Հանքավայրի վերջին տոննայից հետո. ինչու է պետք ապագա սերունդների հիմնադրամ
Wed, 28 Oct 2026 19:15:14 +0400
Հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ վարչապետի ելույթին նվիրված նախորդ հոդվածում (Ո՞ւր է գնում «լոկոմոտիվը» եւ ո՞ւմ հաշվին, «Հրապարակ», 23.10.26) մի շարք հարցեր էի արծարծել։
Այստեղ կանդրադառնամ դրանցից մեկին․ ինչպե՞ս պահպանել երկրի չվերականգնվող հարստությունների օգտագործումից ստացվող եկամուտների մի մասը՝ ի շահ ապագա սերունդների։ Առաջարկվում է քննարկել այնպիսի հիմնադրամի ստեղծումը, որն արդյունահանումից ստացվող պետական մուտքերի մի մասը կվերածի երկարաժամկետ հանրային կապիտալի։
Ապագա սերունդների ժառանգության իրավունքը
Կառավարությունը հանքարդյունաբերությունը հռչակել է երկրի զարգացման լոկոմոտիվ։ Սակայն արտադրության ծավալների, արտահանման եկամուտների եւ հարկային մուտքերի ակնկալվող աճը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ի՞նչ հանրային հարստություն է ստեղծվում սպառվող բնական պաշարների փոխարեն, եւ արդյո՞ք այն կարող է փոխհատուցել դրանց կորուստն ու մարդու կենսամիջավայրի անխուսափելի վատթարացումը։
Եթե ընդերքը պատկանում է ժողովրդին, ապա դրա օգտագործումը պետք է օգուտ բերի տվյալ ժողովրդի ապագա սերունդներին նույնպես։ Այսօրվա որոշումներին մասնակցելու անհնարինությունը նրանց չպետք է զրկի ընդհանուր բնական հարստության նկատմամբ իրավունքից։ Արդյունահանումից ստացվող բոլոր մուտքերն ընթացիկ կարիքներին ուղղելը՝ առանց երկարաժամկետ հանրային ակտիվներ ստեղծելու, նշանակում է գիշատչաբար սպառել հաջորդ սերունդների ժառանգությունը։
Մարդկային կապիտալում եւ ենթակառուցվածքներում այսօրվա ներդրումները կարող են երկարաժամկետ օգուտ ապահովել։ Սակայն բյուջետային կարիքների հրատապությունը չի արդարացնում ռեսուրսային եկամուտների մի մասն ապագայի համար կուտակելուց հրաժարվելը։ Այդ եկամուտներից ապագա սերունդներին հասանելիք բաժինը պետք է երաշխավորվի նախապես, այլ ոչ թե որոշվի ընթացիկ ծախսերը հոգալուց հետո։
Սպառվող ռեսուրսից դեպի երկարաժամկետ կապիտալ
Միջսերնդային խնայողությունների սուվերեն հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա կուտակել եւ ներդնել ընդերքօգտագործումից ստացվող պետական եկամուտների նախապես սահմանված մասը։ Արդյունավետ կառավարման դեպքում այդ կապիտալն օգուտ կբերի նաեւ հանքավայրերի սպառումից հետո։
Եկամուտների նվազման դեպքում բյուջեին աջակցելը, ներդրումային ծրագրերը ֆինանսավորելը եւ ապագա սերունդների համար միջոցներ կուտակելը տարբեր նպատակներ են։ Առաջարկվող հիմնադրամի առաջնային նպատակը պետք է լինի ապագա սերունդների բարեկեցության համար կայուն ֆինանսական հիմք ստեղծելը։ Բնապահպանական պարտավորությունների կատարումը պետք է ապահովվի առանձին․ կուտակումները չեն ազատում վնասը կանխելու եւ շրջակա միջավայրը վերականգնելու պարտավորությունից։ Ապագա սերունդներին չի կարելի միջոցների հետ փոխանցել նաեւ ծախսատար պարտավորություններ։
Մոնղոլիայի փորձը
Մոնղոլիայում 2017-ից գործում է Ապագա ժառանգության հիմնադրամը, որը համալրվում է հանքարդյունաբերական ռոյալթիներից ստացվող պետական մուտքերի մի մասով եւ կուտակված միջոցների ներդրումից ստացվող եկամուտներով։ Դրա մոդելը նախատեսում է մինչեւ 2030թ. միջոցների կուտակում, որից հետո է միայն թույլատրվում ծախսել զուտ ներդրումային եկամտի մի մասը։
Հայաստանի համար կարեւոր է սկզբունքը․ ռեսուրսային մուտքերի մի մասը նախապես պահպանվում է ապագա սերունդների համար, իսկ դրա օգտագործումը սահմանափակվում է օրենքով։ Վճարումների կրթական ուղղվածությունը կլիներ առաջարկվող հայկական հիմնադրամի առանձնահատկությունը․ կուտակված կապիտալը որակյալ կրթության հասանելիությունն ընդլայնելու երկարաժամկետ ֆինանսական աղբյուր կդառնար։
Ինչպես պաշտպանել հանրային կապիտալը
Հիմնադրամի ֆինանսական հիմքը պետք է կազմի ընդերքօգտագործումից ստացվող պետական մուտքերի՝ օրենքով ամրագրված բաժինը, առաջին հերթին՝ ռոյալթիներից։ Լրացուցիչ աղբյուրներ կարող են լինել արդյունահանող ձեռնարկություններում պետական բաժնեմասերից ստացվող շահաբաժիններն ու այդ բաժնեմասերի վաճառքից գոյացող միջոցները։
Պարտադիր հատկացումների չափը պետք է հիմնավորվի ակնկալվող մուտքերի, բյուջետային պարտավորությունների եւ պետական պարտքի հաշվարկներով։ Եթե կուտակումներն ուղեկցվում են լրացուցիչ փոխառություններով, դրանց օգտակարությունը պետք է գնահատել՝ հաշվի առնելով պարտքի սպասարկման ծախսերն ու ներդրումային ռիսկերը։
Հատկացումների սահմանված բաժինն ու վճարումների կանոնները պետք է պահպանվեն՝ անկախ բյուջետային առաջնահերթությունների փոփոխությունից։ Կուտակված կապիտալի ծախսումն ընթացիկ կարիքների համար պետք է արգելվի, իսկ բացառիկ շեղումները պետք է թույլատրվեն միայն օրենքով նախապես սահմանված արտակարգ հանգամանքներում՝ հրապարակային հիմնավորմամբ եւ խորհրդարանական վերահսկողությամբ։ Հիմնադրամի ակտիվները չպետք է գրավադրվեն պետական փոխառությունների ապահովման համար։
Միջոցները պետք է բաշխվեն տարբեր ակտիվների, երկրների եւ ոլորտների միջեւ։ Արտերկրում ներդրումները կնվազեցնեն կուտակումների կախվածությունը երկրի տնտեսության վիճակից։
ԱՆԻՖ-ում հսկայածավալ պետական միջոցների յուրացման ամոթալի փորձն առանձնահատուկ կարեւորություն է հաղորդում հանրային միջոցների պահպանության եւ արդյունավետ կառավարման երաշխիքներին։ Անհրաժեշտ են կառավարիչների մասնագիտական ընտրություն, շահերի բախման կանխարգելում, անկախ աուդիտ, արդյունքների ու ծախսերի հրապարակում եւ խորհրդարանական հաշվետվողականություն։ Այս պահանջները պետք է լրացվեն խախտումների բացահայտման, վնասի հատուցման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերով։
Բնական հարստությունից դեպի մարդկային կապիտալ
Որակյալ կրթությունն է ապագա սերունդներին հնարավորություն տալու՝ ստեղծելու գիտելիք, յուրացնելու տեխնոլոգիաները եւ ապահովելու բարեկեցություն նաեւ բնական պաշարների սպառումից հետո։ Սակայն դրա աճող արժեքը սահմանափակում է շարքային քաղաքացիների հասանելիությունը։ Ուստի կրթությունը պետք է դառնա հիմնադրամի ներդրումային եկամուտների օգտագործման ռազմավարական առաջնահերթությունը։ Այդպես բնական հարստությունը կվերածվի մարդկային կապիտալի՝ նպաստելով ներառական զարգացմանը, որի պայմաններում մարդու հնարավորությունները որոշվում են նրա կարողություններով, այլ ոչ թե ընտանիքի նյութական ապահովվածությամբ։
Աջակցությունը կարող է ներառել կրթաթոշակներ, մասնագիտական եւ բարձրագույն կրթություն, ինչպես նաեւ՝ դասախոսների վերապատրաստում։ Արտերկրի լավագույն համալսարաններում ուսման ֆինանսավորումը պետք է նախատեսի ստացված գիտելիքները Հայաստանի շահերին ծառայեցնելու թափանցիկ մեխանիզմներ։ Հիմնադրամի միջոցները պետք է ընդլայնեն որակյալ կրթության հասանելիությունը՝ չփոխարինելով բյուջետային ֆինանսավորումը եւ հիմք չդառնալով դրա կրճատման համար։
Առաջարկից դեպի որոշում
Հիմնադրամի ստեղծումը պահանջում է ֆինանսատնտեսական եւ իրավական մշակում։ Պետական պարտքի ավելացման հաշվին կուտակումներ ձեւավորելու ռիսկի վերաբերյալ ԱՄՀ-ի վերապահումները պահպանում են իրենց նշանակությունը։ Սակայն նոր խոշոր հանքավայրերի շահագործումը հիմք է տալիս ակնկալելու ռոյալթիներից մուտքերի զգալի աճ եւ պահանջում է վերագնահատել դրանց մի մասը կուտակելու հնարավորությունները։ Խորհրդարանը պետք է նախաձեռնի անկախ փորձագետների մասնակցությամբ բաց քննարկում՝ եկամուտների եւ պարտավորությունների ստուգելի կանխատեսումների հիման վրա։
Եթե արդյունահանումը հռչակվում է զարգացման շարժիչ, դրա արդյունքը պետք է լինի հանքավայրերի սպառումից հետո էլ պահպանվող ժառանգություն՝ առողջ շրջակա միջավայր, կուտակված հանրային կապիտալ եւ հասանելի որակյալ կրթություն։ Այդ ժառանգությունը փոխանցելու պարտավորությունը պետք է ամրագրել հիմա, քանի դեռ բնական հարստությունը չի սպառվել ընթացիկ կարիքների համար։
Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավոր (1990-99թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան