«Տղամարդու խանդի հողի վրա կարող է ծեծ առաջանալ»․ Հասանովը՝ ընտանեկան բռնության մասին
Mon, 26 Oct 2026 12:43:33 +0400
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու տուժած անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Կնյազ Հասանովը թեման զգայուն է համարել՝ հիշեցնելով, որ համապատասխան օրենսդրական կարգավորումները խորհրդարանում քննարկվել են դեռ ինը տարի առաջ։
Պատգամավորի խոսքով՝ ընտանեկան բռնության դեպքերի հիմնական պատասխանատուն տղամարդիկ են, որոնք ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ խնդիրներ են առաջացնում ընտանիքում։
Հասանովը նաև նշել է, որ բռնության պատճառ կարող են դառնալ տղամարդու խանդը և դրա հետևանքով առաջացած վեճերը։ Նրա կարծիքով՝ կան իրավիճակներ, որոնք կարող են դիտարկվել որպես մեղմացուցիչ հանգամանքներ։
Այս համատեքստում նա դիմել է օրինագծի համահեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք նախատեսվում է տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ հաշվի առնելով կոնկրետ դեպքի հանգամանքները։
Բաթոյանը, պատասխանելով հարցին, ընդգծել է, որ օրենքի առջև բոլորը հավասար են։ Նրա խոսքով՝ գործող կարգավորումները չեն առանձնացնում անձանց որևէ խմբի, այլ կենտրոնանում են կոնկրետ իրավիճակում տեղի ունեցած բռնության փաստի վրա։
Պատգամավորը հավելել է, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բացառել նաև զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատման հնարավորությունը։ Բաթոյանի համոզմամբ՝ բռնությունը չի կարող արդարացվել որևէ հանգամանքով, այդ թվում՝ ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածությամբ։