Թե ինչպես 20 րոպեում գողացան 6.3 միլիարդ դոլար

Թե ինչպես 20 րոպեում գողացան 6.3 միլիարդ դոլար

Fri, 30 Oct 2026 15:15:37 +0400


Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը համաշխարհային կրիպտոարժույթների շուկան ցնցած խոշորագույն կիբեռհարձակումներից մեկն է տեղի ունեցել։ Հաքերները ներխուժել են Binance կրիպտոարժույթների խոշորագույն բորսայի համակարգեր և իրականացրել չարտոնված գործարքներ՝ դուրս բերելով մոտ 6.3 միլիարդ դոլարի թվային ակտիվներ։ Ընկերությունն արդեն պաշտոնապես հաստատել է անվտանգության լուրջ միջադեպը՝ հրապարակելով նաև պատճառների նախնական գնահատականը։

Binance-ի՝ հոկտեմբերի 30-ին տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակումը կարող էր սկսվել ընկերության DevOps մասնագետներից մեկի համակարգչի՝ նոութբուքի վնասման հետևանքով։ Ենթադրվում է, որ հարձակվողներին հաջողվել է մուտք գործել ծառայողական միջավայր և իրականացնել չարտոնված դուրսբերման գործարքներ։

Ընկերությունը, սակայն, ընդգծել է, որ այս փուլում դեռևս չի հրապարակել միջադեպի ամբողջական տեխնիկական պատկերը։ Մասնավորապես, Binance-ը հայտնել է, որ իր նախնական ուսումնասիրությամբ չի հայտնաբերվել թվային դրամապանակների մասնավոր բանալիների արտահոսքի ապացույց։ Միաժամանակ հետաքննության ընթացքում ի հայտ են եկել նաև խոցելիության լրացուցիչ կետեր, որոնք դեռ ուսումնասիրվում են։

Ըստ բլոկչեյնային հետախուզությամբ զբաղվող TRM Labs ընկերության՝ հարձակվողները մոտ 6.36 միլիարդ դոլարի ակտիվներ են տեղափոխել Binance-ի դրամապանակներից՝ տասը տարբեր բլոկչեյն ցանցերում։ Գործարքների հիմնական մասը կատարվել է շուրջ 20 րոպեի ընթացքում։ Եթե այս գնահատականները հաստատվեն ամբողջությամբ, ապա միջադեպը կդառնա կրիպտոարժույթների պատմության մեջ ամենախոշոր գողությունը՝ գերազանցելով 2025 թվականի փետրվարին Bybit բորսայի դեմ իրականացված հարձակումը, որի հետևանքով գողացվել էր մոտ 1.5 միլիարդ դոլարի թվային ակտիվ։

Հարձակման հետևանքով առաջացած վնասը նվազեցնելու նպատակով Binance-ը համագործակցել է բլոկչեյնային այլ ընկերությունների և թվային ակտիվներ թողարկողների հետ։ Ընկերության վերջին պաշտոնական տվյալներով՝ հաջողվել է սառեցնել շուրջ 3 միլիարդ դոլարի ակտիվներ։ Մասնավորապես, այդ գործընթացին մասնակցել են Tether և Circle ընկերությունները, որոնք արգելափակել են հարձակման հետ կապվող իրենց թողարկած կայունարժույթների զգալի ծավալներ։

Binance-ը նաև հայտարարել է, որ ամբողջությամբ կփոխհատուցի միջադեպի հետևանքով առաջացած կորուստները՝ օգտագործելով ինչպես իր՝ օգտատերերի ակտիվների պաշտպանության SAFU հիմնադրամը, այնպես էլ ընկերության սեփական միջոցները։ Հարթակը վստահեցրել է, որ օգտատերերի միջոցները պաշտպանված են։

Որպես անվտանգության անհապաղ միջոց՝ Binance-ը ժամանակավորապես դադարեցրել էր ավանդների և միջոցների դուրսբերման գործառնությունները՝ մի շարք ցանցերում։ Ընկերությունը չեղարկել է նաև խոցված հասցեների թույլտվությունները և դիմել իրավապահ մարմիններին ու բլոկչեյնային հետախուզության մասնագետներին՝ գողացված միջոցները հայտնաբերելու և վերադարձնելու համար։ Հետագա թարմացման համաձայն՝ ավանդների ընդունումը վերականգնվել է, մինչդեռ դուրսբերումների գործառույթը շարունակում էր մնալ ժամանակավորապես սահմանափակված՝ անվտանգության լրացուցիչ ստուգումների պատճառով։

Հետաքրքրական է, որ բլոկչեյնային հետախուզությամբ զբաղվող մի շարք ընկերություններ հարձակման հնարավոր կազմակերպիչների շարքում մատնանշել են Հյուսիսային Կորեայի հետ կապվող հաքերային խմբավորումների։ TRM Labs-ն ու Chainalysis-ը նման վարկածի օգտին ներկայացրել են նախորդ հարձակումների հետ նմանությունները։ Սակայն Binance-ը դեռևս պաշտոնապես չի հաստատել հարձակվողների ինքնությունը, հետևաբար այս վարկածը պետք է դիտարկել որպես մասնագիտական գնահատական, այլ ոչ թե հաստատված փաստ։

Ի՞նչ է Binance-ը և ինչպե՞ս է ստեղծվել այն

Binance-ը կրիպտոարժույթների առևտրի համաշխարհային խոշորագույն հարթակներից է, որտեղ օգտատերերը կարող են գնել, վաճառել, փոխանակել և պահել թվային ակտիվներ։ Այն պարզապես բորսա չէ․ տարիների ընթացքում ընկերությունը ձևավորել է լայնածավալ էկոհամակարգ՝ ներառելով բլոկչեյնային տեխնոլոգիաներ, թվային դրամապանակներ, կրթական հարթակներ և կրիպտոարժույթների հետ կապված ֆինանսական ծառայություններ։

Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հուլիսին՝ կանադահպատակ չինացի ձեռնարկատեր Չանփեն Չժաոյի (Changpeng Zhao), որը առավել հայտնի է CZ անվամբ, և Յի Հեի (Yi He) կողմից։ Binance-ի ստեղծման համար նախնական ֆինանսավորումը ներգրավվել է նաև BNB թվային արժույթի նախնական վաճառքի միջոցով, որի արդյունքում հավաքագրվել է շուրջ 15 միլիոն դոլար։

Հարթակը գործարկվել է 2017 թվականի հուլիսի 14-ին։ Սկզբնական շրջանում այն հիմնականում հնարավորություն էր տալիս օգտատերերին փոխանակել մեկ կրիպտոարժույթը մյուսով։ Սակայն առաջարկվող ծառայությունների բազմազանությունը, գործարքների արագությունն ու շուկայի ընդլայնումը նպաստեցին դրա արագ աճին։

Արդեն 2018 թվականի հունվարին՝ գործարկումից ընդամենը մի քանի ամիս անց, Binance-ը դարձել էր առևտրի ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսան։ Հետագա տարիներին ընկերությունը շարունակել է ընդլայնվել՝ ստեղծելով սեփական բլոկչեյնային ենթակառուցվածքներ, գործարկելով նոր ծառայություններ և ներգրավելով միլիոնավոր օգտատերերի ամբողջ աշխարհից։

Binance-ի էկոհամակարգի կարևոր բաղադրիչներից է BNB կրիպտոարժույթը, որը սկզբնական շրջանում ստեղծվել էր որպես հարթակի ներսում գործարքների վճարները նվազեցնելու և այլ առավելություններ ստանալու միջոց։ Հետագայում այն դարձավ առանձին թվային ակտիվ՝ օգտագործվելով նաև Binance-ի բլոկչեյնային էկոհամակարգում։

