«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու
Thu, 05 Nov 2026 09:45:24 +0400
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանն է:
– ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։ Սենատում դեմոկրատները կստանան առնվազն 54 մանդատ։ Դեմոկրատները հաղթել են անգամ այն նահանգներում` Տեքսասում եւ Կանզասում, որտեղ տասնամյակներ շարունակ հաղթել են հանրապետականները։ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո Սենատի 100 տեղից առնվազն 54-ը կանցնի դեմոկրատների վերահսկողության տակ։ Դեմոկրատներին հաջողվել է հաղթանակ տանել ոչ միայն տատանվող նահանգների մեծ մասում, այլեւ մի շարք նահանգներում, որոնք մինչեւ 2026 թ․ նոյեմբերի 3-ը համարվում էին հանրապետականների աջակցության հենակետեր։ Ձեր գնահատմամբ` ի՞նչ հետեւանքներ կարող են լինել այս ընտրություններից հետո, եւ այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի եւ ԹՐԻՓՓ-ի վրա:
– Կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կորցնում է թե՛ Սենատը, թե՛ Ներկայացուցիչների պալատը: Չնայած նա շնորհավորել է դեմոկրատներին, սակայն մենք գիտենք, թե ինչպիսի բնավորություն ունի նա: Շնորհավորանքից մեկ ժամ անց գրել է, որ օրենքների նկատմամբ վետո է կիրառելու, բայց Կոնգրեսն էլ կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Թրամփի համար, օրինակ` նշանակումների հետ կապված: Կարող է չնշանակել ադմինիստրացիայի անդամներին, չհաստատել դատավորներին եւ այլն: Ուզի-չուզի՝ Դոնալդ Թրամփը պետք է հարաբերություններ հաստատի Կոնգրեսի հետ: Այստեղ կա մի կարեւոր խնդիր․ կարող էինք արձանագրել, որ նա, կորցնելով Կոնգրեսը, շարունակելու է հանդես գալ որպես ԱՄՆ նախագահ եւ արտաքին հարաբերությունների առումով ունի ահռելի հնարավորություններ, սակայն սա պատմական քվեարկություն է, որի նմանը երբեք չի եղել: Թրամփն անձամբ մասնակցում էր այս քարոզարշավին, եւ կան տեսակետներ, որ հենց նրա մասնակցությունն է ազդեցություն ունեցել, որպեսզի հաղթեն դեմոկրատները: Նա ատելության մթնոլորտ էր ստեղծել, հայհոյում էր, վիրավորում, անգամ Օբամային եւ նրա կնոջը վիրավորեց: Ամերիկյան հասարակությունը մերժեց այդ ամենը: Կան տեսակետներ, որ Թրամփի եւ Կրեմլի համագործակցության հիմքում տնտեսական շահեր կան կամ նմանատիպ մեկ այլ գործոն: Վերջին օրերին նրա փեսայի մասին սկանդալային հրապարակումներ եղան հենց այս առնչությամբ: Դեմոկրատները, որոնք Կոնգրեսում ղեկավարելու են տարբեր ոլորտներ, արդեն իսկ հայտարարել են, որ ունեն որոշակի հարցեր Թրամփին եւ նրա ընտանիքին, օրինակ՝ դիզելային վառելիքի հետ կապված: ԱՄՆ պետքարտուղարը վերջին շրջանում մի կողմ է քաշվել, նրա ինստիտուտն անտեսվում է, եւ Թրամփն իր ընկերների, ընտանիքի անդամների ու կնոջ միջոցով գործարքների եւ բանակցությունների է մասնակցում: Այստեղ գլխավոր ինտրիգը լինելու է այն, որ այնպիսի բացահայտումներ են լինելու, որ խիստ լարելու են ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակը, ինչն ազդեցություն է թողնելու ողջ աշխարհի վրա: Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ապա Թրամփը հայտարարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել, ես այդպես չեմ կարծում: Այսօր էլ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ դեռ որոշակի պրոցեսներ կան: Ադրբեջանից էլ լսում ենք հայտարարություններ, որոնք խաղաղության օրակարգին դեմ են: Օրինակ` Արեւմտյան Ադրբեջանի մասին են ինչ-որ հայտարարություններ արվում, խոսվում է Հայաստանում սահմանադրության փոփոխության մասին: Այստեղ կա մի խնդիր․ եթե ԹՐԻՓՓ է կառուցվում, որտե՞ղ է սահմանազատումը: Ժամկետներ են նշում, բայց երկու երկրների միջեւ սահմանազատում չի արվել: ՀՀ իշխանությունները դեռ տարիներ առաջ էին նշել, որ եթե Ադրբեջանը կամք ունենա, սահմանազատումը մի քանի օրվա գործ է: Հիմա եթե Թրամփը վստահ է, որ խաղաղություն է հաստատվել, եթե իր ներկայացուցիչները հանդիպում են Ալիեւի հետ, ինչո՞ւ այդ հարցը չի բարձրացվում, ինչո՞ւ սահմանազատում տեղի չի ունենում: Ի՞նչ կապ ունի ԹՐԻՓՓ-ը սահմանադրության փոփոխության հետ: Փաստորեն, սահմանադրության փոփոխությունն էլ ներհայաստանյան բախումների առիթ է դարձել: Ընդդիմությունը հրաժարվում է աջակցել իշխանությանը, իշխանությունն էլ դիմելու է որոշ մեթոդների, որպեսզի ստիպի ընդդիմությանն անցնել իր կողմը: Այնուամենայնիվ, քաղաքական դիսկուրսը բավականին ցածր մակարդակի վրա է: Մենք որեւէ քննարկում խաղաղության երաշխիքների մասին չենք տեսնում: Ո՞վ է ասել, որ եթե սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու: Ինչո՞ւ է Ալիեւը խոսում այն մասին, թե քանի միլիարդ է ծախսել Լեռնային Ղարաբաղում եւ իբր վնասներ կրել: Նա այդ մասին խոսում է, որպեսզի հետագայում պահանջներ ներկայացնի, անկլավների մասին էլ չենք խոսում: Ադրբեջանը խաղաղության գնալ չի ցանկանում: Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ապա եթե ԱՄՆ-ում իրավիճակը լարվեց, արտաքին հարցերը Թրամփի համար հետին պլան կմղվեն:
– Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, թեեւ դա ներկայացնում է որպես Եվրոպական Միության պաշտոնական մարմինների կողմից կազմակերպված ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողով, որն իրականում տեղի է ունենալու նոյեմբերի 15-16-ը: Ինչո՞ւ է ՀՀ վարչապետն այս ճանապարհով մոլորեցնում հանրությանը: Ինչո՞ւ Փաշինյանին չեն հրավիրել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին:
– Ես որքանով տեղյակ եմ, Թրամփն Ալիեւին հրավիրել է Մայամի, իսկ Փաշինյանին հրավիրե՞լ է: Ես անգամ չեմ ուզում այս հարցի մեջ խորանալ, քանի որ Հայաստանն այսօր ունի մի շատ կարեւոր խնդիր՝ զերծ մնալ գերտերությունների բախման կետ լինելուց: Մենք տեսնում ենք, որ երկաթուղու հարցը չի լուծվում, Ռուսաստանն այն երբեք սեփական կամքով չի վերադարձնելու, այստեղ պետք է Թրամփը գործի, որը Պուտինին համարում է հումանիստ: Կասկածում եմ, որ Թրամփը Բայդենի նման Պուտինին Հարավային Կովկասից հեռացնելու մտադրություն ունի: Եթե ՌԴ-ն չի հեռանում Հարավային Կովկասից, ապա իրենց հարազատ է նոյեմբերի 9-ի Զանգեզուրի միջանցքը, այլ ոչ թե ԹՐԻՓՓ-ը․ այդ մասին Լավրովը բացահայտ խոսել է: Էլ չենք խոսում Իրանի կոշտ դիրքորոշման մասին: Ինձ համար հրավերներն ու մրցանակները կարեւոր չեն, կարեւորն այն է, որ աշխարհաքաղաքական այս փոփոխությունների ֆոնին տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում, Գերմանիայում եւ այլն, Հայաստանում հասկանան այդ ամենի հետեւանքները: Այո, ես կողմ եմ, որ Հայաստանը հեռանա ՌԴ-ից: ՌԴ-ն ու ԵԱՏՄ-ն մեր միջավայրը չեն, ոչ էլ մեր դաշնակիցն է Ռուսաստանը, բայց եթե մենք կոնկրետ քայլեր չենք անում ԵՄ-ի ուղղությամբ, ինչո՞ւ ենք թիվ մեկ հակառուսը: Ալիեւը, լինելով հակառուս, այսօր տպավորություն է ստեղծել, թե իբր Ադրբեջանը ՌԴ-ի դաշնակիցն է: