Պատերազմների եւ կախարդված աշխարհի առանցքը

Պատերազմների եւ կախարդված աշխարհի առանցքը

Sat, 17 Oct 2026 19:45:09 +0400


Չգիտեմ ով է ասել. «Երկրագունդն իր առանցքի շուրջ չէ, որ պտտվում է, այլ պտտվում է փողի, շահի ու հավակնությունների շուրջ՝ թքած ունենալով որեւէ ազգի, մարդու ու մարդկության վրա», բայց ճշմարիտ միտք է, որի վկան ուկրաինական արյունալի պատերազմն է, Իրանի շուրջ լարվող օղակը, Մերձավոր Արեւելքի տվայտանքն ու նավթային կայսրությունների հաշվեհարդարները։ Ամերիկացի պրագմատիկ փիլիսոփան իզուր չի ասել. «Տիեզերքից նավթի հոտ է գալիս…»։

«Մարդկությունը պետք է վերջ տա պատերազմներին, այլապես պատերազմները վերջ կտան մարդկությանը», Ջոն Քենեդու այս նախազգուշացումից անցել է ավելի քան 60 տարի։ Սերունդներ են փոխվել, զենքերը դարձել են ավելի ճշգրիտ, հրթիռները՝ ավելի հեռահար, իսկ մարդկային միտքը, պարզվում է, դեռեւս անզոր է հաղթելու մարդկային հիմարությանն ու ագահությանը։ Հիմա աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմին մոտ է կամ անգամ՝ դրա մեջ։

Միայն հոկտեմբերի 13-15-ի միջազգային լուրերը բավական են, որպեսզի մարդ մի պահ մոռանա անձնական հոգսերը։ Ուկրաինայում ռուսական հրթիռների ու անօդաչուների հարվածներից հարյուրավոր մարդիկ են զոհվել, վնասվել են տասնյակ էներգետիկ օբյեկտներ, 600 հազար բնակիչ մնացել է առանց լույսի ու ջերմության։ Հորմուզի նեղուցում խորտակվել են բեռնատար նավեր, առեւտրային ուղիները թիրախավորված են։ Սաուդյան Արաբիայում հութիների հարվածից վնասվել է պետական նավթային հսկան։ Գազայում ու Լիբանանում հազարավոր ընտանիքներ չգիտեն՝ երբեւէ կունենա՞ն տուն, թե՞ ապրելու են փլատակների տակ։ Սրանք տարբեր տաք կետերից դրվագներ են, բայց բոլորի մեջ նույն սարսափելի ընդհանրությունն է՝ սովորական մարդը դարձել է վերեւում նստածների արկածախնդրության զոհը։ Այսպիսի լուրերն այնքան շատ են, որ մարդկությունը ձեռք է բերել նոր, սարսափելի ունակություն՝ անզգա է դարձել աղետի նկատմամբ։ Առավոտյան լսում ենք հրթիռի, հետո՝ նավի խորտակման, տեղահանվածների մասին, մի պահ տխրում ենք ու անցնում հաջորդ լուրին։ Բնականոն չէ, որ երեխան սովորում է տարբերել ինքնաթիռի ձայնը հրթիռի ձայնից։ Բնականոն չէ, որ մայրը քնելուց առաջ մտածում է՝ վաղը տուն կունենա՞։ Բնականոն չէ, որ մարդը ջերմության ու լույսի փոխարեն ստիպված է հաշվել, թե քանի ժամ կարող է դիմանալ ցրտին։ Եվ բնականոն չէ, որ աշխարհն այս ամենը դիտարկում է որպես սովորական լրահոս, իսկ աշխարհի ղեկավարները շարունակում են ճառել «ռազմավարական նպատակներից», «պատմական արդարությունից» ու «անխուսափելի հաղթանակներից»։

Նայեք, թե ինչպես են խոսում աշխարհի մեծերը։ Պուտինը հայտարարում է՝ Ռուսաստանը «բաց է բանակցությունների համար», բայց զուգահեռ՝ հրթիռներ է տեղում Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Արեւմտյան առաջնորդները՝ Վաշինգտոնից մինչեւ Եվրոպա, ճառում են «ժողովրդավարության պաշտպանությունից», բայց միլիարդավոր դոլարների նոր զինատեսակներ են մատակարարում պատերազմի կողմերից մեկին։ Թրամփը խոստանում է պատերազմը կանգնեցնել «24 ժամում», մինչդեռ ռազմարդյունաբերական հսկաները շարունակում են արձանագրել գերշահույթներ։ Բոլորը խոսում են խաղաղությունից, բայց իրենց գործողություններով խորացնում են պատերազմը։

Ռմբահարումը դառնում է «պատասխան գործողություն», ավերածությունը՝ «ռազմավարական նպատակ», բնակչության տեղահանումը՝ «անվտանգության միջոցառում», սպառնալիքը՝ «զսպման քաղաքականություն»։ Ռումբերն ընկնում են, իսկ դիվանագիտական սեղանի շուրջ բառերն այնքան անփույթ են, կարծես ոչ թե մարդկային կյանքեր են վտանգված, այլ կոտրված սպասքի փոխհատուցման պայմանագիր են ստորագրում։ Իսկ ամենազավեշտալին խաղաղության անվան տակ սպառազինվելու անվերջ մրցավազքն է, երբ երկրները վազում են դեպի «անվտանգություն», բայց իրականում գլխապատառ մոտենում են աղետին։

ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերը 1953 թ. հիշեցնում էր, որ սպառազինության վրա ծախսվող յուրաքանչյուր դոլար իր գինն ունի՝ քաղցածների, չկերակրվողների ու անտեսվածների հաշվին։ Այսօր այդ ճշմարտությունը դառնում է դառը հաշիվ, որը վճարում են հասարակ մարդիկ։ Պատերազմի գինը չի սահմանափակվում ռազմաճակատով. այն հասնում է նավահանգիստներ, բարձրացնում գները, մտնում մեր տներն ու խառնում ընտանեկան բյուջեի հաշվարկները։

Ու այս համաշխարհային փոթորկի ֆոնին, երբ աշխարհը կանգնած է անդունդի եզրին, առանձնակի ցավով ու տագնապով ենք նայում մեր սեփական տանը՝ Հայաստանին։ Նիկոլական ազգուրաց քաղաքականությունը մեզ տանում է ուղիղ դեպի պետականազրկում։ Հայաստանի գոյատեւումն այս պատերազմող աշխարհում հարցականի տակ է, քանի որ երկրի ղեկը բռնած անձը ո՛չ տեսլական ունի, ո՛չ մտածելու կարողություն՝ աղետը կանխելու մասին։ Նա ոչինչ նախապես չի մտածում. Միայն, երբ հարվածը հասնում է մեր (ոչ իր) գլխին, սկսում է արդարանալ կամ ասում է՝ կմտածի ինչ անել։

Այդպես «մտածելու» հերթական դրսեւորումն է մեր անմիջական հարեւան եւ դարավոր բարեկամ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում դրսեւորվող վախկոտ ու երկերեսանի կեցվածքը։ Երբ հարց է բարձրանում, թե ինչպես կվարվի Երեւանն Իրանի նկատմամբ սահմանվող հնարավոր պատժամիջոցների պայմաններում, Ամենակարողը հայտարարում է՝ «եթե պատժամիջոցներ սահմանեն, կմտածենք ինչ անենք»։ Սա ո՛չ քաղաքականություն է, ո՛չ դիվանագիտություն, բացահայտ ուրացում է բարեկամ երկրի հանդեպ ու վտանգավոր քաղաքականություն, որը Հայաստանը դարձնում է մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերում։ Եվ ո՞վ է հիշեցնելու ղեկավարներին՝ թե՛ համաշխարհային, թե՛ մեր սեփական, որ իշխանությունը մարդկանց կյանքը տնօրինելու անսահմանափակ իրավունքը չէ։ Եթե պատերազմ որոշողներն ու սեփական երկիրը վաճառողներն անձամբ զգային իրենց որոշումների գինը, գուցե ավելի ուշադիր կլինեին քաղաքական հաշվարկների մեջ։

Աշխարհի ու մեր փոքրիկ երկրի հրձիգնե՛ր, մի պահ կանգ առեք։ Նայեք ոչ թե ձեր աթոռներին ու հաշվեհամարներին, այլ այն մարդկանց աչքերին, որոնց ապագան խաղաքարտ է ձեր ձեռքին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին

«Ես դև չեմ». Քիմ Քարդաշյանի 13-ամյա դուստրը՝ իրեն քննադատողներին Sat, 17 Oct 2026 23:45:22 +0400…

3 ժամ ago

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով

Մեգան Մարքլը խզել է հարաբերությունները դիզայների հետ Քեյթ Միդլթոնի պատճառով Sat, 17 Oct 2026 23:30:52…

4 ժամ ago

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է Մալթա Sat, 17 Oct 2026 23:15:54 +0400 «Մանկական…

4 ժամ ago

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները

Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները Sat, 17 Oct 2026 23:00:47…

4 ժամ ago

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400…

4 ժամ ago

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ

Արքայազն Հարրիին մեղադրել են արքայադուստր Դիանայի մահից շահույթ ստանալու մեջ Sat, 17 Oct 2026 22:32:46…

5 ժամ ago