Բրիտանացի գրողը հատկապես տպավորված է եղել Վանում ապրող հայերով
Fri, 16 Oct 2026 21:00:08 +0400
1890 թվականին բրիտանացի ճանապարհորդ եւ գրող Իզաբել Բյորդը 6 շաբաթ անցկացրել է պատմական Հայաստանում, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում էր։ Նա ճամփորդությունը սկսելիս առանձնահատուկ հետաքրքրություն չի ունեցել «Հայկական հարցի» հանդեպ։ Սակայն վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ Բյորդը հոդվածներ է հրապարակել, պառլամենտի ներկայացուցիչների առաջ հանդես է եկել ելույթներով՝ կոչ անելով ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է Օսմանյան կայսրությունում։ Իզաբել Լյուսի Բյորդը ծնվել է 1831-ին՝ Յորքշիրում՝ անգլիկան քահանայի ընտանիքում։ Վաղ տարիքում ունեցել է առողջական խնդիրներ։ Բժիշկների խորհրդով սկսել է ճամփորդել։ Եղել է Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, Հավայան կղզիներում, Ճապոնիայում, Մալայզիայում եւ այլուր։ Նրա ճամփորդական գրառումները, որոնք գրվել են որպես նամակներ՝ ուղղված քրոջը, հիմք են դարձել լայն ճանաչում գտած գրքերի համար։ 1892 թվականին Բյորդն այն առաջին կանանցից էր, ովքեր դարձել էին Բրիտանական Արքայական աշխարհագրական ընկերության անդամ։
1889 թվականին նա Հնդկաստանից ուղեւորվել է Մերձավոր Արեւելք, Իրանի եւ Քուրդիստանի վրայով հասել Վանա լիճ։ Մտադրություն է ունեցել այցելել Նեստորական եկեղեցու պատրիարքին եւ տեղի բողոքական-ավետարանական առաքելություն։ 1890 թ. նոյեմբերին, հաղթահարելով վտանգավոր լեռնային ճանապարհները, նա ժամանել է Վան, ճանապարհին ենթարկվել հարձակումների, կողոպուտների։ Ցուրտն ու հիվանդության նոպաներն ավելի են բարդացրել ամեն բան։ Բյորդը խոստովանել է, որ նախապես բացասաբար է տրամադրված եղել հայերի հանդեպ եւ վատ է իմացել նրանց դրության մասին։ Սակայն հանդիպելով հայ գյուղացիների հետ եւ ծանոթանալուվ նրանց կյանքին ու կենցաղին՝ աստիճանաբար փոխել է հայացքները։ Գյուղերում նրան պատմել են անասունների գողությունների, բռնությունների, հարստահարումների, պաշտոնյաների կաշառակերության եւ ամենաթողության, քուրդ զինված խմբավորումների հարձակումների մասին։ Գյուղերից մեկում պատմել են, որ 2 տարում 1200 ոչխար են գողացել գյուղից, ինչպես նաեւ՝ հարկերի վճարման համար հավաքված գումարը։ Բյորդը փորձել է զատել անձնական դիտարկումներն այլոց պատմություններից եւ համադրել տարբեր մարդկանց վկայությունները։ Նա գրել է, որ շատ հայեր պարզապես վախենում են բացահայտ գանգատվել իշխանություններից՝ վրիժառությունից խուսափելով։ Նրա դիտարկումներով՝ հարկ հավաքել են նույնիսկ նրանցից, ովքեր զրկված են եղել ամեն բանից՝ ավազակային հարձակումների հետեւանքով, իսկ պետական պաշտոնյաները դիմել են ֆիզիկական ծանր պատիժների կիրառման։ Բյորդն այդ ամենը մեկնաբանել է օսմանյան պետական համակարգի ընդհանուր նեխածության տեսանկյունից եւ ոչ թե միջէթնիկ հակասությունների համատեքստում։
Նա հատկապես տպավորվել է Վանից` իր այգիներով, խաղողի տնկարաններով, վանքերով եւ աշխույժ առեւտրով։ Նկատել է, թե որքան ձեռներեց են հայերը, աչքի է զարնել նրանց նշանակալի դերակատարումը շրջանի տնտեսական կյանքում եւ հավատարմությունն ազգային ու կրոնական կյանքին։ Խոստովանելով, որ նախկինում սխալ պատկերացում է ունեցել՝ Իզաբել Բյորդը հայտարարել է, որ հայերն Արեւմտյան Ասիայի ժողովուրդների շարքում ամենաաշխատասեր ու եռանդուն էթնիկ խումբն են։
Բիթլիսում Բյորդը ծանոթացել է ամերիկյան միսիոներուհիների գործունեությանը, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են հայ տղաների եւ աղջիկների կրթության գործով։ Նա հատկապես ուշադրություն է դարձրել կանանց իրավազրկվածությանն ու չքավորությանը։ Էրզրումում տեղեկացել է 1890 թվականին ծագած անկարգությունների մասին, որոնք տեղի են ունեցել Սանասարյան վարժարանի եւ Հայկական եկեղեցու խուզարկությունից հետո։ Նաեւ տեսել է, թե ինչպես են թուրքական իշխանությունների կողմից քրդական զինված խմբավորումների առաջնորդ բեյերին տրվել մեծ լիազորություններ։ Բրիտանիա վերադառնալով՝ նա այդ ամենը հրապարակել է 1891 թվականին լույս տեսած Journeys in Persia and Kurdistan գրքում եւ մի շարք հոդվածներում։ Բյորդի նյութերն արժեքավոր են Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների եւ հատկապես՝ հայերի վիճակի ուսումնասիրման եւ «Հայկական հարցի» պատմության համար։ Բյորդը մահացել է 1904 թ. հոկտեմբերի 7-ին՝ Էդինբուրգում։