«Մենք չենք հրաժարվել Արցախ վերադառնալու իրավունքից և պատրաստվում ենք պայքարել դրա համար»
Mon, 09 Nov 2026 11:54:03 +0400
Արցախի հանրային խորհրդի անդամ Նարե Սիմոնյանը հայտարարել է, որ արցախցիները չեն հրաժարվել իրենց իրավունքներից, այդ թվում՝ հավաքական և անվտանգ կերպով հայրենիք վերադառնալու իրավունքից։
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ արցախցիները պահանջում են իրենց իրավունքների վերականգնում ինչպես Հայաստանի իշխանություններից, այնպես էլ միջազգային հանրությունից։
Սիմոնյանի խոսքով՝ այդ հարցում պատասխանատվություն ունեն նաև արևմտյան երկրները, որոնք հանդես են գալիս մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, ինչպես նաև Ռուսաստանը՝ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ։
Նա նշել է, որ արցախցիները չեն պատրաստվում հաշտվել այն իրավիճակի հետ, երբ աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով մշտապես հայտնվում են տուժողի կարգավիճակում։ Սիմոնյանի համոզմամբ՝ իրենց իրավունքները պաշտպանելու և դրանց վերատիրանալու պայքարը շարունակվելու է։
«Մենք ունենք մեր իրավունքները, պատրաստվում ենք պաշտպանել դրանք և հասնել մեր հայրենիք հավաքական, անվտանգ ու ապահով վերադարձին»,- հայտարարել է Նարե Սիմոնյանը։