Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է

Իշխանությունը փորձում է բառերի իմաստը փոխել․ պահանջը պահանջ չէ, խաղաղությունն արդեն հաստատված է

Fri, 30 Oct 2026 19:15:18 +0400


Հայաստանի իշխանությունն այնքան է կատարելագործել քաղաքական բառապաշարը, որ շուտով ստիպված ենք լինելու Մաշտոց կարդալով հայերենը նորից սովորել։ Բառերը կարծես նույնն են, իմաստները՝ ոչ։ Պահանջը պահանջ չէ, իսկ խաղաղությունն այնպես է հաստատվել, որ ոչ ոք չի զգում, եւ անգամ դրա մասին պայմանագիր էլ չկա:

Հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լեզվական հրաշքների ունկնդիր եղանք։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանին հարցրին Ադրբեջանի նախապայմանի մասին՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որից հետո միայն կհամաձայնեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Նա շշմեցրեց՝ Ադրբեջանը Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում, պարզապես ասում է՝ քանի դեռ չեք փոխել, պայմանագիրը չենք ստորագրի։ Ահա այսպես՝ պահանջ չկա, կա ընդամենը պահանջի չկատարման դեպքում պայմանագիր չստորագրելու որոշում։ Տարբերությունը, հավանաբար, այնքան նուրբ է, որ սովորական քաղաքացու «բեյինը չի մտնում»։ Մարդը լսում է ու կարծում, թե իր երկրին պայման չեն առաջադրում։ Բայց եթե այդ փոփոխությունը մեր նախաձեռնությունն է, ինչո՞ւ է պայմանագրի ստորագրումը կախված այդ փոփոխությունից։ Եթե դա Ադրբեջանի պահանջը չէ, ապա ինչո՞ւ է այդ փոփոխության բացակայությունը խոչընդոտում ստորագրմանը։ Իսկ եթե առանց այդ փոփոխության մյուս կողմը չի ստորագրելու, մենք ի՞նչ անուն տանք այդ պայմանին, որ չնեղացնենք թե՛ նախարարին, թե՛ նրա վերադասին։ Վերջապես՝ դիվանագիտությունն էլ սահմաններ ունի. այն կարող է բարդ ու կիրթ խոսքեր ասել, բայց սուտը դիվանագիտություն չէ։ Եթե մյուս կողմն ասում է՝ այս պայմանը չկատարեք, ես համաձայնություն չեմ տա, դա պահանջ կանվանես, թե նախապայման՝ նույն բանն է։

Այս ամբողջ պատմության մեջ ամենաուշագրավը ոչ թե Ադրբեջանի դիրքորոշումն է, որը վաղուց հայտնի է, այլ մեր իշխանության ջանքերը՝ բացատրել անբացատրելին, փոխել բառերի իմաստը, համոզել, որ պահանջը պահանջ չէ։ Երբեմն թվում է՝ ընթանում է բառերի իմաստը վերանայելու գործընթաց։ Առաջինում փորձում են պայմանագիր ստորագրել, երկրորդում՝ այնպես անել, որ չստորագրելու պատճառը չհամարվի նախապայման։ Դե ի՞նչ՝ ամեն ինչ կարծես հրաշալի է. կրակոցների բացակայությունը կարեւոր է, սահմանին լռությունն ինքնին արժեք է, բայց խաղաղությունը միայն կրակոցների բացակայությունը չէ։ Եթե պայմանագրի ստորագրումը կախված է չլուծված հարցերից, եթե կողմերը շարունակում են վիճել պայմանների շուրջ, ապա իրավունք ունենք իմանալու՝ ինչն է արդեն ձեռք բերված, ինչն է դեռ բանակցվում, եւ ինչ երաշխիքներ կան, որ այսօրվա հարաբերական անդորրը կդառնա կայուն։

Այս լեզվական հնարքների կողքին առանձնապես ուշագրավ էր Նիկոլ Փաշինյանի պատմական դասը։ Նրա խոսքով՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մեջ երաշխավորների առկայությունը հաճախ ավարտվել է աղետով։ Հետեւաբար, ըստ այդ տրամաբանության, երաշխավորներին վստահելը վտանգավոր է։ Ընդունենք՝ պատմությունը մեզ իսկապես դասեր է տվել, եւ ոչ բոլոր երաշխիքներն են երաշխիք եղել։ Բայց պատմական անհաջող փորձը դեռ չի ազատում նոր պայմանավորվածությունների ռիսկերը բացատրելու պարտականությունից։ Եթե երաշխավորներին չենք վստահում, ապա ինչի՞ վրա, ո՞ւմ վրա ենք հենվելու։ Ի՞նչն է ապահովելու, որ պայմանավորվածությունները կատարվեն։ Ո՞վ է պատասխան տալու, եթե խաղաղության մասին վստահ հայտարարությունները չարդարանան։ Կարծում եմ՝ իշխանությունը պարտավոր է ոչ թե պատմական հիշողությամբ փակել հարցը, այլ ներկայացնել իր ընտրած ճանապարհի հիմնավորումները։

Քննարկումների մեջ մի ուրիշ հետաքրքիր պատկեր էլ բացվեց։ Փաշինյանն առաջարկեց հանրային քննարկում կազմակերպել ընդդիմության ճգնաժամի եւ քաղաքական համակարգի կայացման շուրջ։ Թեեւ ընդունեց, որ կառավարությունը, բացի խնդիրը բարձրաձայնելուց, այդ ուղղությամբ շատ բան անել չի կարող։ Երկրի վարչապետը պատրաստ է հանրային քննարկման դնել ընդդիմության «առողջական» վիճակը։ Միայն մի փոքր անհարմար հարց առաջացավ՝ իսկ իշխանության առողջության մասին ո՞վ է քննարկում հրավիրելու։ Ո՞վ է գնահատելու նրա խոստումների կատարողականը, նրա քաղաքական հաշվարկների ռիսկերը, նրա պատասխանների անհամապատասխանությունը հնչած հարցերին։

Իհարկե, ընդդիմության ճգնաժամն իրական քաղաքական խնդիր կարող է լինել։ Բայց իշխանության պատասխանատվության չափն անհամեմատ մեծ է եւ չի կարող փոքրանալ մրցակցի թերությունները խոշորացույցի տակ դնելուց։ Քաղաքացին իշխանություն է ընտրում երկիրը կառավարելու համար, ոչ թե ընդդիմություն։

Նույն տրամաբանությամբ, երբ Փաշինյանն ասում է, որ քաղաքական ուժերը պետք է իրենց խոսքի համար պատասխան տան ընտրություններում, եւ հայտարարում է, թե ընդդիմությունն արդեն ստացել է իր պատասխանը ՏԻՄ ընտրություններում, այսինքն՝ ժողովուրդը դատել է նրանց, իսկ ի՞նչ դատով են դատելու իրենց, ո՞վ է հիշեցնելու չարված խոստումների, ձախողված ծրագրերի, հազարավոր քաղաքացիների կյանքը բարդացնելու համար։ Այդ տրամաբանությամբ, պետական լծակների միջոցով, ընտրաձայների գողությամբ մի կերպ 49 տոկոս գրավելն էլ է ժողովրդի դատավճիռը։

Այդ ինչպես ստացվեց, որ ընդդիմության ճգնաժամը հանրային քննարկման արժանի է, իսկ երկրում ստեղծված իրավիճակը, իշխանությունների ստացած քվեները, հազարավոր հարցերում ծագած փակուղին քննարկման արժանի չէ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

21 րոպե ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

28 րոպե ago

Վարդան Սմբատյանը ընտրվել է ռեկտորի ԺՊ

Վարդան Սմբատյանը ընտրվել է ռեկտորի ԺՊ Fri, 30 Oct 2026 23:03:58 +0400 Այսօր տեղի է…

48 րոպե ago

Հայտնի հաղորդավարուհու դուստրը տանից խոշոր գումա՞ր է գողացել

Հայտնի հաղորդավարուհու դուստրը տանից խոշոր գումա՞ր է գողացել Fri, 30 Oct 2026 23:00:36 +0400 Ռուս…

51 րոպե ago

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները Fri, 30 Oct…

1 ժամ ago

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին

Առաջատար լրատվամիջոցները դատի են տվել Դոնալդ Թրամփին Fri, 30 Oct 2026 22:30:12 +0400 Առաջատար մի…

1 ժամ ago