Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ ինչ է կատարվում ՔԿՀ-ներում

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ ինչ է կատարվում ՔԿՀ-ներում

Sat, 07 Nov 2026 19:35:16 +0400


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎԱԾ ՊԱՏԻԺ ՉՊԻՏԻ ԴԱՌՆԱ
Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ՝ անազատության մեջ գտնվող անձանց պահպանման պայմանները, նրանց իրավունքերին առնչվող խնդիրները դիտարկելու նպատակով։

Մեր այցերի ավարտին ընդգրկուն զեկույց կպատրաստեմ․ մինչ այդ՝ ամփոփ․

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՔԿՀ–այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան վատ են, եթե ոչ՝ սարսափելի, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։
Պատահական չէ, որ Նուբարաշենին անդրադարձել են հենց ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։
Ի դեպ, պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն կալանավորված և ազատությունից զրկված անձանց համար, նաև աշխատակազմի, այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ստորաբաժանման ողջ անձնակազմի համար։

Ընդհանուր կացությունն այնքան անընդունելի է, որ մասնակի կամ հատվածական նորոգումներով/խոհանոցն ու ադմինիստրատիվ շենքերը մասնակի նորոգված էին/ իրավիճակը հնարավոր չէ փոխել։
Խնդրի լուծումն ուղղակի ՀՐԱՏԱՊ է, պետական առաջնահերթություն։

Պետության անմիջական և անհետաձգելի պարտականությունն է սեփական քաղաքացիների՝ ծառայություն իրականացնողների, նաև դատապարտված կամ կալանավորվածների կյանքի իրավունքի և արժանապատվության երաշխավորումը։

ԱԲՈՎՅԱՆ/ կանանց և անչափահասների ՔԿՀ/․ այստեղ պայմանները բարվոք են, ակնհայտորեն մաքուր, բարեկարգ տարածքով, մինչև երեք տարեկան երեխաների և նրանց մայրերի համար կենցաղային համապատասխան պայմանների առկայությամբ, անչափահասների համար կրթությունը շարունակելու, մարզվելու հնարավորությամբ։
ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ– Այս հաստատությունը ՔԿ հիմնարկների մեջ ամենաբարեկարգն է, ուր վերջերս օդափոխության և ջրամատակարարման խնդիրներ են լուծվել։ Պահպանման պայմանները և խցերի ծանրաբեռնվածությունը հիմնականում համապատասխանում են չափանիշներին։

Նկատելի էր, որ անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման համար պայմաններ են ստեղծվել․ բարեկարգ գրադարան, ինքնագործ մարզական և մշակութային խմբեր, դահլիճ և այլն։ Դատապարտյալներից մեկն անգամ դատապարտյալների շրջանում շախմատի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել վերջ։
Այստեղ գործում է առողջապահության նախարարության ենթակայության դատապարտյալների ամբուլատորիա/ստացիոնար։

Առերևույթ բավարար պայմաններով, թեև բուժման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ գնահատականներ տալուց կխուսափեմ այս պահին։

ՍԵՎԱՆ ՔԿՀ–կառանձնացնեի կեցավայրերի/կացարանների ծանրաբեռնվածությունը/խտությունը/, լուսավորության խնդիրները, վերասոցիալականացվելու սահմանափակ հնարավորությունները։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ԿԱԼԱՆՔԻ ենթարկված անձանց անթույլատրելի բարձր տոկոս։ Անազատության մեջ գտնվող անձանց 41%-ը կալանավորվածներ են, որոնք չունեն դատավճիռներ։ Որոշ կալանավորվածներ մինչև 5-6 տարի զրկված են ազատությունից, կորցնում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան առողջություն, ընտանիք, արժանապատվություն, աշխատանք, երբ դեռ դատավճիռներ չկան։
Որոշ ՔԿՀ–ում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են։
Մինչդեռ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։

Արձանագրվող այս պատկերը ոչ թե ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ այլ՝ արդարադատության տակ քողարկված պատժիչ և ոչ հումանիստական վարքագծի մասին է։
2025թ կալանավայրերում արձանագրված ԱՆՆԱԽԱԴԵՊ ինքնասպանությունների և մահերի պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներն են, որոնք իմ համոզմամբ նաև այս պայմանների կամ անարդար և ոչ իրավաչափ կալանքի, արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հետևանք են։

ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ․ Ընդհանուր գնահատականն էր և դժգոհություն, որ այն չի գործում, մինչդեռ այն հնարավորություն է տալիս պատժի նպատակներին հասնել ոչ միայն դատապարտյալին ազատությունից զրկելու, այլև նրա ուղղման, վերասոցիալականացման և հասարակություն վերադարձնելու միջոցով։
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ․ Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Սա պետության կողմից մարդասիրական նկատառումներով իրականացվող իրավական ակտ է և անհասկանալի է, թե ինչու ավելի քան 8 տարի չի գործարկվել այս մեխանիզմը։

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ։ Սա համատարած խնդիր է, բոլոր հիմնարկներին բնորոշ։ Սևան և Արմավիր ՔԿՀ–ում հանդիպեցի անազատության մեջ գտնվող անձանց, որոնց պարագայում ակհնայտ էր կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը։

Այս դեպքերի առնչությամբ գրություններ եմ պատրաստում Առողջապահության նախարարությանը և համապատասխան ստորաբաժանմանը, և կանդրադառնամ առանձին։

ԶԲՈՍԱՆՔ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ– Շատերը բարձրացրին զբոսանքի համար հատկացված մեկ ժամը երկարացնելու խնդիրը, նաև դատապարտյալներին հասանելիք 20կգ․ հանձնուքների մեջ ջուրը չներառելու անհրաժեշտությունը։
Առաջիկայում այս և այլ խնդիրներ առավել մանրամասն զեկույցով կդառնանք և կքննարկենք։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ,
ԱԺ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
7.11․2026

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դրամի ամրապնդումը ոչ թե տոնելու, այլ լրջորեն ուսումնասիրելու երևույթ է

Դրամի ամրապնդումը ոչ թե տոնելու, այլ լրջորեն ուսումնասիրելու երևույթ է Sat, 07 Nov 2026 19:45:04…

9 րոպե ago

Առաջին անգամ Լոս-Անջելեսը կունենա հնդկուհի քաղաքապետ

Առաջին անգամ Լոս-Անջելեսը կունենա հնդկուհի քաղաքապետ Sat, 07 Nov 2026 19:30:56 +0400 Առաջին անգամ Լոս-Անջելեսը…

24 րոպե ago

Սամվել Կարապետյանի ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության հարց է

Սամվել Կարապետյանի ստացած կամ չստացած շահույթը մասնավոր սեփականության հարց է Sat, 07 Nov 2026 19:18:17…

36 րոպե ago

Գնաճի մասին, կամ՝ ինչ է թաքցնում վիճակագրությունը

Գնաճի մասին, կամ՝ ինչ է թաքցնում վիճակագրությունը Sat, 07 Nov 2026 19:15:21 +0400 Հայաստանի պաշտոնական…

39 րոպե ago

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը

Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը Sat, 07 Nov 2026 19:07:09 +0400 Կրեմլը…

47 րոպե ago

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո

Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներին․ Լուկաշենկո Sat, 07 Nov 2026 19:00:20 +0400…

54 րոպե ago