Փող, փող, ու էլի փող…
Tue, 10 Nov 2026 00:18:08 +0400
Լսում եմ Տիգրան Ավինյանին` հայտարարում է, թե մեքենան շքեղություն կդառնա երևանցիների համար՝ ակնարկելով սպասվող նոր փոփոխությունների մասին, որոնք, ըստ էության, ևս մեկ հնարավորություն են ստեղծելու քաղաքացիների գրպանն ավելի շատ մտնելու։
Ընդհանրապես, այս իշխանության գործելաոճը հենց այդպիսին է․ գրեթե բոլոր ոլորտներում ամեն ինչ հասցնում են անմխիթար վիճակի, իսկ երբ խոսքը վերաբերում է իրավիճակը բարելավելուն, միանգամից հիշում են քաղաքացու գրպանի մասին։ Փոխանակ կատարեն իրենց պարտականությունները, նոր վճարներ են մտածում։
Անդրադառնամ Ավինյանին, ով թիմից հետ չմնալով, նույն գործելաոճն է որդեգրել։ Հայտարարում է, թե մեքենա ունենալը կդառնա շքեղություն։ Բայց, պարոն Ավինյան, մեքենա ունենալն արդեն իսկ շքեղություն է դարձել, եթե հաշվի առնենք դրա պահպանման ծախսերը, պարտադիր վճարներն ու հարկերը, որոնցից քաղաքապետարանի բյուջե նույնպես զգալի գումարներ են ուղղվում։
Հարց է առաջանում՝ այդ գումարները որտե՞ղ են ծախսվում։ Որտե՞ղ են պատշաճ կահավորված ճանապարհները, թարմ գծանշումները, երթևեկության կազմակերպման արդյունավետ լուծումները։
Երևանի երթևեկության վիճակն ամեն օր ապացուցում է, որ քաղաքային իշխանությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել մայրաքաղաքի ամենացավոտ խնդիրները, հատկապես խցանումների հարցը։ Խցանումները դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասը, փողոցները՝ գերծանրաբեռնված, իսկ գծանշումների մի զգալի մասը վաղուց է մաշվել ու կորցրել իր նշանակությունը։ Որոշ հատվածներում գծանշումները վերջին անգամ երևի թարմացվել են Հռոմի պապի՝ Հայաստան այցի առթիվ՝ նախկին իշխանությունների օրոք։
Եվ այս ամենի ֆոնին քաղաքապետը խոսում է մեքենա ունենալու շքեղության մասին։
Պարոն Ավինյան, մի՞թե քաղաքացուց գանձվող գումարները հենց նրա համար չեն, որ քաղաքը լինի ավելի հարմարավետ, ճանապարհներն՝ անվտանգ, երթևեկությունը՝ կազմակերպված։ Մի՞թե քաղաքապետարանի պարտականությունը չէ ապահովել այդ ամենը՝ առանց քաղաքացիների գրպանը հերթական անգամ մտնելու։
Ամեն ինչին չափ կա։ Չի կարելի սեփական պարտականությունները չկատարել, քաղաքը վերածել երթևեկության քաոսի, իսկ հետո քաղաքացիներին ներկայացնել նոր հաշիվ՝ այդ քաոսը հաղթահարելու համար։
Փող հավաքելն ինքնին կառավարում չէ։ Իսկ երբ իշխանությունը չի կարողանում ապահովել նույնիսկ իր պարտականությունների նվազագույն կատարումը, բայց շարունակում է նոր հարկեր-տուրքեր մտածել, դա արդեն ոչ թե քաղաքային կառավարում է, այլ քաղաքացիներին կեղեքելու հերթական փորձ: