Բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ․ Ղուլունցը որոշել է շինությունը խլել
Fri, 23 Oct 2026 22:46:31 +0400
Սյունիքի Մարզի Տեղ համայնքի Տեղ վարչական շրջանում է բնակվում Գևորգ Իսախանյանը՝ նախկինում որպես զորամաս ծառայած շինությունում՝ 1-ին աստիճանի հաշմանդամ հոր (հայրը կույր է), թոշակառու մոր, եղբոր ու եղբոր ընտանիքի հետ, իսկ եղբոր երեխաներն անչափահաս են: Ապրուստը հոգում են անասնապահությամբ՝ վարկով գնված խոշոր եղջերավոր անասուններ պահելով:
Գևորգ Իսախանյանը «Հրապարակին» պատմում է, որ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի պատճառով կարող են զրկվել իրենց ապրուստը հոգալու միակ միջոցից: Ընտանիքով այստեղ են ապրում 1999 թվականից։ Ամբողջովին քանդված շինություններ են եղել, նույնիսկ տանիքն են ժամանակին թալանել-տարել, իրենք իրենց միջոցներով քիչ-քիչ փորձել են վերանորոգել, որքանով որ իրենց հնարավորություններն են թույլ տվել: Շինություններում մեկում ապրում են իրենց մեծ ընտանիքը, մյուս երկուսում պահում են վարկով գնված խոշոր եղջերավոր անասուններին։ Անասնապահությամբ են իրենց օրվա հացը վաստակում՝ եկամտի այլ աղբյուր չունեն: Իսախանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ համայնքապետ Դավիթ Ղուլունցի հետ խնդիր է առաջացել՝ նրա ընտրվելու հենց հաջորդ օրը:
«ԻՆքը երբ ընտրվեց, մի քանի օր հետո եկավ, թե այս շինություններից երկուսը տալիս եմ ուրիշին, կամ էլ՝ աճուրդով վաճառում եմ։ Այդպես միշտ գնացել- եկել է: Ես նամակներ եմ գրել վարչապետին, մարզպետարան, վարչապետի նամակը ուղղորդել են մարզպետարան, միշտ նույն պատասխանն են տվել։ Մարզպետարանը մեզ մի անգամ պատասխանել է, որ համայնքապետարանը ձեզ խոչընդոտ չի հանդիսանա, որ տվյալ շինությունները դուք օգտագործեք ձեր ապրուստի միջոցը հոգալու համար: Ինձ մի երկու անգամ Ղուլունցը կանչել է համայնքապետարան, թե՝ բա սա համայնքային սեփականություն է, թե օրենքը այսպես է պահանջում, այնպես է պահանջում: Բայց ես էլ ասում եմ, համարյա 30 տարի ես եմ տիրություն անում, ինչի՞ թողնեմ՝ ուրիշը վերցնի: Այն ժամանակ ասում էր՝ երկու շինությունը պիտի վերցնեմ՝ տամ ուրիշին, բա ես իմ անասուններին որտե՞ղ պահեմ, հացս ո՞նց վաստակեմ, ինձ ասեց՝ դա իմ խնդիրը չի, ինչ ուզում ես արա, ես իմ ուզածն անելու եմ: Հիմա ընտրություններին ընդառաջ ինձ կանչել է իր օֆիսը, ասում է, շինություններից երկուսն եմ քեզ տալիս, մյուսը՝ ուրիշին եմ տալիս: Ես էլ ասեցի, դու ի՞նչ իրավունքով ես ուրիշին տալիս՝ համայքնային սեփականություն է»,-ասաց Տեղի բնակիչը:
Ղուլունցին այս հարցում նույնիսկ սեփական՝ ՔՊ-ական ավագանիները չեն աջակցել, նույնիսկ հարց են բարձրացրել, հազիվ իրենց հացը վաստակող ընտանիքին ինչպե՞ս կարելի է զրկել ապրուստի միակ միջոցից, պատմում է մեզ սահմանամերձ բնակավայրի բնակիչը: ՔՊ-ական ավագանիներից մեկը դեմ է քվեարկել շինությունները Իսախանյանից վերցնելու որոշմանը, մյուս երկու ՔՊ-ականները միտումնավոր չեն գնացել նիստին՝ քվեարկությանը չմասնակցելու համար: