«Հրապարակ»․ Ընդդիմությունը նախորդ ընտրություններից պետք է դասեր քաղի

«Հրապարակ»․ Ընդդիմությունը նախորդ ընտրություններից պետք է դասեր քաղի

Sat, 24 Oct 2026 08:45:44 +0400


Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ

– Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու թեման դրեց շրջանառության մեջ։ Սահմանադրությունը փոխելու նպատակով պատրաստ է անգամ արտահերթի գնալ։ Սակայն ակնհայտ է, որ հանրությունն ընտրություններից հետո հիասթափված է՝ թե՛ ընդդիմադիր ուժերից, թե՛ իշխանական: Ի՞նչ պատկեր կունենանք, եթե առաջիկայում ընտրություններ լինեն: Երբ ընդդիմադիր 3 առաջնորդներից երկուսը կալանավորված են, երկրում վախի մթնոլորտ է տիրում:

– Ես կարծում եմ, որ, ելնելով ընտրություններին մեր բնակչության մասնակցությունից եւ ընտրությունների արդյունքներից, հասարակությունն ավելի քիչ քաղաքական ուժերի կարիքն ունի: Եթե նորից ընտրություններ լինեն, ավելի շատ ուժեր դժվար թե աջակցություն ստանան, ուստի մեզ շատ ավելի քիչ քաղաքական ուժեր են հարկավոր: Մյուս եզրակացությունն այն է, որ նրանք, ովքեր այսքան հորդորներից, խնդրանքներից, կոչերից հետո ընտրություններին այդպես էլ չմասնակցեցին, նոր ընտրություններին, ամենայն հավանականությամբ, նույնպես չեն գնա: Ավելին. հաճախակի ընտրություններ կազմակերպելը հանգեցնելու է նրան, որ մասնակցության թիվն է՛լ ավելի փոքրանա: Ինչպես հայկական ասացվածքն է ասում` խաղուպար չէ այս ամենը: Եթե մոտակա ժամանակներում նոր խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն, ապա կստացվի, որ նախորդներում մարդիկ իրենց ձայնը տվել են ինչ-որ քաղաքական ուժի ընդամենը մի քանի ամսով կամ մեկ տարով: Մեր պետության քաղաքական դինամիկան հունիսի 7-ի ընտրություններից հետո, մեղմ ասած, այնքան էլ մեծ չէր, որի հիմքով մենք կարողանայինք ասել, որ քաղաքական ուժերի վերաբաշխում պետք է տեղի ունենա: Արտահերթ ընտրությունները պետք է ենթադրեն ներքաղաքական լուրջ փոփոխություններ, ուժերի հանդեպ վստահության լուրջ փոփոխություն, ինչը կարող է արտացոլվել քվեարկությամբ: Հայաստանում հետընտրական փուլում որեւէ զգալի ներքաղաքական գործընթացներ տեղի չեն ունեցել: Ի՞նչ կարող է տեսականորեն լինել, եթե մոտ ժամանակ նոր խորհրդարանական ընտրություններ լինեն։ Եթե ընդդիմությունը նախորդ ընտրություններից դասեր է քաղել, ապա պետք է հարցին ավելի ռացիոնալ կերպով մոտենա եւ միավորվի, հանդես գա միացյալ դաշինքով: Պետք է համախմբվել, պետք է հանդես գալ առավել փոքրածավալ տեսականիով, միեւնույն ժամանակ` կոնսոլիդացված: Բացի այդ, ընդդիմադիր ուժերին ձայն տված ընտրազանգվածն այնքան էլ կազմակերպված չէր, որքան իշխող ուժի ընտրազանգվածը, եւ այս ամենը գիտակցելով՝ ընդդիմադիրները պետք է համապատասխան եզրակացություններ անեն: Հունիսի 7-ի ընտրություններում ամրագրվել են նաեւ ընտրակեղծիքներ: Սովորաբար, սահմանադրության հաճախակի փոփոխությունը, հաճախակի ընտրությունների գնալը պետության համբավի վրա բացասական ազդեցություն է թողնում: Այն քաղաքական անկայունության ցուցանիշ է, այլ ոչ թե կայունության: Որպես կայուն պետություն, մենք հաճախ բերում ենք ԱՄՆ-ի օրինակը, որտեղ սահմանադրությունն առանձին լրացումներով գրեթե անփոփոխ է, մինչդեռ Հայաստանում պարբերաբար սահմանադրություն է փոխվում, վերանայվում են նույն օրենքները: Այսպես առաջ գնալ հնարավոր չէ: Ի դեպ, մեր պետության փոքր բյուջեի համար ցանկացած նոր ընտրության կազմակերպում նույնպես լրացուցիչ ֆինանսական եւ կազմակերպական բեռ է: Ընտրությունը թանկ հաճույք է, թեպետ հարց է` հաճո՞ւյք է արդյոք: Արդյո՞ք մենք կարող ենք որպես պետություն մեզ նման շռայլություններ թույլ տալ: Սա եւս խնդիր է: Ես կարծում եմ, որ եթե իսկապես իշխանությունը որեւէ զգալի փոփոխություններ իրականացնելու ցանկություն ունի, ապա դա կարող է անել ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ընդդիմության հետ մեկտեղ ազգային պրոյեկտներ իրականացնելով: Համազգային ծրագրեր հայտարարել եւ դրանց մասնակցությունը բաց դարձնել Հայաստանում գործող ցանկացած քաղաքական ուժի համար, եթե այն ցանկանում է եւ կարող է դրանում ներդրում ունենալ: Այսպիսին պետք է լինի պետական մտածողությունը եւ ոչ թե յուրային-բարեկամ-թշնամի խաղալու մեջ: Մեզ կոնստրուկտիվ եւ ազգային պրոյեկտներ են հարկավոր, այլ ոչ թե քաղաքական, կուսակցական:

