Աշխարհում դպրոցականներն ընդվզում են իշխանությունների դեմ․ իսկ Հայաստանո՞ւմ․․․
Sat, 31 Oct 2026 12:45:31 +0400
Ֆրանսիայում, Գերմանիայում, Ալբանիայում, Հունաստանում եւ նույնիսկ բռնապետական ու հետադիմական Ադրբեջանում դպրոցականների եւ երիտասարդների բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ վերածվելով զանգվածային շարժումների: Դպրոցականներն ու ուսանողները, որպես կանոն, փողոց են դուրս գալիս կրթական համակարգի խնդիրների, կյանքի թանկացման, բնապահպանական ճգնաժամերի եւ իրենց ապագայի անորոշության պատճառով։ Կարճ ասած՝ մատաղ սերունդն ընդվզում է ոչ թե սեփական մանկավարժների, կրթօջախների, այլ կոնկրետ իրենց իշխանությունների դեմ։ Չերկնչենք ասել, որ այդ տարիքի երեխաների համար նման պահանջներ ներկայացնելը, բողոքի զանգվածային ակցիաների՝ առավել ավագ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ, որոշակի կասկածներ է հարուցում՝ ուղղորդված լինելու առումով։ Որովհետեւ այդ ցույցերը, որքան էլ կրթական ու սոցիալական հենքով են ու կարգախոսով, վերաբերում են հենց աշակերտների՝ գոնե առաջին հայացքից ակտիվ նախաձեռնությանը, իսկ դպրոցական տարիքի երեխան, աշխարհի որ անկյունում էլ ապրելիս լինի, չի կարող այդչափ քաղաքականացված լինել ու քաղաքականապես տեղյակ, որ նախընտրի պայքարի այդպիսի ձեւեր։
Բոլոր դեպքերում, աշխարհում կատարվողը համատարած բնույթ է ստանում, ընդլայնում աշխարհագրությունը եւ աստիճանաբար դառնում օրինաչափություն, եթե կուզեք՝ նոր ժամանակների նոր թրենդ։ Ստորեւ ներկայացնում ենք աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող ամենաարձագանքված դպրոցական եւ երիտասարդական ցույցերը։
Գերմանացի դպրոցականների դաշնային կոնֆերանսը նախատեսում է նոյեմբերի 20-ին Բեռլինում ցույց անցկացնել՝ ուշադրություն հրավիրելով գերմանական կրթական հաստատությունների, աշխատաշուկայի եւ կենսաթոշակային համակարգի խնդիրների վրա: Այս մասին NTV-ի եթերում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Էմի Կիրխհոֆը։ «Մենք մեր սեփական բողոքի ակցիան կկազմակերպենք Բեռլինում՝ նոյեմբերի 20-ին»,- ասել է նա՝ հավելելով, որ ցույցին կմասնակցեն այլ երիտասարդական կազմակերպություններ, ուսուցիչներ (ներառյալ GEW արհմիությունը, որը ներկայացնում է մոտ 270 հազար ուսուցիչների), Դաշնային ծնողական խորհուրդը եւ Fridays For Future կլիմայական պաշտպանության շարժումը։ «Մենք կքննարկենք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թոշակները, աշխատաշուկան եւ դպրոցներում առօրյա կյանքը, որը պարզապես հեռու է իդեալականից այն վայրերում, որտեղ դպրոցները գտնվում են անմխիթար վիճակում»,- նշել է Կիրխհոֆը։ Համաեվրոպական աշակերտա-ուսանողական այս մեծ ալիքն արդեն իսկ ձեւակերպում է ստացել․ Եվրոպայում ձեւավորվել է Gen Z (Զեթ սերնդի) հզոր բողոքի շարժում, որտեղ դպրոցականները կենտրոնական դեր ունեն։
• Ֆրանսիա (լիցեյների շրջափակումներ)։ Սկսած սեպտեմբերից՝ հարյուր հազարավոր ավագ դպրոցի (լիցեյների) աշակերտներ եւ ուսանողներ փողոց են դուրս եկել՝ բողոքելով կրթության ֆինանսավորման կրճատումների, դպրոցների վատ պայմանների եւ կյանքի թանկացման դեմ: Ցույցերն ուղեկցվել են դպրոցների մուտքերի բարիկադավորմամբ եւ ոստիկանության հետ բախումներով:
• Հունաստան եւ Իտալիա. Աթենքում եւ Հունաստանի այլ քաղաքներում տասնյակ հազարավոր դպրոցականներ ու ուսուցիչներ քայլերթեր են անցկացնում՝ պահանջելով անվճար հանրային կրթություն եւ բնակարանների վարձավճարների սահմանափակում: Հռոմում եւ Միլանում աշակերտները զանգվածաբար գրավում են դպրոցների շենքերը՝ ի նշան ֆրանսիական շարժման հետ համերաշխության:
• Գերմանիա։ Սոցիալական ցանցերում մեկնարկած Gen Z regelt (Զեթ սերունդը լուծում է հարցերը) արշավի շրջանակներում տասնյակ քաղաքներում դպրոցականները պատրաստվում են զանգվածային ցույցերի՝ պահանջելով կրթական բարեփոխումներ եւ կլիմայական ակտիվ գործողություններ:
• Ալբանիա եւ Սերբիա։ Ալբանացի աշակերտներն ու երիտասարդները Տիրանայում բախվում են ոստիկանության հետ՝ բողոքելով կոռուպցիայի եւ երկրում ապագայի բացակայության դեմ, իսկ Սերբիայում երիտասարդական հզոր շարժումը հասել է լուրջ քաղաքական ազդեցության:
Բնապահպանական եւ կլիմայական ցույցեր Ասիայում
• Ինդոնեզիա։ Հարյուրավոր դպրոցականներ եւ ուսանողական խմբեր դուրս են եկել Ջակարտայի եւ այլ քաղաքների փողոցներ: Նրանք բողոքում են երկրում մոլեգնող անտառային հրդեհների, թունավոր ծխի (հեյզի) եւ դրա պատճառով առաջացած շնչառական հիվանդությունների դեմ՝ կառավարությանը մեղադրելով անգործության մեջ:
Կրթական բյուջեի դեմ պայքար Լատինական Ամերիկայում
• Արգենտինա եւ Չիլի։ Այս երկրներում աշակերտներն ու ուսանողները կազմակերպում են բացօթյա դասեր եւ երթեր՝ ընդդիմանալով կառավարությունների կողմից իրականացվող խնայողության քաղաքականությանը եւ հանրային կրթության բյուջեի կրճատումներին:
• Ադրբեջան։ Բաքվի որոշ դպրոցներում արձանագրվել են աշակերտների եւ ծնողների տեղային բողոքի ակցիաներ՝ կապված դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների եւ կրթական ներքին խնդիրների հետ:
Մի խոսքով, աշխարհում «դպրոցական աշխարհն իրար է խառնվել», իսկ Հայաստանում ամեն ինչ կարծես «խաղաղ» է։ Այս իմաստով՝ իհարկե, լավ է, որ մեր դպրոցականները չեն խառնվում քաղաքական ու քաղաքացիական գործընթացներին։ Բայց այդպե՞ս է իրոք։ Նախընտրական համապետական քարոզարշավներին նրանց հանրահավաքների բերելը պակա՞ս հանցավոր է, քան աշխարհի որեւէ երկրում որեւէ կառավարության թերացման դեմ պայքարելը։ Նվա՞զ քրեական ու մերժելի արարք չէ նրանց պատմությունից որոշ դրվագներ ու շրջաններ «հեռացնելը»՝ դրան գումարած դպրոցներից մեր հերոսների փառքի անկյունները հեռացնելը, իսկ դասագրքերից մեր իրական ու փառավոր, հերոսական տարեգրության դիպվածները հանելը։
Փոխարենը՝ գուցե կեղծ օրակարգով, գուցե պատվիրված ու բեմադրված (ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում) վերջին շրջանում մի քանի սկանդալային վարույթներ եղան, թե ուսուցիչները բռնացել են սաների նկատմամբ, նույնիսկ՝ ձերբակալված ու տնային կալանքի ենթարկված ուսուցիչներ կան։ Ամենեւին դեմ չենք Հայաստանից, առավել եւս՝ դպրոցներից ու երեխաների կյանքից բռնությունն արմատախիլ անելու քաղաքականությանը, բայց եթե բուն բռնությունն ու բռնության քարոզը գալիս են անձնապես կառավարիչներից, դրա դեմ պայքարը չի կարելի սկսել ուսուցիչներից ու դպրոցներից։