Ղազախստանը հետաքրքրված է TRIPP-ով․ ի՞նչ է ակնկալում
Sat, 07 Nov 2026 11:30:05 +0400
Հայաստան կատարած այցի ընթացքում Ղազախստանի փոխվարչապետ և տրանսպորտի նախարար Ասել Ժանասովան հանդիպումներ է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ղազախստանի տրանսպորտի նախարարության կայքը հաղորդում է, որ «հանդիպումների հիմնական թեման եղել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային միջանցքի տարանցիկ ներուժը Ղազախստանի համար։
Կողմերը քննարկել են դրա զարգացման հեռանկարները, այդ թվում՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) հետ միանալու և այն միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ցանցերին ինտեգրելու հնարավորությունը։
Հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ ղազախ նախարարը նշել է, որ «TRIPP երթուղու զարգացումը կնպաստի միջազգային տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացիային»։ Նա նաև ընդգծել է, որ TRIPP-ը կգրավի նոր բեռնափոխադրումներ և կընդլայնի լոգիստիկ կապերը տարածաշրջանում։