Ահեղ դատաստանի օրվա ռադիո
Sat, 17 Oct 2026 22:00:10 +0400
Մամուլում եւ համացանցում «Ահեղ դատաստանի օրվա ռադիո» են անվանում կարճալիք UVB-76 ռադիոկայանը։ Արդեն մի քանի տասնամյակ իր խորհրդավորությամբ այն գրավում է ռադիոսիրողների, ուսումնասիրողների եւ լրագրողների ուշադրությունը։ Ռադիոկայանն աշխատում է 4625 կՀց հաճախականության վրա։ Եթերի մեծ մասը հնչում է նույանման մոնոտոն բզզոցային ազդակը, որը կրկնվում է մեկ րոպեում 25 անգամ։ Պարբերաբար, սակայն, այն ընդհատվում է, եւ հնչում է ռուսերենով ծածկագրված հաղորդագրություն։ Դրանք սովորաբար առանձին բառեր են կամ տառեր կամ էլ՝ թվային համակցություն։ Առաջին անգամ նման հաղորդագրությունները հաղորդվել են 1970-ականներին եւ 80-ականների սկզբին։ Ռադիոկայանը պատկանում է ՌԴ Արեւմտյան ռազմական օկրուգին։ Այն, անշուշտ, կապված է ռուսական ռազմական համակարգի հետ, սակայն թե ինչ նշանակություն ունի, ոչ ոք չգիտի։
Վարկածներից մեկի համաձայն, ծածկագրված հաղորդագրությունները, որոնք հնչում են ժամանակ առ ժամանակ, երբ ընդհատվում է ռադիոկայանի եթերի մեծ մասն ընդգրկող մարկերային բզզոցը, ունեն հստակ եւ հատուկ հասցեատերեր։ Դրանով հաղորդագրությունները կարճալիքների միջոցով ուղարկվում են շատ մեծ հեռավորությունների վրա։ Համաձայն մեկ այլ վարկածի, երբ «Ահեղ դատաստանի օրվա ռադիոն» լռի, դա կնշանակի, որ աշխարհում արտակարգ դրություն է, եւ միջուկային պատասխան հարված է հասցվելու նախահարձակ հարվածին։ Սա, սակայն, առասպել է, որպիսիք հաճախ են հյուսվում նմանատիպ գաղտնի օբյեկտների շուրջ։ Հատկապես ուշադրություն են գրավում առանձին ձայնային հաղորդագրությունները, որոնք միշտ չէ, որ ակնհայտ իմաստ են պարունակում, ինչպես նաեւ թվային կոմբինացիաները։ Մասնագետները փորձում են հասկանալ դրանց հետ կապված ինչ-ինչ օրինաչափություններ եւ վերծանել դրանք։ Սակայն առայժմ կարծես թե չի հաջողվում։ «Ահեղ դատաստանի օրվա ռադիո»-ի հանդեպ հետաքրքրությունն աճում է հատկապես միջազգային լարվածության ժամանակ։ Ցանկացած անսովոր հաղորդագրություն կամ տեւական ընդմիջում հեռարձակման մեջ դառնում է լայն քննարկումների առարկա։ Ի դեպ, կա վարկած, որ այն կապ ունի ոչ երկրային քաղաքակրթությունների հետ եւ «այլմոլորակայինների» հետ կապի պահպանման գործիք է։ Թեեւ կան նաեւ այնպիսիք, որ UVB-76-ը պարզապես համարում են սառը պատերազմների ժամանակների վերապրուկ, որն իր շուրջ ստեղծված առասպելների եւ պարուրած առեղծվածայնության շնորհիվ՝ թվային ներկայիս դարաշրջանում շարունակում է մնալ հետաքրքրության առարկա։