«Այս հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում»
Mon, 09 Nov 2026 11:58:11 +0400
Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանում պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերվում ո՛չ զոհվածների հիշատակին, ո՛չ էլ հայրենիքի պաշտպանության համար պայքարած անձանց նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում արժեզրկվում է հայրենիքի համար մղված ցանկացած պայքար։
Այս մասին Բեգլարյանն ասել է այսօր՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
Անդրադառնալով Բաքվում պահվող 19 հայ գերիների վերադարձի խնդրին՝ նա նշել է, որ նրանց ազատ արձակման համար կան բազմաթիվ տեսանելի հնարավորություններ, սակայն ՀՀ իշխանությունները չեն դիմում դրանցից օգտվելու համար։
Բեգլարյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները շահագրգռված չեն գերիների ամբողջական կամ նույնիսկ մասնակի վերադարձով։
Նախկին պետնախարարը խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն առաջարկի մասին, որ Բաքու ուղարկվող նամակները քաղաքացիները կառավարությանը փոխանցելու փոխարեն ուղարկեն անմիջապես փոստային ծառայության միջոցով։
Նրա խոսքով՝ գերիների հարազատներն ու աջակիցները նամակները կառավարությանը փոխանցել են այն պատճառով, որ այլ գործնական տարբերակ չեն ունեցել։ Բեգլարյանը շեշտել է, որ կառավարությունը պարտավորություններ ունի ոչ միայն գերիների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու, այլև նրանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումներից զերծ պահելու և ընտանիքների հետ կապի ապահովման հարցերում։
«Այս հարցում կառավարությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում»,- հայտարարել է Արտակ Բեգլարյանը։