Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Fri, 16 Oct 2026 20:59:45 +0400


COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։

Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնության պաշտպանության ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Հռչակագիրը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդների, կանանց, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների, ինչպես նաև բիզնեսի և ֆինանսական հատվածի ներկայացուցիչների ընդհանուր հանձնառությունը՝ բնապահպանական պարտավորությունները վերածելու կոնկրետ գործողությունների և շոշափելի արդյունքների։

Փաստաթղթում ընդգծվում է, որ կենսաբազմազանությունը և էկոհամակարգերի գործառույթներն ու ծառայությունները Երկրի վրա կյանքի հիմքն են։ Դրանք կարևոր նշանակություն ունեն պարենային անվտանգության, կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունության, մարդու առողջության, տնտեսական բարեկեցության և կայուն զարգացման ապահովման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում ցամաքային, քաղցրահամ ջրերի, ափամերձ և ծովային էկոհամակարգերի, ինչպես նաև օվկիանոսների, սառցադաշտերի և լեռնային տարածքների պահպանությանը։

Հռչակագրի առանցքային նպատակներից է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի արդյունավետ իրականացումը։ Մասնակիցները վերահաստատում են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցման և շրջադարձի ապահովման, իսկ մինչև 2050 թվականը բնության հետ ներդաշնակ ապրելու տեսլականին հասնելու հանձնառությունը։

Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ վերջին տարիներին կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ միջազգային ջանքերն ակտիվացել են, սակայն արձանագրված առաջընթացը դեռևս բավարար չէ։ Այդ պատճառով անհրաժեշտ է արագացնել գործողությունները, ամրապնդել քաղաքական կամքը և բարձրացնել ստանձնած պարտավորությունների իրականացման արդյունավետությունը։

Հռչակագրում առանձնահատուկ տեղ է հատկացվում պետական կառավարման համակարգում բնապահպանական հարցերի ինտեգրմանը։ Ընդգծվում է, որ կենսաբազմազանության պահպանությունը պետք է ներառվի պետական քաղաքականության, տնտեսական գործունեության և ֆինանսական որոշումների մեջ՝ ապահովելով տարբեր ոլորտների միջև քաղաքականության համաձայնեցվածություն և նպաստելով կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական ծրագրերի համար բավարար, կանխատեսելի և ժամանակին հասանելի ֆինանսական միջոցների ներգրավումը։ Հռչակագիրը կոչ է անում ակտիվացնել պետական և մասնավոր ֆինանսավորումը, զարգացնել միջազգային գործընկերությունը, խթանել բնության վրա հիմնված լուծումները և էկոհամակարգային մոտեցումները, ինչպես նաև ընդլայնել զարգացող երկրների համար տեխնիկական աջակցությունը, գիտական համագործակցությունը և տեխնոլոգիաների հասանելիությունը։

Փաստաթուղթն ընդգծում է գիտության, նորարարության և տվյալների վրա հիմնված որոշումների կայացման կարևորությունը։ Կենսաբազմազանության վիճակի արդյունավետ գնահատման, գործողությունների պլանավորման և արդյունքների վերահսկման համար անհրաժեշտ է կատարելագործել մոնիթորինգի, հաշվետվողականության և գնահատման համակարգերը։ Միևնույն ժամանակ կարևորվում է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ավանդական գիտելիքների, նորարարությունների ու փորձի ճանաչումն ու հարգումը։

Հռչակագիրը կարևորում է նաև կանանց, երիտասարդների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, բիզնեսի և ֆինանսական կառույցների լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը բնապահպանական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Առանձին ուշադրություն է դարձվում կայուն արտադրության և սպառման խթանմանը, տնտեսության տարբեր ոլորտներում բնության նկատմամբ պատասխանատու մոտեցումների ներդրմանը, ինչպես նաև գենետիկական ռեսուրսների թվային հաջորդականության տեղեկատվության օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխմանը։ Փաստաթուղթը կարևորում է նաև բնապահպանական միջազգային համաձայնագրերի միջև համագործակցության և քաղաքականության համաձայնեցվածության ամրապնդումը։

Հռչակագիրը կոչ է անում համաժողովի շրջանակում ձևավորել հստակ և արդյունքահեն ուղի՝ Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի 23 թիրախների իրականացման արագացման համար։

Երևանի հռչակագրի հիմնական ուղերձն այն է, որ բնության պահպանությունը պահանջում է հետևողական գործողություններ, համարժեք ֆինանսավորում, միջազգային համերաշխություն և հասարակության բոլոր հատվածների մասնակցություն։ Միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի կասեցնել կենսաբազմազանության կորուստը, վերականգնել էկոհամակարգերը և ապահովել ավելի կայուն, դիմակայուն ու արդար ապագա ներկա և գալիք սերունդների համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

32 րոպե ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

46 րոպե ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

1 ժամ ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

1 ժամ ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

2 ժամ ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

2 ժամ ago