Նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածենք Իրանին․ Թրամփը կանգ չի առնում
Mon, 09 Nov 2026 13:30:39 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի դեմ նոր հարվածները, եթե Թեհրանը չհամաձայնի «շատ ուժեղ համաձայնագրի», սակայն լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում։
«Չափազանց քիչ հավանական է, որ դրա անհրաժեշտությունը լինի», – CNN-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով հակամարտության նոր փուլի հեռանկարների մասին հարցին։
Նա հավելել է, որ Վաշինգտոնի հետագա գործողությունները կախված կլինեն Իրանի՝ համաձայնության գալու պատրաստակամությունից։
Միևնույն ժամանակ, Թրամփը զգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն հզոր հարվածներ կհասցնի Իսլամական Հանրապետությանը։
«Անհրաժեշտության դեպքում մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք։ Դուք նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածեմ նրանց», – ասել է նա։
Նախագահի խոսքով՝ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը պատրաստ են հարձակումների հնարավոր վերսկսմանը։ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն իր տրամադրության տակ ունի երեք ավիակիր՝ ընդգծելով, որ բոլորն էլ լիովին գործունակ են։
Սպիտակ տան ղեկավարը նաև հիշատակել է 38 կամուրջ, որոնք ԱՄՆ զինված ուժերը կարող են ոչնչացնել «բառացիորեն մեկ ժամվա ընթացքում»։ Նա նաև նշել է, որ չի ցանկանա ոչնչացնել իրանական ենթակառուցվածքները, քանի որ դրանց վերականգնումը կարող է տևել մոտ տասը տարի։