«Հրապարակ». Պատճառները շատ են. վատ հրամանատարություն, բուլինգ, մեծ ծանրաբեռնվածություն, հոգեբանական ծանր վիճակ, միջանձնային կոնֆլիկտներ
Tue, 10 Nov 2026 11:45:27 +0400
Հայաստանի անվտանգային խնդիրների մասին «Հրապարակը» զրուցել է պրոֆեսոր, գիտությունների մագիստրոս, Progressive Studies University-ի՝ PSU-ի անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էֆտիմիս Տուրտիդիսի հետ, որը զինուժի վերապատրաստման դասընթացներ է անցկացնում Հայաստանում։
– ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ 8 միլիարդ դոլար են ծախսել բանակում բարեփոխումների, զենքի համալրման վրա։ Նման չափի գումար ծախսելու դեպքում մեր զինված ուժերը կունենայի՞ն այն խնդիրները, որոնց այսօր բախվում ենք։
– Այո, չնայած ներդրված մեծ գումարներին, բանակի անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են լինել։ Նկատի ունեմ այն, թե իրականում որքան արդյունք է ստացվել ներդրումներից։ 8 միլիարդ դոլարը, անշուշտ, զգալի գումար է, հատկապես Հայաստանի նման երկրի համար։ Սակայն, մինչ եզրակացություններ անելը, պետք է հստակ իմանալ, թե որքան գումար է հատկացվել պաշտպանությանը, ինչ ժամանակահատվածում եւ ինչ նպատակով։ Կարեւոր է հիշել, որ ռազմական տեխնիկայի ձեռքբերումն արդյունավետ պաշտպանական ուժերի ստեղծման միայն մեկ բաղադրիչն է։ Ժամանակակից սպառազինության, բարձրտեխնոլոգիական միջոցների եւ լավ հանդերձավորված զինվորների առկայությունը դեռ չի երաշխավորում պատշաճ պաշտպանություն։ Եթե ստորաբաժանումների միջեւ կապը բացակայում է, կամ ազդանշանները բավարար արագ չեն փոխանցվում, ապա կարող են առաջանալ անվտանգային խնդիրներ։ Ահա թե ինչու է կարեւոր Շաքիի միջադեպը։ Արդարացի չէր լինի պնդել, թե միլիարդավոր դոլարները վատնվել են միայն այն պատճառով, որ ադրբեջանցի մեկ զինվոր հատել է սահմանը. առանց փաստերն ուսումնասիրելու նման պնդում անելն անպատասխանատու կլիներ։ Այնուամենայնիվ, քանի որ երկրի պաշտպանության մեջ հսկայական միջոցներ են ներդրվել, տրամաբանական է ակնկալել բարելավումներ ռազմական պատրաստվածության, սահմանի հսկողության, համակարգման եւ արձագանքման հարցերում։ Նշեմ նաեւ, որ ռազմական ոլորտում կատարված որոշ ներդրումների արդյունքներն ակնթարթորեն չեն երեւում։ Անձնակազմի վերապատրաստումը, ենթակառուցվածքների արդիականացումը եւ պաշտպանական նոր համակարգերի ներդրումը ժամանակ են պահանջում։ Բացի այդ, որոշ ներդրումներ կարող են նպաստել այն ոլորտների բարելավմանը, որոնք ուղիղ կապված չեն սահմանահատումը կանխելու խնդրի հետ։
Այն փաստը, որ գումար է ներդրվել, ավտոմատ չի նշանակում, որ գործնական կարողությունները բարելավվել են: Կարեւորն այն է, թե այս ներդրումները լուծո՞ւմ են Հայաստանի իրական անվտանգության կարիքները, օգնո՞ւմ են բարելավել այն ոլորտները, որոնց կարիքն ունի Հայաստանը, գործառնական առումով որեւէ բարելավում կատարվե՞լ է` անցյալի միջադեպերից դասեր քաղելու շնորհիվ: Արդյո՞ք ստորաբաժանումներն ավելի լավ են պատրաստված, կա՞ ավելի արագ հաղորդակցություն, հնարավոր սպառնալիքներն ավելի արա՞գ են նույնականացվել եւ դրանց դեմ պայքարել: Ես գիտակցում եմ Հայաստանի ջանքերը՝ ամրապնդելու իր ԶՈՒ-ն, եւ հասկանում եմ այս ներդրումների կարեւորությունը: Հայաստանը բախվում է իրական անվտանգության մարտահրավերների, եւ կարողունակ բանակը կարեւոր է տարածքն ու ժողովրդին պաշտպանելու համար։
– Չափազանց շատացել են մահերը բանակում՝ ինքնասպանություններ, սպանություններ։ Փաշինյանը դա բացատրում է խաղաղությամբ, որ զինվորներն այլեւս զգոն չեն եւ այլն։
– Դա շատ մտահոգիչ հարց է։ Ես հասկանում եմ վարչապետի բացատրությունը փոփոխվող անվտանգության իրավիճակի եւ զինվորների վարքագծի վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ միայն սա կարող է բացատրել նման լուրջ միջադեպերը։ Զինվորը պետք է միշտ կարգապահ լինի, անկախ նրանից՝ իր երկիրը պատերազմական, թե խաղաղ վիճակում է։ Նա պարտավոր է կատարել իր ծառայողական պարտականությունները։ Եթե զինվորների ուշադրությունը թուլանում է այն պատճառով, որ նրանք իրենց անմիջական վտանգի տակ չեն զգում, ապա անհրաժեշտ է վերանայել նրանց պատրաստման, վերահսկման եւ կարգապահության ապահովման գործընթացները։ Եթե ծառայության ընթացքում քնելը կարգապահության եւ անվտանգության խնդիր է, ինքնասպանություններն ու զինվորների միջեւ բռնությունը շատ ավելի բարդ երեւույթներ են։ Նման իրավիճակների պատճառները կարող են տարբեր լինել։ Դրանց կարող են նպաստել վատ հրամանատարությունը, ճնշումները (բուլինգը), նվաստացումները, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը, անձնական դժվարությունները, հոգեբանական ծանր վիճակը, զինվորների միջեւ ծագող կոնֆլիկտները։ Երբեմն առկա է լինում մի քանի խնդիր միաժամանակ։ Պետք է նաեւ հաշվի առնել այն պայմանները, որոնցում գտնվում են զինվորները` նրանք բավարար չափով հանգստանո՞ւմ են, նրանց պարտականությունները պատշաճ կերպով կազմակերպվա՞ծ են, համարձակվո՞ւմ են հրամանատարներին զեկուցել իրենց խնդիրների մասին, պաշտպանվա՞ծ են մեկ այլ զինվորի կողմից սպառնալիքներից ու ոտնձգություններից։ Սա կարեւոր է, քանի որ բանակում կարգապահությունը միայն հրամաններ տալը եւ դրանք չկատարողներին պատժելը չէ։ Այն նաեւ կառավարման մասին է։ Հրամանատարը պետք է տեղյակ լինի, թե ինչ է կատարվում իր ստորաբաժանումում, պետք է ճանաչի իր զինվորներին, նկատի, երբ ինչ-որ բան այն չէ, եւ ապահովի, որ ցանկացած խնդիր լուծում ստանա։ Կարծում եմ՝ հոգեկան առողջությանը պետք է շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Զինվորական ծառայությունը կարող է չափազանց սթրեսային լինել, հատկապես երիտասարդների համար, ովքեր հեռու են իրենց ընտանիքներից եւ հանկարծ հայտնվում են բոլորովին այլ միջավայրում։ Ոմանք կարող են ունենալ անձնական կամ ֆինանսական խնդիրներ, խնդիրներ՝ կապված նախկինում տեղի ունեցած կոնֆլիկտների հետ։ Զինվորները երբեք չպետք է վախենան օգնություն խնդրելուց՝ մտածելով, որ իրենց կհամարեն թույլ կամ ծառայության համար ոչ պիտանի։ Վերջապես, պետք է անդրադառնալ այն հարցին, թե ինչպես են զինվորները վերաբերվում միմյանց։ Պրոֆեսիոնալ բանակում բացարձակապես տեղ չկա ճնշումների, սպառնալիքների կամ ֆիզիկական բռնության համար։ Կարգապահությունը պետք է հիմնված լինի պատշաճ հրամանատարության, պատրաստության եւ փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե վախի կամ նվաստացման։ Զինվորը պետք է վստահի թե՛ իր հրամանատարներին, թե՛ իր կողքին ծառայողներին։
– Մինչ հակաեկեղեցական պայքարը, հայկական բանակում կար գնդերեցների խումբ, որը ենթարկվում էր Մայր Աթոռին, հիմա վերակազմավորվել է այդ ծառայությունը` այլեւս Եկեղեցուն չի ենթարկվում: Անդրադառնանք հավատքի եւ հոգեւորականի ֆակտորին, որքանո՞վ է դա կարեւոր բանակում։
– Կարծում եմ՝ հավատքը կարող է կարեւոր դեր խաղալ շատ զինվորների կյանքում, հատկապես՝ երբ նրանք դժվարին շրջան են ապրում։ Զինվորներին նախեւառաջ պետք է դիտարկել որպես մարդկանց, որոնք ունեն խնդիրներ, ընտանիքներ, վախեր, այնպիսի հարցեր, որոնց մասին երբեմն չեն կարողանում խոսել հրամանատարների կամ ծառայակիցների հետ։ Շատերի համար հավատքը դառնում է ուժի, հույսի եւ նպատակի աղբյուր։ Հայ առաքելական եկեղեցին հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի պատմության եւ ազգային ինքնության մեջ։ Շատ հայ զինվորների համար հոգեւորականի ներկայությունը նշանակում է կողքին ունենալ մեկին, որին նրանք ճանաչում են, վստահում են, որը կլսի նրանց՝ առանց դատելու, եւ կհասկանա նրանց համոզմունքները։ Սա պետք չէ թերագնահատել։ Հունաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում հոգեւորականները ծառայում են զինվորականների կողքին՝ նրանց հոգեւոր եւ բարոյական աջակցություն ցուցաբերելով։ Նրանք կարող են օգնել անձնական կամ ընտանեկան խնդիրների, տխրության, ինչպես նաեւ զինծառայության հետ կապված ճնշումների հաղթահարման հարցում։ Որոշ զինվորներ կարող են անհարմար զգալ՝ խոսելով ռազմական հոգեբանի հետ կամ հրամանատարական շղթայի միջոցով բարձրաձայնելով իրենց անձնական խնդիրների մասին։ Սակայն հնարավոր է իրենց ավելի վստահ զգան՝ դիմելով հոգեւորականին, որին ճանաչում եւ վստահում են։ Ինչ վերաբերում է Հայաստանում զինվորական հոգեւորականության համակարգում տեղի ունեցող ներկայիս փոփոխություններին, ապա հասկանում եմ, որ կառավարության եւ Եկեղեցու միջեւ որոշակի հակասություններ կան։ Այնուամենայնիվ, կարեւոր է այս հարցին նայել զինվորի տեսանկյունից։ Առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք զինվորները հնարավորություն ունեն ստանալու իրենց անհրաժեշտ աջակցությունը։ Եթե այդ փոփոխությունների արդյունքում նրանք այլեւս չունենան մեկին, որին կարող են վստահել եւ որի հետ կարող են խոսել, ապա դա խնդիր է, որը պետք է ուսումնասիրվի։ Ինչ վերաբերում է մահացության դեպքերի աճին, ապա ես զգուշավոր կլինեի՝ դա կապելու նախկին հոգեւորականության համակարգի վերացման հետ։ Առանց հստակ ապացույցների՝ չենք կարող պնդել, որ պատճառահետեւանքային կապ կա։ Զորամասերում ինքնասպանություններն ու բռնության դեպքերը բարդ խնդիրներ են, որոնց վրա կարող են ազդել տարբեր գործոններ։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ զինվորներին տրամադրվող ցանկացած աջակցության վերացումը կամ կրճատումը պետք է շատ լուրջ դիտարկվի։ Բանակն արդեն իսկ խնդիրներ ունի զինվորների հոգեկան առողջության եւ ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող մահացության դեպքերի հետ կապված։ Միեւնույն ժամանակ, հոգեւոր աջակցությունը երբեք չպետք է փոխարինի մասնագիտական հոգեբանական կամ բժշկական օգնությանը։ Երկուսն էլ կարեւոր են եւ պետք է գործեն համատեղ։ Պետք է նաեւ հաշվի առնել, որ ոչ բոլոր զինվորներն ունեն նույն համոզմունքները։ Զինվորներին երբեք չպետք է պարտադրել հոգեւոր աջակցություն, եւ յուրաքանչյուր ոք պետք է հնարավորություն ունենա ստանալու իրեն համապատասխանող աջակցությունը։ Պրոֆեսիոնալ բանակը պետք է հոգ տանի իր զինվորների մտավոր եւ հուզական բարեկեցության մասին։ Հայաստանին անհրաժեշտ են պրոֆեսիոնալ, կարգապահ զինվորներ՝ երկիրը պաշտպանելու համար։ Ինչ փոփոխություններ էլ կատարվեն, սա չպետք է մոռացության մատնվի։ Ի վերջո, խոսքը Հայաստանին ծառայող երիտասարդ տղամարդկանց եւ կանանց բարեկեցության մասին է։ Նրանց անվտանգությունն ու արժանապատվությունը միշտ պետք է առաջնային լինեն՝ անկախ քաղաքական եւ կրոնական կառույցների միջեւ առկա հնարավոր տարաձայնություններից։