Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել
Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400
Իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ հոկտեմբերի 18-20-ին իշխանությունը Նոյեմբերյան համայնքում ներքին հարցում-ուսումնասիրություն է կատարել նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրությունների ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Այդ հարցման արդյունքներով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու, 2021թ․-ից Նոյեմբերյան համայնքը ղեկավարող Արսեն Աղաբաբյանը կարող է ստանալ ընտրողների 59 տոկոսի, ՔՊ-ն՝ 38 տոկոսի, «Լուսավոր Հայաստանը»` 3 տոկոսի քվեն։
Այդ նախնական հարցման արդյունքները զայրացրել են իշխանության ներկայացուցիչներին եւ նրանք սկսել են` մինչև նախընտրական քարոզչությանը մեկնարկը, 3-4 հոգանոց խմբերով շրջել համայնքներում` տնետուն։ Բնակիչների շրջանում «բացատրական աշխատանք» են կատարում եւ խոստանում, որ Նոյեմբերյանի 19 բնակավայրերում ապրող տասնյակ անձինք նոյեմբերի 29-ի ընտրություններից հետո իրենց գյուղերի վարչական ղեկավարներ են նշանակվելու, հարյուրավոր կանայք ու աղջիկներ իրենց բնակավայրերի մանկապատեզներում աշխատանքի են ընդունվելու, չնայած աշխատատեղերի քանակը համայնքում բազմապատիկ նվազ է: