ԸՕ ոտնահարմամբ քարոզչություն են իրականացնում դպրոցներում
Mon, 09 Nov 2026 20:45:10 +0400
Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղից բողոքել են, որ նոյեմբերի 4-ին, ժամը ժամը 13․15-ին Բերդավան գյուղի միջնակարգ դպոցում ծնողների մասնակցությամբ միջոցառում է մեկնարկել, որին մասնակցել է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակի 15-րդ համար Գայանե Պարանյանը, իսկ հանրակրթակյան դպրոցը թեկնածուի հետ հանդիպման վայր չէ։
Օրենքն արգելում է դպրոցների տարածքում նախընտրական քարոզչությամբ զբաղվելը: Զանգահարեցի Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Նասիբյանին: Նա ասաց, որ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն «Հոդված 3» (ղեկավարը ՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն է) ակումբի անունից իրեն խնդրել է նոյեմբերի 4-ին թույլատրել իրականացնել քննադատական մտածողության զարգացման, կիբեռանվտանգության և մեդիագրագիտության հմտությունների բարձրացմանն ուղղված գործնական և ուսուցման նոր մեթոդներ ներառող դասընթաց՝ Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչների և ծնողական համայնքի հետ։ Այդ դասընթացը վարել է Բերդավանի դպրոցի ԴԱԿ (դաստիարկչական աշխատանքների կազմակերպիչ) Անի Հախվերդյանը։ Աստղիկ Նասիբյանն ասաց, որ ավագանու թեկնածու Գայանե Պարանյանն այդ միջոցառմանը ելույթ չի ունեցել: Գայանե Պարանյանը, ի դեպ, ծնվել է Բերդավանում, սակայն ամուսնացել եւ բնակվում է Նոյեմբերյան համայնքի Պտղավան գյուղուն։ ԿԸՀ կայքում նշված է, որ նա չի աշխատում։ Զարմանալի զուգադիպությամբ քննադատական մտածողության զարգացման, կիբեռանվտանգության և մեդիագրագիտության հմտությունների բարձրացմանն ուղղված սեմինարը համընկել է նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյան համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակաշրջանի հետ: Եւ ոչ մի տեղ չաշխատող, Բերդավանից սերված ավագանու ՔՊ-ի թեկնածու Գայանե Պարանյանը այդ ծրագրի շրջանակներում դասընթաց է անցկացնում։ Տեղեկացանք, որ նախընտրական այս շրջանում նույն սեմինարը անցկացվել է նաև Նոյեմբերյան համայնքի առնվազն 2 այլ հանրակրթական դպրոցներում։