Նարեկ Կարապետյանը՝ օնլայն տաքսի ծառայությունների խնդիրների մասին
Fri, 30 Oct 2026 11:26:36 +0400
Օնլայն տաքսի ծառայությունների սակագնային քաղաքականության հարցը բարձրացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանին։
Կարապետյանի խոսքով՝ ոլորտում բազմաթիվ են վարորդների դժգոհությունները՝ կապված սակագների բարձրացման և ուղևորահոսքի ավելացման դեպքում դրանց նվազեցման բացակայության հետ։ Նա նաև մատնանշել է շուկայում մենաշնորհային դիրքի խնդիրը՝ հիշեցնելով, որ ջրի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում գործում են սակագների զսպման մեխանիզմներ։
Ի պատասխան՝ Շուշան Սարգսյանը նշել է, որ որևէ ոլորտ բնական մենաշնորհ ճանաչելու և դրա նկատմամբ խիստ կարգավորում սահմանելու համար անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական հիմքեր և իրավաչափ նպատակներ։ Նրա խոսքով՝ նման սահմանափակումները պետք է նախատեսվեն բացառապես օրենքով։
Անդրադառնալով օնլայն տաքսի ծառայություններին՝ թեկնածուն ընդգծել է, որ համաձայն չէ դրանք հանրային ծառայությունների մյուս ոլորտների նման կարգավորելու մոտեցմանը։ Միևնույն ժամանակ, Սարգսյանը հավելել է, որ այս ոլորտում որոշակի մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն տեսնում է։