Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400


Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․

«Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Հենց այսպես են անվանում հեռացող նախագահի նախագահության շրջանը, քանի որ նրա քաղաքական կշիռը սկսում է նվազել, ազդեցությունը՝ թուլանալ։ Դա տեղի է ունենում միջանկյալ ընտրություններից հետո, հատկապես պարտության պարագայում, առավել ցցուն է դառնում իրավահաջորդի թեկնածության հայտարարումից հետո և, բնականաբար, հաջորդ նախագահի ընտրության ու նրա երդմնակալության միջև ընկած ժամանակահատվածում։

Այս ընթացքում, իհարկե, նախագահը դեռևս օժտված է սահմանադրական լիազորություններով, սակայն քաղաքական առումով նրա խոսքը սկսում է ավելի քիչ ազդեցություն ունենալ, նվազում է նրա նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը, հատկապես երբ ի հայտ են գալիս նախագահի հաջորդ թեկնածուները (դա տեղի կունենա 2027 թվականի առաջին ամիսներին)։ Շատ հաճախ նախագահը դառնում է նաև տոքսիկ իր շրջապատի և, մասնավորապես, իր պոտենցիալ իրավահաջորդների համար, հատկապես եթե նրանք նրա վարչակազմի անդամներ են, քանի որ ստիպված են լինում կրել նրա քաղաքական որոշումների պատասխանատվության ողջ բեռը։

Սակայն Թրամփն այստեղ պետք է բավականին զգույշ լինի և իր գործողություններով չվնասի իր իրավահաջորդներին, քանի որ դեմոկրատ նախագահի հաղթանակի պարագայում իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ կարող են սկսվել աննախադեպ հետաքննություններ, քրեական գործեր և դատական գործընթացներ, ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ 2020 թվականին, երբ նա չվերընտրվեց և հայտնվեց մի շարք հետաքննությունների կիզակետում։
Դրանք վերաբերում էին 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի իրադարձություններին և ընտրությունների արդյունքները փոխելու ենթադրյալ փորձերին, նախագահական պաշտոնը թողնելուց հետո գաղտնի պետական փաստաթղթերը պահելուն, Ջորջիա նահանգում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերին, ինչպես նաև Նյու Յորքում իր բիզնես փաստաթղթերի կեղծման գործին։ Այս գործընթացներից մի քանիսը հանգեցրին քրեական մեղադրանքների, իսկ Նյու Յորքի գործով Թրամփը 2024 թվականին մեղավոր ճանաչվեց 34 կետով։

Հետևաբար, այս անգամ նա ավելի շատ բան ունի կորցնելու, քանի որ նման հետաքննությունների կիզակետում կարող են հայտնվել նաև նրա մերձավոր հարազատները՝ որդիները, փեսաները և այլն։ Այսպիսով, եթե Թրամփը քաղաքական առումով գուցե այլևս ոչինչ չունի կորցնելու և կարող է գնալ ընդհուպ մինչև ծայրահեղ քայլերի, ապա, հաշվի առնելով վերոշարադրյալը, անձնապես նա դեռ շատ բան ունի կորցնելու։

Ես անձամբ կարծում եմ, որ չնայած նախագահ Թրամփն արդեն իսկ «կաղ բադ» է, նա մինչև վերջին վայրկյանը փորձելու է իրացնել իր լիազորություններն ամբողջ ծավալով։ Չի բացառվում, որ հեռանալուց առաջ նա ներում շնորհի իրեն և իր շրջապատին՝ այդպիսով ապահովագրելով նրանց ապագա հետաքննություններից։ Սակայն քաղաքական առումով նրա ազդեցության անկման մեկնարկն արդեն տրված է»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է տարվա ամենաոճային տղամարդը

Ով է տարվա ամենաոճային տղամարդը Wed, 25 Nov 2026 20:30:59 +0400 Vogue ամսագիրը ամերիկացի դերասան…

15 րոպե ago

Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Wed, 25 Nov 2026 20:19:17 +0400 Հայաստանի վարչապետ Նիկոլ…

27 րոպե ago

Աշխատավարձը չնչին է՝ ոչ ոք չի ուզում աշխատել

Աշխատավարձը չնչին է՝ ոչ ոք չի ուզում աշխատել Wed, 25 Nov 2026 20:15:52 +0400 Դիլիջանի…

30 րոպե ago

Նոնո Սարգսյանի խոսքը` հայտնի ֆիլմի պրեմիերայից առաջ

Նոնո Սարգսյանի խոսքը` հայտնի ֆիլմի պրեմիերայից առաջ Wed, 25 Nov 2026 20:05:33 +0400 Latest news…

40 րոպե ago

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է․ ինչքան արժե

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է․ ինչքան արժե Wed, 25 Nov 2026 20:00:37 +0400 Ոսկու միջազգային…

45 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ Wed, 25 Nov 2026 19:45:56 +0400 Հայաստանի ներքաղաքական կյանքն այսօր վերածվել…

60 րոպե ago