Պատճառները շատ ավելի խորքային են ու երկար կուտակված
Sun, 18 Oct 2026 14:02:42 +0400
Մի կողմից թվում է, թե էս եվրոպացիք գժվել են` դպրոցներում սանիտարական վատ պայմաններ, դասասենյակների փոքրություն…աբսուրդ պահանջներով փողոց են դուրս եկել` ջարդում-փշրում են ամեն ինչ, ոստիկանությունը չի կարողանում զսպել, բունտերի ալիքը տարածվում է տարբեր երկրներով ու քաղաքներով, ավելի ու ավելի բարբարոս տեսք է ստանում…ցավ պատճառելով մեզ` հայերիս, որ արդեն մի քանի տարի չենք կարողանում հրապարակային պայքարի շարժում ծավալել, պատժել ՀՀ շահերին դավաճանող այս իշխանություններին:
Բայց պետք է գիտակցենք, որ եվրոպական պոռթկումի միայն առիթն են դպրոցականները, պատճառները շատ ավելի խորքային են ու երկար կուտակված: Սա համբերության բաժակը լցվելու, իրենց կյանքից ու իշխանություններից դժգոհության ակումուլյացիա է իր մեջ պարունակում, որը դուրս է հորդում մեկ մի իսպանացի տատիկի դեպքով, որը վարձակալած բնակարանից է զրկվել ու մահացել, մեկ մի անմեղ դպրոցական պահանջից, մեկ ֆերմերների բողոքից…
Աշխարհը ճգնաժամ է ապրում, Եվրոպան դժգոհ է, փոփոխություններ է ուզում, հաճախ չգիտակցելով, թե ինչ փոփոխությունների կարիք ունի և դա դրսևորվում է մեծ ագրեսիայով, ջարդ ու փշուրով, ոստիկաններին վնասելով, իշխանություն փոխելով…
Իսկ ի՞նչ ենք անում մենք` հայերս այդ նույն ժամանակ, երբ մեր երկիրն այսքան վտանգված է և նոր կորուստների եզրին. երգում-պարում- «վազում» ենք, էկոլոգիական խնդիրներ ենք քննարկում, նորաձևության շաբաթ ենք անում, քաղաքի ու բերքի տոներ ենք նշում` անհոգ ու անդարդ, կարծես աշխարհի ամենաապահով ու խաղաղ երկրում ենք ապրում…
Բայց մենք միշտ չենք այսպիսին եղել և մեր բունտերն էլ են պատմական եղել: Իսկ ամենապատմականը սկիզբ է առել հենց բնապահպանական թեմայով` երբ 88-ի փետրվարին Աբովյանում փոքրիկ բնապահպանական ակցիան առիթ դարձավ, որ մարդկանց մի փոքր խումբ փողոց դուրս գա և այդ շարժումը տեղափոխվեց Երևան ու վերաճեց հզոր ղարաբաղյան շարժման, որի դեմ սովետական տանկերն ու օմոնն էլ անզոր գտնվեցին:
Մինչդեռ 88-ին սովետական տանկեր մտան Երևան, նոյեմբերին հատուկ դրություն մտցրին, որ 9-ից հետո մարդ չլինի փողոցներում, իսկ 88-ի վերջին և 89-ի հունվարին Ղարաբաղ կոմիտեի անդամներին` շարժման բոլոր ղեկավարներին ձերբակալեցին ու տարան Մոսկվա` Մատրոսսկայա տիշինա բանտը: Բայց մարդիկ չվախեցան սովետական ահասարսուռ ԿԳԲ-ից ու բանտից, Կոմիտեի փոխարինող կազմ առաջ եկավ, շարժումը չմարեց և սովետական պատժիչ մեքենան նահանջեց` մի քանի ամսից Կոմիտեի անդամներն ազատ արձակվեցին, վերադարձան Երևան և 89-ի մայիսի 31-ին ուղիղ Մատենադարան ժամանեցին, որտեղ նրանց հարյուր հազար մարդ էր դիմավորում:
Ասել կուզեմ` սովետական 70 տարվա ռեպրեսիաներն ու ճնշումներն անգամ չկարողացան խեղդել հայ մարդու ըմբոստ ոգին, մի 8 տարվա խղճուկ ռեպրեսիաներն ինչպե՞ս կարող են խեղդել: Սովետական ԿԳԲ-ն չկարողացավ վախեցնել հայ հանրությանը` իր սոսկալի բանտերով ու սիբիրներով, փաշինյանական ԱԱԾ-ն ու ոստիկանությունն ինչպե՞ս կարող են վախ ներշնչել ու ստիպել, որ հրաժարվենք մեր հայրենիքից ու ապազգային իշխանությունների դեմ պայքարից:
Նկարում` 88-ի կադրերից. սովետական միլիցիան ու բանակը համատեղ էին փորձում ճնշել շարժումը: