Ինչպես է կազմաքանդվում ՔՊ-ի լեգենդը
Sat, 31 Oct 2026 20:15:12 +0400
Հայաստանի քաղաքական կյանքը դուրս է եկել օրենսդրության ու քաղաքակիրթ բանավեճի սահմաններից։ ԱԺ աշխատանքին հետեւող քաղաքացիները հարց են տալիս․ «Սա մեր Ազգային ժողո՞վն է, թե՞ տեցի կռուգի ռազբիրատ»: Քաղաքական հայեցակարգերի, տնտեսական հիմնավորումների, կիրթ խոսքի փոխարեն կանոնավորապես լսվում են բակի հաշվեհարդարներին բնորոշ «գլուխգործոցներ»․ «Արա՛, ձենդ կտրի», «Տեղդ նստի», «Դու ով դառար, որ․․․»։ ԱԺ դահլիճում քաղաքական մտքի սնանկացմանը զուգահեռ՝ առաջին պլան է մղվում ֆիզիկական ուժի ցուցադրումը՝ աթոռա-շշանետման եւ մկանների դեմոկրատիան։ Վերջապես հասկացանք, թե ինչ նպատակի համար են ԱԺ բերվել մկանուտ, վիզը հաստ, անցյալ չունեցող, իրենց աթոռին մշտապես լուռ ծեփված պատգամավորացուները: Եթե սրան էլ գումարում ես անվտանգության աշխատակիցներին, օդում թեւածող շշերը, աթոռները, բռունցքներն ու հայհոյանքը, ստանում ես պրոֆեսիոնալ, թատերականացված մարտական շոուի՝ WWE ռեստլինգի մրցաշար, որտեղ «ամենահմուտ» պատգամավորը նա է, ով ավելի դիպուկ է շիշն ու աթոռը նետում ընդդիմադիրի ուղղությամբ, ով ավելի բարձր է գոռում անվտանգության աշխատակիցների թիկունքից, ամենանողկալի ելույթն է ունենում ընդդիմության հասցեին եւ այլն։ Եթե կազմենք «պատգամավորի աշխատանքային օրվա գրաֆիկը», 8-ժամյա աշխատանքային օրվա կարճ մասն է ծախսվում օրենքներն ու պետական խնդիրները քննարկելու վրա, մնացածը՝ իրար վիրավորելու, շշեր նետելու, միմյանց հասցեին «դավաճան» կամ «նախկին» գոռալու։
ՔՊ-ական պատգամավորներն ու նախարարները յուրօրինակ «ֆենոմեն» են՝ նրանց ամեն խոսքը պատմության մեջ մնալու արժանի մարգարիտ է։ Մի քանի նորօրյա «գլուխգործոց»․ «Գնաճը լավ է, որովհետեւ մարդիկ շատ փող ունեն ու շատ են ծախսում» (տնտեսագիտության նոր՝ ՔՊ-ական դպրոց)։ «Աղքատությունը մարդկանց ուղեղում է, այլ ոչ թե գրպանում» (սոցիալական քաղաքականության հանճարեղ բանաձեւ)։ «Եթե մենք տարածքները չտանք, պատերազմ կլինի, եթե տանք՝ էլի պատերազմ կլինի, բայց գոնե կիմանանք՝մենք մեղավոր չենք» (անվտանգային ռազմավարության գագաթնակետ)։ Նման մտքերը համադրելով իրական կյանքի դժվարությունների, թանկացումների, քաղաքացու դատարկ գրպանի եւ սահմանային իրականության հետ՝ հասկանում ենք, որ իշխանավորները փորձում են իրենց ամեն մի ձախողումը ներկայացնել որպես նախադեպը չունեցող հաջողություն։ Մյուս հնարքը պարզունակ մանիպուլյացիաներն են․ «Մենք խաղաղություն կառուցողն ենք, դուք՝ պատերազմ հրահրողը։ Մենք պետությունը փրկողն ենք, դուք՝ հանձնողը»։ Իշխանությունը, չունենալով ոչ մի լուծում, ամեն անգամ փորձում է մեղքը բարդել կա՛մ «նախկինների», կա՛մ «ժողովրդի մտածողության», կա՛մ «միջազգային դավադրությունների» վրա։ Երբ հարցնում են․ «Ի՞նչ եք արել այս տարիների ընթացքում», պատասխանում է․ «Իսկ նախկինները թալանում էին»։
Եվ վերջապես՝ քաղաքական «ճարպկության» մասին։ Եթե նախկինում թվում էր, թե իշխող թիմի ամբողջ «ծանրությունը» կրում է միայն խեղճ Նիկոլը՝ ճարպիկ մանեւրներով, բառախաղերով, իշմարներով ամեն բարդ վիճակից դուրս գալով, ապա վերջին շրջանում պատկերը փոխվել է։ Ընդդիմությունը հասկացել է, որ անիմաստ է ՔՊ առաջնորդին հարցեր տալը՝ նա պլստալու, թեման հմտորեն շրջելու է, եւ հարցերն ուղղում են նրա թիմակիցներին, որոնք ակամայից բացում են փակագծերը, մատնում իրականությունը։ Ցայտուն օրինակը Ա. Միրզոյանի միջադեպն էր։ Հարց հնչեց․ «Սահմանադրության փոփոխությունը Բաքվի ուղիղ նախապայմանը չէ՞, առանց որի Ալիեւը խաղաղության փաստաթուղթ չի ստորագրի»։ Պատասխան․ «Դա նախապայման չէ։ Մեր ներքին օրակարգն է, մենք՝ ինքներս ենք ուզում փոխել մեր Սահմանադրությունը»։ Բայց․ «Եթե չփոխենք, փաստաթուղթը չի ստորագրվի, խաղաղություն չի լինի, դա իրենց պահանջն է»։ Սա երգիծանքի դասական ժանրից է։ Եթե դուք անում եք մի բան, որը չանելու դեպքում մյուս կողմը հրաժարվում է ստորագրել որեւէ թուղթ ու սպառնում է պատերազմով, դրան ուրիշ ի՞նչ անուն տալ։ Նույնիսկ վարչապետի դեմքի արտահայտությունն ասում է, որ նա դժգոհ է ԱԳ եւ ՄԱ նախարարի պատասխանից, որովհետեւ նույնիսկ ամենաջերմ աջակիցների համար ծիծաղելի ու հակասական է պատասխանը։ Երկուսն էլ ընկել են սեփական լեքսիկոնի ու կեղծ թեզերի թակարդը՝ այնպիսի անհեթեթություն են հնչեցնում, որը ծաղրի ենթակա է։ Իսկ վերջում՝ փորձում են մեղքը գցել ընդդիմության ու ժողովրդի վրա․ «Դուք չեք հասկանում պետական շահն ու խաղաղության գինը»։
Մեր առջեւ ոչ թե պետական գործիչներ են, այլ սեփական ստերի ու հակասությունների մեջ խճճված մարդիկ, որոնք ամեն օր ինքնաբացահայտման եւ սեփական ժողովրդին ստորացնելու մաստեր-կլաս են ցուցադրում։