Բողոքի ցույցեր է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․
Tue, 20 Oct 2026 16:15:16 +0400
Մակրոնը հոկտեմբերի 16-ին հրապարակավ հայտարարել էր, որ ցույցեր անցկացնելու իրավունքը ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է։ Փաշինյանը լսել է իր ընկեր Մակրոնին և մտածել՝ իսկ մեզ մոտ ինչո՞ւ ցույցեր չլինեն։ Եվ ահա նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել ու այսօր գրել․ «Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը եւ ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ»։ Հետաքրքիր է, չէ՞։ Երկրի վարչապետը, որի գլխավոր պարտականություններից մեկը ազատ ու արդար ընտրությունների ապահովումն է, քաղաքացիներին բողոքի ցույցերի է կոչ անում։ Դա խոստովանություն չէ՞, որ իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել քաղաքացու իրավունքը և նրան կոչ է անում փողոց դուրս գալ ու ընդվզել։ Եթե ի վիճակի չէ, այդ դեպքում ինչո՞ւ է կառչել քաղաքական պատասխանատուի աթոռից։ Եթե ընտրական իրավունքը վտանգված է, ո՞վ պետք է պատասխան տա՝ քաղաքացինե՞րը, առանձին պաշտոնյանե՞րը, թե՞ իշխանությունը։
Բողոքի իրավունքը ժողովրդավարության մաս է, բայց այն չի կարող փոխարինել պետական մարմինների պարտականություններին։ Քաղաքացին իրավունք ունի բողոքելու, բայց պետությունը չի կարող իր պարտականությունը քաղաքացու ուսերին դնել՝ ասելով՝ գնա՛, բողոքի՛ր, որ իրավունքդ պաշտպանվի։
Հենց այստեղ էլ բացվում է տողատակը։
Փաշինյանը նախապես ուզում է ցույց տալ, որ ինքն անձամբ կողմ է ընտրական իրավունքի պաշտպանությանը և պատրաստ է պատժել խախտումներ թույլ տվողներին։ Խորքային առումով նա ուզում է էլի իր վրայից գցել պատասխանատվությունը և մեղքը բարդել առանձին պաշտոնյաների վրա։ Ինքը՝ պատժողի դերում է, ինչպես միշտ։ Ինքը մեղավոր չէ։ Ինչպես միշտ։
Իշխանության համակարգը դուրս է մնում պատասխանատվությունից։ Այնինչ իշխանության կառավարման համակարգն է պատասխանատու ընտրությունների պատշաճ կազմակերպման ու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, և այդ համակարգի ղեկավարն էլ չի կարող իրեն դուրս դնել քաղաքական պատասխանատվությունից։
Իհարկե, կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնյան պետք է պատասխան տա իր արարքի համար։ Բայց պաշտոնյային պատժելը դեռ չի նշանակում, որ իշխանությունն ազատվում է քաղաքական պատասխանատվությունից։ Եթե խախտումը հնարավոր է դարձել կառավարման համակարգի թերությունների, վերահսկողության բացակայության կամ իշխանական միջավայրի պատճառով, ապա միայն մեկ պաշտոնյայի պատժելով հարցը չի փակվում։
Եթե պաշտոնյան սխալվում է, Փաշինյանը չի կարող ինքնաբերաբար դառնալ միայն պատժողի դերում հայտնված անմեղ դիտորդ։ Նա վարչապետ է, իշխանության ղեկավար, և պետք է պատասխանի նաև այն հարցին, թե ինչո՞ւ իր ղեկավարած համակարգում նման խախտումների հնարավորություն է առաջացել։
Իսկ եթե ընտրական իրավունքը խախտվում է, բողոքի ցույցի թիրախը ինչո՞ւ պետք է լինեն միայն առանձին ենթակա պաշտոնյաները, այլ ոչ թե նաև քաղաքական պատասխանատվություն կրող իշխանության ղեկավարը։
Առաջին հայացքից «ցույց արեք»-ը թվում է, թե իշխանությունը բողոքի կոչ է անում իր դեմ։ Բայց դա այդպես չէ։ Նա ասում է՝ ցույց արեք, որ ես առանձին պաշտոնյաների պատժեմ, իսկ համակարգը մնա՝ իմ գլխավորությամբ։
Միաժամանակ նա քաղաքացիների բողոքը փորձում է տեղավորել մի շրջանակում, որտեղ ինքն է որոշում՝ ով է մեղավոր, ով պետք է պատժվի, և որտեղ է ավարտվում պատասխանատվությունը։ Այսպես ինքը կրկին հայտնվում է պատժողի դերում։
Սա է հայտարարության քաղաքական տողատակի մեկնաբանությունը․ քաղաքացիների բողոքը կարող է ուղղվել ոչ թե համակարգի պատասխանատվությունը բացահայտելուն, այլ առանձին մեղավորների պատժով համակարգը պահպանելուն։
Ավելի պարզ՝ բողոքի ցույցեր է ուզում ոչ թե իր դեմ, այլ որ ինքը պլստա․․․
Պլստալը Փաշինյանի սիրած բառն է, բայց այս անգամ ոչ թե առանձին պաշտոնյաների է վերաբերվում, այլ հենց իրեն։