Ոստիկանները կազատվե՞ն զինվորական ծառայությունից
Thu, 29 Oct 2026 11:37:10 +0400
Ոստիկանությունում կամ ՆԳՆ փրկարար ծառայությունում կարիերա ընտրած անձինք կարող են ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում և կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Նախկինում նման կարգավորում արդեն գործել է, սակայն հետագայում այն վերացվել է։ Ներկայումս ոստիկանությունում և ՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար դիմել կարող են միայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած անձինք։
Ներքին գործերի նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ գործող սահմանափակումը նվազեցնում է այս ոլորտներում մասնագիտական կարիերա սկսելու ցանկություն ունեցող քաղաքացիների թիվը։ Խնդիրը հատկապես կարևոր է ոստիկանության բարեփոխումների և նոր մոդելի ներդրման համատեքստում, երբ անհրաժեշտ է համակարգը համալրել պատրաստված և պատասխանատու կադրերով։
Նախագծով նախատեսվում է, որ ոստիկանության ակադեմիան կամ փրկարարների պատրաստման համապատասխան ուսումնական հաստատությունն ավարտած անձինք կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, եթե պարտավորվեն առնվազն 10 տարի անընդմեջ ծառայել համապատասխան ստորաբաժանումներում։