Ինչ խնդիրների առաջ կկանգնի Հայաստանը
Thu, 22 Oct 2026 14:15:07 +0400
Եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը, գլխավոր խնդիրը, որի առաջ կկանգնի ՀՀ շարքային քաղաքացին, եւ որը կհարվածի Հայաստանում բոլոր բնակվողների գրպաններին անխտիր, գազի գնի հնարավոր թանկացումն է եւ դրանից շղթայաբար եկող թանկացումները։ ԵԱՏՄ անդամակցության դադարեցումը հիմնավորապես փոխելու է Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-ԵԱՏՄ երկրներ վառելիքային ոլորտի հարաբերությունները։ Ըստ ԵԱՏՄ վերջին զեկույցի, Հայաստանի շարքային սպառողի համար գազը կարող է թանկանալ 69 տոկոսով՝ 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլարից հասնելով 300 դոլարի։ Ընդ որում, 300 դոլարը զուտ կանխատեսումային տեսական գին է, իրականում թանկացումը կարող է լինել շատ ավելի մեծ։
Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին գազի միջինացված գինը եվրոպական TTF բորսայում 1000 խմ-ի դիմաց կազմել է 422 դոլար։ Սա նշանակում է, որ գազի ներկրումը Հայաստան տարեկան կտրվածքով կարող է ավելանալ 389-657,5 միլիոն դոլարով։ Թանկացումը կկազմի 268,5 միլիոն դոլար։ Գազի թանկացումը կբերի արդյունաբերության ոլորտում խնդիրների, տնային տնտեսությունների համար կառաջացնի հավելյալ ծախսեր՝ հարվածելով մարդկանց գրպաններին։ Իսկ միջնաժամկետ եւ երկարատեւ ապագայում բացասաբար կանդրադառնա ՀՆԱ-ի վրա, կմեծանա ինֆլյացիան։ 2025-ին դեպի Հայաստան էներգետիկայի ոլորտին վերաբերող ապրանքների մատակարարումների 60 տոկոսն իրականացվել է ԵԱՏՄ երկրներից։ Բնական գազից բացի՝ դա նաեւ միներալային ապրանքներն են, նավթամթերքը։ Եվ գազի հետ կապված գումարային բաղադրիչը հանած՝ դա կազմել է 299,9 միլիոն դոլար։ Բնական գազի բաղադրիչը ներառած՝ 688,9 միլիոն դոլար։ Գազի թանկացումը կբերի էլեկտրաէներգիայի թանկացման, քանի որ ջերմակայանները, որոնք աշխատում են գազով, ավելի շատ կվճարեն իրենց ծախսած գազի դիմաց։ Էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայաձեւ կբերի ամեն ինչի թանկացման՝ հարվածելով ՀՀ-ում բնակվող մարդկանց գրպաններին։ Հայաստանի քաղաքացին պետք է իմանա, թե ՀՀ իշխանություններն իրենց եվրոպամետ ընթացքով ինչ հավելյալ ֆինանսական բեռ են պատրաստվում իր վրա դնել, եւ ինչ ենք կորցնում ԵԱՏՄ անդամակցության կորստով։