Խաղի ժամանակ վնասվածք ստացած Խեսուս Դե Միգելը մահացավ
Tue, 03 Nov 2026 14:23:06 +0400
Իսպանական ֆուտբոլը ցնցված է ողբերգական լուրից։ 30 տարեկանում մահացել է «Տեներիֆեի» հարձակվող Խեսուս Դե Միգել Ալամեդան, որը կյանքի համար պայքարում էր նոյեմբերի 2-ին «Անդորրայի» դեմ հանդիպման ժամանակ ստացած ծանր վնասվածքից հետո։
Ֆուտբոլիստի մահվան մասին նոյեմբերի 3-ին պաշտոնապես հայտնել է «Տեներիֆեն»։ Ակումբի հաղորդագրության համաձայն՝ Դե Միգելը մահացել է երեքշաբթի առավոտյան՝ ժամը 08։00-ին, Նուեստրա Սենյորա դե լա Կանդելարիայի համալսարանական հիվանդանոցում, որտեղ գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Ողբերգական միջադեպը տեղի էր ունեցել Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի՝ «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպման վերջին րոպեներին։ Խաղը, որն ընթանում էր 2։2 հաշվով, մոտենում էր ավարտին, երբ խաղադաշտի կենտրոնական հատվածում գնդակի համար պայքարի ընթացքում Դե Միգելը բախվել էր մրցակցի դարպասապահ Խեսուս Օվոնոյի հետ։
«Անդորրայի» դարպասապահը դուրս էր եկել սեփական տուգանային հրապարակից՝ հեռացնելու երկար փոխանցումից հետո դեպի իր դարպասն ուղղված գնդակը, սակայն բախման հետևանքով ծնկով ուժեղ հարվածել էր «Տեներիֆեի» հարձակվողի կրծքավանդակի հատվածին։ Հարվածից հետո Դե Միգելը փլուզվել էր խաղադաշտում և մնացել անշարժ։
Տեսնելով կատարվածը՝ երկու թիմերի ֆուտբոլիստներն անմիջապես օգնություն էին կանչել։ Բժշկական անձնակազմը շտապ դուրս էր եկել խաղադաշտ և սկսել անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները։ Ֆուտբոլիստի մոտ արձանագրվել էր սրտի և շնչառության կանգ։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել նրա սրտի աշխատանքը, որից հետո նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
Միջադեպի պատճառով հանդիպումը 108-րդ րոպեին վերջնականապես դադարեցվել էր։ Դեպքից հետո «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն հեռացվել էր խաղադաշտից՝ ստանալով ուղիղ կարմիր քարտ։
Սկզբում «Տեներիֆեն» հայտնել էր, որ ֆուտբոլիստը գտնվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում և հոսպիտալացված է վերակենդանացման բաժանմունքում։ Սակայն գիշերվա ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր։ Ակումբը հայտնել էր նաև ֆուտբոլիստի նյարդաբանական վիճակի վատթարացման մասին։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ 30-ամյա ֆուտբոլիստի կյանքը փրկել չի հաջողվել։
«Ցավից կոտրված ենք, կոկորդումս հանգույց է, և չենք կարողանում հավատալ, որ սա իրականություն է։ «Տեներիֆե» ֆուտբոլային ակումբը հայտնում է Խեսուս Դե Միգել Ալամեդայի ողբերգական մահվան մասին։ Մխիթարության խոսքեր չկան, ոչինչ չի կարող մեղմել այս անսահման վիշտը»,- ասված է ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ակումբը ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և թիմակիցներին։ Դե Միգելի ընտանիքն իր հերթին շնորհակալություն է հայտնել աջակցության և ցավակցական ուղերձների համար՝ խնդրելով հարգել այս ծանր պահին իրենց անձնական կյանքը։