Իրո՞ք, «պարոն վարչապետ»

Իրո՞ք, «պարոն վարչապետ»

Sat, 17 Oct 2026 20:45:36 +0400


Փաշինյանը կարծիքով Հայաստանը մեծ ներուժ է տեսնում Ադրբեջանի հետ բնապահպանական ոլորտում համագործակցության համար։ Դրա հիմքն, ըստ նրա, ընդհանուր շահերի ոլորտներ ձևավորող և դրանով երկրներ միավորող բնապահպանությունն է։ Եվ այդ ոլորտում փոխկապակցվածությունը կարող է խթան ստանալ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն դա հերթական ինքնախաբեությունն է: Կամ էլ դրա կեղծ լինելը գիտակցողի կողմից իրեն լսողներին հիմարի տեղ դնելը: Եթե, իհարկե, դիմացիները չեն պատկերացնում, թե որ տարածաշրջանում են գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը: Եվ ինչ է տեղի ունենում այդ երևույթի առնչությամբ մեզ հարևան տարածքում:

Իսկ տեղի են ունենում, բառիս բուն իմաստով, ջրային սառը պատերազմներ՝ անընդհատ մնալով իրական պատերազմի աղբյուրներ: Ներկայումս Թուրքիայի արևելյան մաս հանդիսացող այդ տարածքում (ժամանակին Մեծ Հայքն էր) սկիզբ առնող Եփրատ և Տիգրիս գետերն հոսում են Սիրիայի (Եփրատը) և Իրաքի (Տիգրիսը) տարածքներով և Իրաքի տարածքում միախառնվելով՝ թափվում են Պարսից ծոցը: Այդ երկու գետերի ավազանում, ըստ համացանցի, ջրային հիմնախնդիրները ներկայումս Մերձավոր Արևելքի ամենասուր աշխարհաքաղաքական և բնապահպանական մարտահրավերներից են: Լսո՞ւմ եք, «պարոն վարչապետ», աշխարհաքաղաքական և բնապահպանական մարտահրավերներ և ոչ թե շահեր միավորող: Իսկ ինչո՞ւ է ձեզ թվում, որ մեր դեպքում դրանք վերածվելու են համագործակցության հիմքի:

Վերջին տասնամյակներում գետերի հոսքն, ըստ ԱԲ-ի, նվազել է շուրջ 40%-ով: Դրա գլխավոր պատճառը Թուրքիայի կողմից իրականացվող Հարավարևելյան Անատոլիայի նախագիծն է (GAP): Թուրքիան գետերի վերին հոսանքներում կառուցել է 22 խոշոր ամբարտակ և 19 հիդրոէլեկտրակայան: Եփրատի վրա կառուցված Աթաթուրքի ջրամբարը և Տիգրիսի վրա գտնվող Իլիսու ամբարտակը թույլ են տալիս Անկարային գրեթե ամբողջությամբ վերահսկել և ըստ ցանկության սահմանափակել դեպի Սիրիա և Իրաք հոսող ջրի քանակը: Ջրի այսպիսի միակողմանի կուտակումը հաճախ օգտագործվում է որպես քաղաքական ճնշման գործիք հարևան երկրների դեմ: Եվ այս ամենը ես չեմ ասում, այլ արհեստական բանականությունը: Այն ԱԲ-ն, որի տվյալների կենտրոններից մեկը վերջերս է կառուցվել Հրազդանում:

Ավազանի երկրների (Թուրքիա, Սիրիա, Իրաք, Իրան) միջև չկա ջրի արդարացի բաշխման վերաբերյալ ընդհանուր, պարտադիր իրավական համաձայնագիր: Չեմ կարծում, թե այդպիսի պայմանագիր կկնքվի «կիրթ ու կառուցողական» Իլհամի հետ: Այն Իլհամի, ով բաց չի թողնում ձեզ ստորացնելու և հանցագործ անվանելու առիթը: Շարունակենք: Թուրքիան այս գետերը դիտարկում է ոչ թե որպես «միջազգային», այլ «տրանսսահմանային» ջրեր՝ պնդելով, որ իր սուվերեն իրավունքն է տնօրինել իր տարածքից սկիզբ առնող ռեսուրսները: Հաշվի առնելով, որ երկու գետերի ջրերի հիմնական մասը (Եփրատի 89%-ը և Տիգրիսի 51%-ը) գոյանում է Թուրքիայի տարածքում, այդ երկիրը համարում է, որ ջուրն իր ազգային հարստությունն է: Իսկ Իրաքն ու Սիրիան ամենախոցելին են՝ որպես ստորին հոսանքի երկրներ: Իրաքում ջրի ներհոսքը պատմական միջինի համեմատ երբեմն նվազում է մինչև 27%, ինչի հետևանքով այդ գետերի որոշ հատվածներ հնարավոր է լինում անցնել ոտքով: Կրկնեմ, Տիգրիսի ու Եփրատի պես հզոր ու ջրառատ գետերը կարելի կտրել անցնել առանց լուրջ թրջվելու:

