Պահանջ ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում

Պահանջ ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում

Mon, 09 Nov 2026 14:00:25 +0400


Դիմում

Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցի կապակցությամբ

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության վեցերորդ տարելիցին Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը պահանջում է ՀՀ կառավարությունից՝ հստակեցնել և հրապարակայնորեն ներկայացնել իր հանձնառությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում։

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվեց ծանր պարտության պայմաններում, որի համար քաղաքական պատասխանատվություն է կրում Հայաստանի գործող իշխանությունը։ Այդ փաստաթուղթը նախատեսում էր նաև տեղահանված անձանց ու փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողությամբ։ Հետևաբար Արցախի տեղահանված հայ բնակչության վերադարձը ևս այդ հայտարարությամբ նախատեսված գործընթացի մաս էր։ Հայտարարությունն ամրագրում էր նաև ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց փոխանակումը և Հայաստանի ու Արցախի միջև անվտանգ հաղորդակցությունը։

Վեց տարի անց Արցախը հայաթափված է, Ադրբեջանում շարունակում են պահվել հայ գերիներ, իսկ հայկական մշակութային և հոգևոր ժառանգությունը վտանգված է։ Նոյեմբերի 9-ի հայտարարության այս դրույթները չեն ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, որոնց վերաբերում էին։ Դրանց չկատարումը չի կարող արդարացում դառնալ այդ պահանջները քաղաքական օրակարգից դուրս թողնելու համար։

ՀՀ կառավարությունն իրավունք չունի նոյեմբերի 9-ի հայտարարությունը համարելու անցած փուլ՝ անտեսելով վերադարձի և գերիների ազատման չլուծված հարցերը։

Պահանջում ենք՝ Արցախի հայերի կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձը, Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակումն ու վերադարձը և Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի պարտադիր օրակարգ և համաձայնագրի ստորագրման ու վավերացման պայմաններ՝ դրանց իրականացման հստակ միջազգային երաշխիքներով։

Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը չի կարող փոխարինել այս հարցերի լուծմանը։ Առանց այդ երաշխիքների միջպետական դատական պահանջներից հրաժարվելը մենք կգնահատենք որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցներից հրաժարում։

Պահանջում ենք հրապարակային պատասխան՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում կառավարությունն այս երեք ուղղությամբ, և ի՞նչ արդյունքներ է պահանջում Ադրբեջանից՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից առաջ։ Այս հարցերի շուրջ որոշումները պետք է ընդունվեն Արցախի ժողովրդի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։

Պահանջում ենք սույն դիմումին տրամադրել գրավոր պատասխան՝ ներկայացնելով կառավարության դիրքորոշումն ու նախատեսվող կոնկրետ քայլերը։

Նոյեմբերի 9-ի տարելիցը միայն պարտությունը հիշելու օր չէ։ Այն նաև չկատարված պարտավորությունների և դրանց համար պատասխանատվություն պահանջելու օր է։ Մեր ժողովրդի վերադարձի իրավունքը, մեր հայրենակիցների ազատությունը և մեր ժառանգության պահպանությունը չեն կարող դուրս մնալ խաղաղությունից։

Արցախի հանրային խորհրդի քարտուղար՝
Նարե Սիմոնյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերմանիան ամենից շատ արտաքսում է թուրքերին

Գերմանիան ամենից շատ արտաքսում է թուրքերին Mon, 09 Nov 2026 14:30:58 +0400 Գերմանիայի ներքին գործերի…

7 րոպե ago

ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական Քեշմ կղզուն․ ինչ է հայտնի

ԱՄՆ-ն կրկին հարվածել է իրանական Քեշմ կղզուն․ ինչ է հայտնի Mon, 09 Nov 2026 14:00:15…

38 րոպե ago

Չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց

Չպետք է հայտնվենք մի իրավիճակում, երբ ուսուցիչը վախենա երեխայի նկատմամբ պահանջկոտ լինելուց Mon, 09 Nov…

52 րոպե ago

Արդեն հայտնի հանգամանքներն իսկ բավարար են լուրջ մտահոգվելու համար

Արդեն հայտնի հանգամանքներն իսկ բավարար են լուրջ մտահոգվելու համար Mon, 09 Nov 2026 13:45:23 +0400…

52 րոպե ago

Նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածենք Իրանին․ Թրամփը կանգ չի առնում

Նույնիսկ չգիտեք, թե որքան ուժեղ կհարվածենք Իրանին․ Թրամփը կանգ չի առնում Mon, 09 Nov 2026…

1 ժամ ago

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին

Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ թշնամին շարունակում է սպառնալ Հայաստանին Mon, 09 Nov 2026…

1 ժամ ago