Կվերցնե՞ն կառավարումը «Վեոլիա ջրից»
Tue, 27 Oct 2026 11:48:38 +0400
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Ազգային ժողովում մտահոգություն է հայտնել Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, ջրամատակարարման որակի վերաբերյալ։ Նա նշել է, որ վերջին տարիներին իրավիճակը վատթարացել է, իսկ որոշ թաղամասերում շուրջօրյա ջրամատակարարումն այլևս չի ապահովվում։
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի քննարկման ընթացքում պատգամավորը հիշեցրել է, որ նախկինում մայրաքաղաքի որոշ հատվածներում բնակիչներն անընդհատ ջուր ունենալու հնարավորություն են ունեցել, մինչդեռ այժմ տարվա որոշ ժամանակահատվածներում ջրամատակարարումն իրականացվում է սահմանված գրաֆիկով։
Աբրահամյանը նաև անդրադարձել է վերջին ամիսներին մի շարք բնակավայրերում գրանցված ջրից թունավորման դեպքերին։ Դիմելով նախագծի հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանին՝ նա հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են նախատեսվում խնդիրների լուծման համար։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիները չպետք է ստիպված լինեն անհանգստանալ, թե արդյոք ծորակից հոսող ջուրն անվտանգ է խմելու համար։
Ի պատասխան՝ Ավետիսյանը նշել է, որ ջրամատակարարման որակի վատթարացման մասին պնդումը դժվար է հիմնավորել։ Նա ընդգծել է, որ կառավարության ծրագրով նախատեսվում է Երևանում և Գյումրիում ապահովել շուրջօրյա ջրամատակարարում, հատկապես՝ խմելու ջրի մատակարարման մասով։ Այս ուղղությամբ, նրա խոսքով, աշխատանքներ են իրականացվում նաև ծառայությունը մատուցող օպերատորի հետ։
Անդրադառնալով թունավորման դեպքերին՝ փոխնախարարը նշել է, որ անհրաժեշտ է սպասել համապատասխան վարույթների արդյունքներին և պաշտոնական եզրակացություններին։
Տիգրան Աբրահամյանը, սակայն, հակադարձել է՝ ընդգծելով, որ որոշ դեպքերից արդեն շուրջ վեց ամիս է անցել, և այդ ընթացքում պետք է պարզված լինեին թունավորումների պատճառները։ Նա նաև հետաքրքրվել է՝ արդյոք կառավարությունում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ընկերությունից ջրամատակարարման համակարգի կառավարումը վերցնելու և մեկ այլ ընկերության փոխանցելու հնարավորությունը։
Առնակ Ավետիսյանը պատասխանել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել գործող պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ժամկետները, կողմերի իրավունքներն ու պարտավորությունները։ Նա հավաստիացրել է, որ պայմանագրով նախատեսված շրջանակներում կառավարությունն օգտագործում է իր տրամադրության տակ եղած գործիքներն ու հնարավորությունները, իսկ օպերատորի հետ քննարկումները շարունակվում են ամեն օր։