Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ
Sun, 29 Nov 2026 20:30:02 +0400
Հունաստանի ոստիկանությունը վնասազերծել է երեք հանցավոր կազմակերպություն և մեկ ավազակախումբ, որոնք կասկածվում են Գալատասում, Մեթանայում, Պորոս կղզում և Ատտիկայի տարածաշրջանում թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ, հայտնում է Kathimerini-ն։
Լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել է տասը մարդ, խմբավորումների ևս յոթ ենթադրյալ անդամներ հետախուզվում են, շաբաթ օրը հայտնել է ոստիկանությունը։
Ձերբակալվածների թվում են 31-ից 64 տարեկան ինը տղամարդ և մեկ կին։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել, մասնավորապես, թմրանյութերի առևտրով զբաղվելու նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ազդանշանային հրթիռների ու հրավառության միջոցների օգտագործման մասին օրենսդրությունը խախտելու համար։
Գործողությունն իրականացրել են Տրիզինայի ոստիկանության վարչության աշխատակիցները՝ Պիրեոսի հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման և Պորոս կղզու ոստիկանության աջակցությամբ։
Հետաքննության շրջանակում 51 անձի նկատմամբ գործ է հարուցվել թմրանյութ պահելու փաստով։ Ոստիկանության տվյալներով, կասկածյալներից մեկը՝ 46-ամյա մի տղամարդ, ենթադրաբար թմրանյութ է վաճառել Տրիզինայի շրջանում գտնվող դպրոցի մերձակայքում։