ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան

Sun, 08 Nov 2026 09:30:51 +0400


ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ՝ անազատության մեջ գտնվող անձանց պահպանման պայմանները, նրանց իրավունքերին առնչվող խնդիրները դիտարկելու նպատակով։

Մեր այցերի ավարտին ընդգրկուն զեկույց կպատրաստեմ․ մինչ այդ՝ ամփոփ․

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՔԿՀ–այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական պայմաններն այնքան վատ են, եթե ոչ՝ սարսափելի, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։

Պատահական չէ, որ Նուբարաշենին անդրադարձել են հենց ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։

Ի դեպ, պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն կալանավորված և ազատությունից զրկված անձանց համար, նաև աշխատակազմի, այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ստորաբաժանման ողջ անձնակազմի համար։

Ընդհանուր կացությունն այնքան անընդունելի է, որ մասնակի կամ հատվածական նորոգումներով/խոհանոցն ու ադմինիստրատիվ շենքերը մասնակի նորոգված էին/ իրավիճակը հնարավոր չէ փոխել։

Խնդրի լուծումն ուղղակի ՀՐԱՏԱՊ է, պետական առաջնահերթություն։

Պետության անմիջական և անհետաձգելի պարտականությունն է սեփական քաղաքացիների՝ ծառայություն իրականացնողների, նաև դատապարտված կամ կալանավորվածների կյանքի իրավունքի և արժանապատվության երաշխավորումը։

ԱԲՈՎՅԱՆ/ կանանց և անչափահասների ՔԿՀ/․ այստեղ պայմանները բարվոք են, ակնհայտորեն մաքուր, բարեկարգ տարածքով, մինչև երեք տարեկան երեխաների և նրանց մայրերի համար կենցաղային համապատասխան պայմանների առկայությամբ, անչափահասների համար կրթությունը շարունակելու, մարզվելու հնարավորությամբ։

ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ– Այս հաստատությունը ՔԿ հիմնարկների մեջ ամենաբարեկարգն է, ուր վերջերս օդափոխության և ջրամատակարարման խնդիրներ են լուծվել։ Պահպանման պայմանները և խցերի ծանրաբեռնվածությունը հիմնականում համապատասխանում են չափանիշներին։

Նկատելի էր, որ անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման համար պայմաններ են ստեղծվել․ բարեկարգ գրադարան, ինքնագործ մարզական և մշակութային խմբեր, դահլիճ և այլն։ Դատապարտյալներից մեկն անգամ դատապարտյալների շրջանում շախմատի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել վերջ։

Այստեղ գործում է առողջապահության նախարարության ենթակայության դատապարտյալների ամբուլատորիա/ստացիոնար։

Առերևույթ բավարար պայմաններով, թեև բուժման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ գնահատականներ տալուց կխուսափեմ այս պահին։

ՍԵՎԱՆ ՔԿՀ–կառանձնացնեի կեցավայրերի/կացարանների ծանրաբեռնվածությունը/խտությունը/, լուսավորության խնդիրները, վերասոցիալականացվելու սահմանափակ հնարավորությունները։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

ԿԱԼԱՆՔԻ ենթարկված անձանց անթույլատրելի բարձր տոկոս։ Անազատության մեջ գտնվող անձանց 41%-ը կալանավորվածներ են, որոնք չունեն դատավճիռներ։ Որոշ կալանավորվածներ մինչև 5-6 տարի զրկված են ազատությունից, կորցնում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան առողջություն, ընտանիք, արժանապատվություն, աշխատանք, երբ դեռ դատավճիռներ չկան։

Որոշ ՔԿՀ–ում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են։

Մինչդեռ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։

Արձանագրվող այս պատկերը ոչ թե ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ այլ՝ արդարադատության տակ քողարկված պատժիչ և ոչ հումանիստական վարքագծի մասին է։

2025թ կալանավայրերում արձանագրված ԱՆՆԱԽԱԴԵՊ ինքնասպանությունների և մահերի պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներն են, որոնք իմ համոզմամբ նաև այս պայմանների կամ անարդար և ոչ իրավաչափ կալանքի, արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հետևանք են։

ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ․ Ընդհանուր գնահատականն էր և դժգոհություն, որ այն չի գործում, մինչդեռ այն հնարավորություն է տալիս պատժի նպատակներին հասնել ոչ միայն դատապարտյալին ազատությունից զրկելու, այլև նրա ուղղման, վերասոցիալականացման և հասարակություն վերադարձնելու միջոցով։

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ․ Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Սա պետության կողմից մարդասիրական նկատառումներով իրականացվող իրավական ակտ է և անհասկանալի է, թե ինչու ավելի քան 8 տարի չի գործարկվել այս մեխանիզմը։

ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ։ Սա համատարած խնդիր է, բոլոր հիմնարկներին բնորոշ։ Սևան և Արմավիր ՔԿՀ–ում հանդիպեցի անազատության մեջ գտնվող անձանց, որոնց պարագայում ակհնայտ էր կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը։

Այս դեպքերի առնչությամբ գրություններ եմ պատրաստում Առողջապահության նախարարությանը և համապատասխան ստորաբաժանմանը, և կանդրադառնամ առանձին։

ԶԲՈՍԱՆՔ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ– Շատերը բարձրացրին զբոսանքի համար հատկացված մեկ ժամը երկարացնելու խնդիրը, նաև դատապարտյալներին հասանելիք 20կգ․ հանձնուքների մեջ ջուրը չներառելու անհրաժեշտությունը։

Առաջիկայում այս և այլ խնդիրներ առավել մանրամասն զեկույցով կդառնանք և կքննարկենք։

Հ․Գ․ Նկարները համացանցից; Արմավիրից և Աբովյանից կարող էին լավ նկարներ լինել, բայց նկարելու սահմանափակություն ունեինք»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր Տարվա ամենալավ նվերը հրաժարականդ է․․․

Նոր Տարվա ամենալավ նվերը հրաժարականդ է․․․ Sun, 29 Nov 2026 17:15:08 +0400 Մի պահ մոռանանք…

9 րոպե ago

35 ընտրատեղամասում արձանագրվել է 42 հաղորդում

35 ընտրատեղամասում արձանագրվել է 42 հաղորդում Sun, 29 Nov 2026 17:14:07 +0400 «Ականատես» դիտորդական առաքելությունը…

10 րոպե ago

ՌԴ-ում խոշտանգված լրագրողի մարմինը վերադարձրել են առանց օրգանների

ՌԴ-ում խոշտանգված լրագրողի մարմինը վերադարձրել են առանց օրգանների Sun, 29 Nov 2026 17:00:24 +0400 Ռուսաստանում…

24 րոպե ago

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ

Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Sun, 29 Nov 2026 16:45:35 +0400…

39 րոպե ago

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա

Անհանգստանալու բացարձակապես կարիք չկա Sun, 29 Nov 2026 16:37:27 +0400 Սիրելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ մնալով Ձեր…

47 րոպե ago

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Ռուսաստանում հայտարարել են Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Sun, 29 Nov 2026 16:29:23 +0400 Ռուսաստանի…

55 րոպե ago