք չէ փնտրել տողատակերում, ես ոչ մի մասնակցություն չունեմ այդ պրոցեսում:

– Ի՞նչ եք կարծում առաջադրված երկու թեկնածուներից ո՞ր մեկն է ավելի համապատասխանում այդ պաշտոնում:

– Ես իմ կարծիքը իմ քվեով ցույց եմ տվել: Եթե ընդհանրական ասենք, ապա երկուսն էլ կարող էին ունենալ նման ցանկություն, և կարող են դառնալ, քանի որ նրանք կարող են ՍԴ-ի համար ունենալ նշանակություն, դերակատարում, բայց ես բնականաբար մեկի կողմից եմ, մյուսին` դեմ եմ, սակայն քանի որ դա գաղտնիք է, չեմ կարող ասել ոչինչ:

– Վլադիմիր Վարդանյանի` նախկին ՔՊ-ական լինելու հանգամանքը շատ է քննարկվում, նա եղել է Քաղպայմանագիր կուսակցության կողմից առաջադրված պատգամավոր, զբաղեցրել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, իրականացրել է իշխող կուսակցության քաղաքականությունը, մտավախություն կա, որ նա կլինի հեշտ կառավարելի:

– Եթե անձին այլ մարմնից բերում են Սահմանադրական դատարան, և դա թույլատրելի է, այլևս շատ հետ գնալը և այդ մասին վկայակոչելը երևի թե այնքան էլ ճիշտ չէ: Բոլորն էլ ինչ-որ մի տեղից են եկել: Մեկը Երևանի պետական համալսարանից է եկել, մյուսը` փաստաբանական հանրույթից է եկել, մյուսը` ԱԺ-ից: Այսինքն` բոլորս էլ ինչ-որ մի տեղից եկել ենք, եթե հետադարձ կապը պետք է անվերջ պահպանվի, ապա մենք ոչ ՍԴ նախագահ կունենաք, ոչ էլ դատավոր: Նման հարցերում ես կարծում եմ, որ շատ կարևոր է անձի ինքնուրույնությունը, սկզբունքայնությունը, ազնվությունը: Թե որտեղից է եկել անձը, դա այնքան էլ մեծ նշանակություն չունի: Մարդը ԱԺ-ում այլ դիրքորոշմամբ կարող է հանդես գալ, ՍԴ-ում լրիվ ուրիշ մարդ են դառնում: Մարդը կարող է իր հետագիծը փոխել: Կոնկրետ ես այդպես եմ դիտարկում: Ես օրինակ` ավելի շատ հետադարձ աշխատանքը զուտ եռանդի հետ եմ կապում, աշխատասիրության հետ եմ կապում, բայց ինձ համար անընդունելի չէ, որ եթե մարդը եկել է ԱԺ-ից, պիտի պարտադիր ինչ-որ քաղաքական ուժի նախապատվություն տա:

– Ամռանը, երբ ընդդիմադիր ուժերը դիմել էին ՍԴ` հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար, Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը ՍԴ-ի որոշմամբ չմասնակցեցին ընտրությունների վիճարկման գործը քննությանը, քանի որ կասկածի տակ էր դրվել նրանց օբյեկտիվության հարցը: Այսինքն` ՍԴ-ն որպես անկախ հանդիսացող դատական մարմին կասկածի տակ էր դրել նույն Վլադիմիր Վարդանյանի անաչառությունը, այժմ ինչպե՞ս է ստացվում, որ նա անկախ է:

– Ճիշտ եք հիշում: Եղել է այդպիսի բան, սակայն ես այդ հարցը չեմ կարող մեկնաբանել, սա մի փոքր այլ խնդիր է: Իմ տպավորությամբ, անձը եթե դատավոր է դառնում, պետք է իր բոլոր քաղաքական հակումները, նախկինում ունեցած քաղաքական գաղափարները պետք է մի կողմ դնել, հակառակ դեպքում որպես դատավոր հնարավոր չէ կայանալ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից

Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Mon, 19 Oct 2026 10:41:01 +0400 Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում…

21 րոպե ago

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս

Աշխարհն «իրար է խառնվել»․ ցույցեր, ձերբակալվածներ, քաոս Mon, 19 Oct 2026 10:30:18 +0400 Այս օրերին…

32 րոպե ago

«Ես խաբել չեմ կարող». Արթուր Մինասյանը հրաժարական է տվել

«Ես խաբել չեմ կարող». Արթուր Մինասյանը հրաժարական է տվել Mon, 19 Oct 2026 10:15:38 +0400…

46 րոպե ago

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ

Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը Իրանի դեմ Mon, 19 Oct 2026 09:30:03 +0400 Իրանի…

2 ժամ ago

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով

Իրանում պետական համակարգը գործել է նախապես մշակված հնարավոր սցենարներով Mon, 19 Oct 2026 09:15:03 +0400…

2 ժամ ago

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են

Ֆրանսիայում տեղի ունեցողի մեղավորը նախկիննե՞րն են Mon, 19 Oct 2026 01:00:18 +0400 Այս օրերին Ֆրանսիայում…

10 ժամ ago