Ջրի սուր դեֆիցիտի պատճառով Իրաքում և Սիրիայում հարյուր հազարավոր հեկտար մշակելի հողեր դուրս են մնացել շրջանառությունից, հայտնում է ԱԲ-ն: Ինչը, բնականաբար, պետք է առաջացներ պարենային անվտանգության խնդիրներ: Ու դա էլ ստիպել է հազարավոր գյուղացիների լքել իրենց տունն ու տեղը՝ լրացնելով սիրիական ու իրաքյան քաղաքների անտուն և ընչազուրկ բնակիչների բազմությունը: Հատկապես տասնամյակներ տևած պատերազմի շրջանում:

Ի դեպ, ՄԱԿ-ը 1997 թվականին ընդունել է «Միջազգային ջրահոսքերի ոչ նավագնացային օգտագործման տեսակների մասին» կոնվենցիան, որը պահանջում է ջրի արդարացի բաշխում և արգելում է հարևան երկրներին վնաս հասցնող նախագծերի իրականացումը: Թուրքիան դեմ է քվեարկել և չի վավերացրել այս կոնվենցիան, ինչը նրան ազատում է միջազգային իրավական պարտավորություններից: Դրանից առաջ (1987-ին) Թուրքիան և Սիրիան կնքել են ժամանակավոր համաձայնագիր, ըստ որի Թուրքիան պարտավորվում էր Եփրատով Սիրիային բաց թողնել վայրկյանում պատմական նվազագույնը՝ 500 խորանարդ մետր ջուր: Իսկ դրա 58%-ը Սիրիան իր հերթին պետք է փոխանցեր Իրաքին: Սակայն կլիմայական չորացման և Թուրքիայում նոր ամբարտակների գործարկման պատճառով Անկարան հաճախ չի պահպանում այս ցուցանիշը՝ պատճառաբանելով ջրի բնական պակասը:

Ինչ մնում է կոնկրետ Ադրբեջանին, ապա պատերազմում հաղթանակից հետո այդ երկիրն անընդհատ փորձում է իրենով անել Հայաստանը սնուցող՝ խմելու ջրի ակունքները: Ինչը, կարծում եմ, իրեն ամբողջությամբ կհաջողվի՝ եթե մի 5-10 տարի էլ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնի Փաշինյանը: Իսկ թե ինչու է դրան ձգտում՝ պետք է որ գիտակցեն այդ անձի շրջապատը, ինչպես նաև գյուղական բնակչությունը: Չմոռանամ ասել, որ վերոնշյալ կոնվենցիային չեն միացել ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Ադրբեջանը, չնայած այն օգուտ չի տվել ո՛չ Սիրիային և ո՛չ էլ Իրաքին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ահեղ դատաստանի օրվա ռադիո

Ահեղ դատաստանի օրվա ռադիո Sat, 17 Oct 2026 22:00:10 +0400 Մամուլում եւ համացանցում «Ահեղ դատաստանի…

6 րոպե ago

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Sat, 17 Oct 2026 21:45:09 +0400…

21 րոպե ago

Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20․000 դոլար

Իլոն Մասկը կրճատել է որդու մոր ամսական վճարումները մինչև 20․000 դոլար Sat, 17 Oct 2026…

36 րոպե ago

ՏԻՄ ընտրություններից առաջ ավագանու թեկնածուները համատարած ինքնաբացարկ են հայտնում

ՏԻՄ ընտրություններից առաջ ավագանու թեկնածուները համատարած ինքնաբացարկ են հայտնում Sat, 17 Oct 2026 21:15:10 +0400…

51 րոպե ago

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը

Հայ կինոյի հսկան ու նրա թողած հետքը Sat, 17 Oct 2026 21:00:14 +0400 Հայկական կինոյի…

1 ժամ ago

Նոր հարստացման մեթոդներ չկան, բայց մոտեցումներն են փոխվում

Նոր հարստացման մեթոդներ չկան, բայց մոտեցումներն են փոխվում Sat, 17 Oct 2026 20:43:46 +0400 Latest…

1 ժամ ago