Ընկերության մեկ այլ կարևոր բաղադրիչ է SAFU հիմնադրամը։ Այն ստեղծվել է 2018 թվականին՝ օգտատերերի միջոցները արտակարգ իրավիճակներում պաշտպանելու նպատակով։ Հիմնադրամը ձևավորվել է Binance-ի առևտրային վճարներից հատկացումների միջոցով։ 2026 թվականի հունվարի տվյալներով՝ դրա ծավալը կազմում էր 1 միլիարդ USDC։ Հենց այս հիմնադրամի միջոցներն է ընկերությունը խոստացել օգտագործել ներկայիս միջադեպի հետևանքով առաջացած վնասները փոխհատուցելու համար՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև սեփական ֆինանսական միջոցները։

Ո՞վ է այսօր ղեկավարում Binance-ը

Binance-ի հիմնադիր Չանփեն Չժաոն ընկերության ղեկավարի պաշտոնից հեռացել է 2023 թվականին՝ ԱՄՆ-ում իրավական գործընթացներից հետո։ Նրա հեռանալուց հետո ընկերության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Ռիչարդ Թենգը (Richard Teng)։

2025 թվականի դեկտեմբերին Binance-ը հայտարարեց նաև համահիմնադիր Յի Հեին համագլխավոր գործադիր տնօրեն նշանակելու մասին։ Այսպիսով, ընկերության ղեկավարումն իրականացնում են Ռիչարդ Թենգն ու Յի Հեն։

Binance-ը շարունակում է մնալ կրիպտոարժույթների համաշխարհային շուկայի առանցքային դերակատարներից մեկը։ Ընկերության պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի ընթացքում դրա հարթակում իրականացված սփոթ և ֆյուչերսային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է տասնյակ տրիլիոն դոլարներ։

Ներկայիս կիբեռհարձակումը, սակայն, հերթական անգամ ուշադրության կենտրոնում է դրել թվային ֆինանսական համակարգերի անվտանգության խնդիրը։ Չնայած բլոկչեյնային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հետևել գործարքներին և որոշ դեպքերում սառեցնել գողացված միջոցները, այս դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ համաշխարհային առաջատար հարթակները կարող են խոցելի լինել մարդկային գործոնի և տեխնիկական ենթակառուցվածքների թերությունների պատճառով։

Առաջիկա օրերին սպասվում է Binance-ի հետաքննության արդյունքների հրապարակումը։ Դրանք պետք է հստակեցնեն, թե ինչպես են հարձակվողները կարողացել իրականացնել միլիարդավոր դոլարների չարտոնված գործարքներ, ինչ ծավալի միջոցներ են հնարավոր եղել վերադարձնել, և արդյոք ընկերությանը հաջողվել է ամբողջությամբ վերացնել համակարգի անվտանգության խոցելիությունները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները Fri, 30 Oct…

5 րոպե ago

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին Fri, 30 Oct 2026 22:30:12 +0400 Առաջատար մի…

12 րոպե ago

Քենդիս Սվեյնփոլի ներկայացուցիչն արձագանքել է Victoria’s Secret-ի «հրեշտակների» միջև թշնամանքի մասին լուրերին

Քենդիս Սվեյնփոլի ներկայացուցիչն արձագանքել է Victoria’s Secret-ի «հրեշտակների» միջև թշնամանքի մասին լուրերին Fri, 30 Oct…

19 րոպե ago

Նոյեմբերի 2-ին լույս չի լինի

Նոյեմբերի 2-ին լույս չի լինի Fri, 30 Oct 2026 22:16:47 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

26 րոպե ago

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը

Փոխնահանգապետը կգլխավորի հայտնի կինոստուդիայի Տնօրենների խորհուրդը Fri, 30 Oct 2026 22:00:30 +0400 Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ…

42 րոպե ago

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում Fri, 30 Oct 2026 21:49:00 +0400 Ղազախստանի…

54 րոպե ago