– Շեշտեցիք` ընտրակեղծիքներ եղել են, եւ հիմա էլ` ՏԻՄ ընտրություններից առաջ, արդեն իսկ կան դրա նախադրյալները: Այս պայմաններում արժե՞ հույս դնել ընտրությունների վրա: Խոսքն ընդդիմության մասին է: Կարծես համոզմունք կա, որ ընտրություններով իշխանափոխություն առնվազն այս փուլում հնարավոր չէ իրականացնել:

– Ընդդիմությունը կորուստներ կրեց, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր ուժերից ոմանք բանտարկված են: Ես այն ժամանակ կարծում էի, որ մեծամասնությունը, որ դառնում է պետության կառավարման սուբյեկտ, բարի կամք կդրսեւորի, օրինակ՝ ԲՀԿ-ին չհերիքող ոչ էական ձայների քանակը հաշվի չի առնի եւ այդ կուսակցությանը ԱԺ կհրավիրի: Սովորաբար, հաղթող կողմից բարի կամքի դրսեւորումներ են սպասում: Մենք անգամ Ադրբեջանից էինք դա սպասում, օրինակ՝ մեր ռազմագերիների եւ քաղբանտարկյալների հանդեպ: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա հաղթող կողմը ներպետական կյանքը կայունացնելու համար անպայման պետք է մյուսների հանդեպ ընտրություններից հետո բարի կամք դրսեւորի: Տվյալ դեպքում, աչք փակելով ԲՀԿ-ին ԱԺ-ում չհերիքող փոքրաթիվ ձայների պակասի վրա՝ իշխող ուժը խաղի բարիդրացիական կանոններ կձեւավորեր, համագործակցության օրինակ կծառայեր, նաեւ կստանար իր հանդեպ դրականորեն տրամադրված ընդդիմադիր ուժ: Բնակչությունն ընդդիմությունից չունի այն պահանջը, որն ունի իշխանությունից, եւ դա բնական է. իշխանությունն է իրավիճակի պատասխանատուն:

– ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանությունը սպառնալիքներով ու ճնշումներով հասավ նրան, որ ընդդիմադիր կուսակցությունները գրեթե չմասնակցեցին դրանց, ովքեր էլ մասնակցում են, բանտարկվում են, հալածվում: Ընդդիմադիր թեկնածուներն ինքնաբացարկներ են հայտնում, այս մասին անգամ բարձրաձայնում են իշխանությանը սպասարկող իրավապաշտպանները: Այս ամենը չի՞ ազդի համապետական ընտրությունների վրա, եթե դրանք կայանան։

– Սա էլ է նույն բարի կամքի բացակայության հետեւանքը: Իշխող ուժը պետք է դրական օրինակ ծառայի. դա է արդյունավետ կառավարման մոտեցումը, այլ ոչ թե բռնություն կիրառվի, ատելության խոսք տարածվի եւ այլն: Ցավոք, այդ արատավոր երեւույթները դարձել են հայաստանյան քաղաքական կյանքի եւ մշակույթի բաղադրիչը: Ցանկացած ընտրություն կամ մրցակցություն մեզանում վերածվում է հակամարտության, բայց մրցակցությունը կոնֆլիկտ չէ, գործընթաց է, որը պետք է նպաստի ուժեղ կողմի հաղթանակին, այլ ոչ թե սպառնալիքի մթնոլորտ ստեղծի, եւ կողմերը սկսեն միմյանց ոչնչացնել: Դարձյալ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքն իրականացվում է ոչ այնքան մրցակցության, որքան հակամարտության սկզբունքներով, իսկ կոնֆլիկտը կարող է զուգորդված լինել նաեւ բռնության տարբեր դրսեւորումներով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ

Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներ ու թեկնածուներ Sat, 24 Oct…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Մեկ անօրինական դատական ակտով եկեղեցուն ահռելի վնասներ հասցվեցին

«Հրապարակ»․ Մեկ անօրինական դատական ակտով եկեղեցուն ահռելի վնասներ հասցվեցին Sat, 24 Oct 2026 10:45:32 +0400…

24 րոպե ago

Ուկրաինայի դեմ պատերեազմը մեկ տարածքի համար է․Ռուբիո

Ուկրաինայի դեմ պատերեազմը մեկ տարածքի համար է․Ռուբիո Sat, 24 Oct 2026 10:30:55 +0400 ԱՄՆ պետքարտուղար…

38 րոպե ago

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են

«Հրապարակ»․ Ասում էին՝ դատարանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, հիմա ուրախացել են Sat, 24 Oct…

54 րոպե ago

Սկանդալից հետո Արման Ծառուկյանը 10։0 հաղթեց

Սկանդալից հետո Արման Ծառուկյանը 10։0 հաղթեց Sat, 24 Oct 2026 10:00:37 +0400 Արման Ծառուկյանը 10։0…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Լեգիտիմ ընտրությունների համար նախ ընդդիմության առաջնորդները պետք է լինեն ազատության մեջ

«Հրապարակ»․ Լեգիտիմ ընտրությունների համար նախ ընդդիմության առաջնորդները պետք է լինեն ազատության մեջ Sat, 24 Oct…

1 ժամ ago